Մատչելիության հղումներ

Բրյուսելում գումարվում է ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարների ժողովը


ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին և ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի դեսպան Դագլաս Լյութը, Բրյուսել, 2-ը դեկտեմբերի, 2015թ.
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին և ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի դեսպան Դագլաս Լյութը, Բրյուսել, 2-ը դեկտեմբերի, 2015թ.

Այսօր ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները հավաքվում են Բրյուսելում:

Դաշինքի բոլոր անդամներին այս պահին հետաքրքրում է Ամերիկայի Միացյալ Նահանգների հաջորդ վարչակազմի դիրքորոշումը:

Նախքան ընտրվելը, Դոնալդ Թրամփը մի քանի անգամ նկատելի դժգոհությամբ է խոսել ՆԱՏՕ-ի, հատկապես` եվրոպական անդամների մասին, ասելով, թե որոշ երկրներ անհրաժեշտ գումարներ չեն տրամադրում պաշտպանությանը, բայցև չեն հրաժարվում Հյուսիսատլանտյան դաշինքի պաշտպանության տակ լինելու արտոնությունից:

Թրամփի այդ դժգոհությանն անցած ուրբաթ օրն արձագանքել է Միացյալ Նահանգների, թերևս, ամենահավատարիմ դաշնակիցը՝ Մեծ Բրիտանիան:

Արտգործնախարար Բորիս Ջոնսոնը Chatham House-ում՝ Միջազգային գործերի արքայական ինստիտուտում տեղի ունեցած խորհրդաժողովում նշել է, թե Թրամփն իրավացի է՝ ասելով, որ արդար չէ, երբ Ամերիկան իր վրա է վերցրել ՆԱՏՕ-ի ծախսերի 70 տոկոսը, իսկ դաշինքի մնացած 27 երկրները դժվարությամբ միջոցներ են հայթայթում 30 տոկոսի համար:

Ջոնսոնի խոսքով՝ մոտ մեկուկես ամիս անց տեղի կունենա ԱՄՆ-ի 45-րդ նախագահի երդման հանդիսավոր արարողությունը, և Թրամփը կդառնա մոլորակի ամենահզոր բանակի գլխավոր հրամանատարը: Արդյո՞ք նրա մոտեցումները կփոխվեն:

ՆԱՏՕ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Դագլաս Լյութը բրյուսելյան հավաքի նախօրեին ասել է, որ այս պահին հնարավոր չէ կանխատեսել ամերիկյան նոր թիմի քաղաքականությունը:

«Այնուամենայնիվ կարելի է կանխատեսել, որ երկխոսության պատրաստ լինելու ՆԱՏՕ-ի քաղաքականությունը կպահպանվի, դա հավասարակշռված և պատասխանատու մոտեցում է, որն ապագայում էլ կծառայի ՆԱՏՕ-ին, ենթադրում եմ, որ Վաշինգտոնը կաջակցի այդ մոտեցմանը», - ասել է դեսպանը:

Իսկ ի՞նչ քաղաքականություն է դաշինքը վարելու Ռուսաստանի հարցում․ ըստ դեսպանի, սա էլ այսօրվա դրությամբ անորոշ է, քանի որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ամերիկայի ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփը նկատել են տվել, որ անհրաժեշտ է բարելավել հարաբերությունները:

«Մենք պատրաստ ենք գումարել ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի նիստը, երբ համաձայնեցվի օրակարգը և ժամկետը: Ես լավատես եմ, կարծում եմ՝ առաջիկա շաբաթներին կլինի այդպիսի նիստ», - ասել է դեսպան Լյութը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG