Մատչելիության հղումներ

Սարի թաղի գործով կալավորված երիտասարդը հացադուլ է հայտարարել


Հացադուլ հայտարարած ակտիվիստ Հովհաննես Ղազարյանի մայրը՝ Անահիտ Պետրոսյանը:

Սարի թաղում զանգվածային անկարգությունների մեջ մեղադրվող Հովհաննես Ղազարյանն արդեն 7 օր հացադուլի մեջ է՝ պահանջելով կարճել իր դեմ հարուցված քրեական գործն ու ազատ արձակել իրեն:

Շուրջ հինգ ամիս ճաղերի հետևում գտնվող որդուն մայրը՝ Անահիտ Պետրոսյանը, առաջին անգամ կարողացել է տեսակցել միայն օրեր առաջ, երբ Հովհաննես արդեն բողոքի այս ծայրահեղ քայլին էր դիմել:

«Ահավոր վիճակում էր երեխան․ և՛ հոգեկան աշխարհը, և՛ ֆիզիկապես: Անարդարությունից ինքը շատ-շատ նեցացած է: Ինձ թվում է, հուսալքության հետևանք է հացադուլը», - ասաց նա:

Մոր խոսքով, որդին առողջական խնդիրներ ունի՝ ստամոքսի խոց, տեսողությունն է թույլ, և հացադուլն ուղղակի ժամ առ ժամ է ազդում նրա ինքնազգացողության վրա:

Ծնողները բացառում են իրավապահների առաջ քաշած սցենարը, թե Հովհաննեսը Սարի թաղում քարեր է նետել ոստիկանների ուղղությամբ․ - «Այս հացադուլն էլ իր ընկերների համար է: Արդեն էլ չեն դիմանում երևի: Նրանք ազնիվ, արդար երեխեք են: Ինձ թվում է, էս երեխեքը իրենց խանգարում են, դրա համար պահում են: Որովհետև ոչ մի հիմք չունեն, ոչ մի պատճառ: Ոչ մի վատ բան չեն արել էս երեխեքը: Ընդամենը արդարություն են պահանջում էս իշխանավորներից»:

Ընդդիմադիր ակտիվիստի փաստաբանը հացադուլի հենց առաջին օրը միջնորդել է գլխավոր դատախազին կարճել քրեական գործը, որի հիմքում, ըստ Անի Չատինյանի, միայն երկու ոստիկանների ցուցմունքներ են:

Առայժմ հայտնի չէ, թե կան արդյոք տուժած ոստիկաններ: Հովհաննեսի դեմ ցուցմունք տված իրավապահները չեն ասել, որ ակտիվիստի նետած քարերը հենց իրենց են դիպել: Բայց փաստաբանը հիշեցրեց՝ Սարի թաղի գործով այլ դատական նիստերին որպես տուժող ներկայանում են նույն ոստիկանները:

Անցած հինգ ամիսներին դատարանը մերժել է գրավի դիմաց ազատ արձակել Հովհաննես Ղազարյանին՝ պարբերաբար երկարացնելով կալանքի ժամկետը:

«Հիմնադիր խորհրդարան»-ի մեկ այլ աջակից՝ Վահրամ Պետրոսյանը հիշեցնում է, որ ազատազրկված ընկերը նույն երիտասարդն է, որ Ամանորի գիշերը տոնածառի հանդերձանքով Ազատության հրապարակ էր եկել․ - «Եվ ոստիկանական ջոկատի կողմից ենթարկվեց հարձակման: Արդեն հուլիսի իրադարձությունների ժամանակ, երբ Հովհաննեսին ուղղակի առևանգեցին Խորենացի փողոցից, ոստիկանները սկսեցին ծեծել՝ ասելով՝ տոնածառ ջան, արի ստեղ»:

Հովհաննեսի մայրը պնդում է, որ որդուն նաև ոստիկանական բաժանմունքում էին ծեծել, իսկ Սարի թաղի դեպքերից հետո թիրախավորել էին, օրեր շարունակ սպասել տան մոտ՝ մինչև Հովհաննեսը դուրս կգար․ - «Երրորդ օրը ինքը դուրս եկավ, և բռնեցին երեխային: Ահավոր էին ծեծել, խոշտանգել էին»:

25-ամյա ակտիվիստը բողոքի ծայրահեղ ակցիան՝ հացադուլը հայտարարել է անժամկետ: Հովհաննես Ղազարյանին 3-8 տարվա ազատազրկում է սպառնում:

«Իրեն արդեն ազատազրկել են, պատժում են՝ առանց որևէ հիմնավորման՝ ճնշում բանեցնելու նրանց վրա, ովքեր դրսում են», - ասաց Վահրամ Պետրոսյանը:

XS
SM
MD
LG