Մատչելիության հղումներ

Բայց նրա խոսքում կա նաև մտահոգություն:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հերթական անգամ գովեստով է խոսել Դոնալդ Թրամփի մասին, ասելով, թե Միացյալ Նահանգների ընտրյալ նախագահը հաջողակ ձեռնարկատեր է և գործարար, հետևաբար, խելացի մարդ է, և եթե խելացի է, բավական արագ և ամբողջությամբ գիտակցելու է իր պատասխանատվության նոր՝ ավելի բարձր մակարդակը:

«Մենք ելնում ենք այն բանից, որ նա գործելու է հենց այդպիսի դիրքերից»,- ասել է Պուտինը НТВ հեռուստակայանին կիրակի օրը տված հարցազրույցում:

Ռուսաստանի նախագահն ասել է նաև, թե իրավիճակն աշխարհում փոխվում է, այլևս գաղտնիք չէ, որ հավասարակշռությունն աստիճանաբար վերականգնվում է, և Ռուսաստանի հետ հարաբերությունների հիմքում միջազգային իրավունքի կանոններն են դրվում:

«Դա անխուսափելի է: Միաբևեռ աշխարհ ստեղծելու փորձերը տապալվել են, մենք ապրում ենք այլ չափումների մեջ: Ռուսաստանի մշտական դիրքորոշումն է՝ պաշտպանելով ազգային շահերը, հարգանքով վերաբերվել ուրիշների շահերին: Այդպես էլ կառուցելու ենք մեր հարաբերությունները գործընկերների հետ», - ասել է Պուտինը:

Կրեմլը նոյեմբերին հաղորդել է, որ ամերիկյան նախագահական ընտրություններից հետո կայացած առաջին հեռախոսազրույցում Թրամփը և Պուտինն ընդգծել են ռուս-ամերիկյան հարաբերությունները բնականոն հուն վերադարձնելու և բարելավելու անհրաժեշտությունը:

Դեկտեմբերի 1-ին Պուտինը նորից ասել է, որ պատրաստ է համագործակցել Թրամփի հետ՝ այն բանից հետո, երբ ընտրյալ նախագահը 2017-ի հունվարին կստանձնի պաշտոնը:

Թրամփն, իր հերթին, ասել է, որ ցանկանում է ամուր և կայուն հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ:

Մինչդեռ, Washington Post պարբերականը նկատել է, որ Դոնալդ Թրամփի մասին Վլադիմիր Պուտինի վերջին մեկնաբանությունը չի կարելի միանշանակ «գովասանք» որակել:

Ռուսաստանի ղեկավարի խոսքում կար ենթատեքստով արտահայտված վերապահություն: Դա, թերևս, վկայում է Կրեմլում Պուտինի մերձավորների շրջանում առկա այն մտահոգության մասին, որ Թրամփն անկանխատեսելի քաղաքական գործիչ է և բնավ պարզ չէ, թե իրականում ինչ քայլերի կդիմի:

Ուշագրավ է նաև, որ Պետական դումայի և Դաշնության խորհրդի համատեղ նիստում հանդես գալով ամենամյա ուղերձով, Պուտինը հավաստիացրել է, որ Ռուսաստանը չի միջամտում այլ երկրների ընտրություններին: Ակնարկը հասցեագրված էր նախևառաջ Միացյալ Նահանգներին, որտեղ դեմոկրատական ճամբարը ամիսներ շարունակ ահազանգել է, որ Ռուսաստանի աջակցությունը վայելող հաքերները հարձակվում են կուսակցության կայքերի վրա և փորձում են վարկաբեկել Հիլարի Քլինթոնին:

Հերքելով միջամտության մասին լուրերը՝ Պուտինն ուղերձում չի նշել Թրամփի անունը: Նա այդ բանից խուսափել է նաև, երբ ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է հավասարության պայմանով աշխատել Ամերիկայի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG