Մատչելիության հղումներ

Մատտեո Ռենցին հրաժարական է ներկայացնում այն բանից հետո, երբ երկրի մեծամասնությունը երեկ մերժեց նրա առաջարկած սահմանադրական բարեփոխումները:

«Ընդունում եմ իմ պարտությունը», - քվեարկության ավարտից մի քանի ժամ անց արդեն հայտարարեց Ռենցին:

Առավոտյան պաշտոնապես հաստատվեց, որ իտալացիների 59 տոկոսը դեմ է քվեարկել նրա առաջարկներին:

«Ես պարտվեցի և հայտարարում եմ այդ մասին բարձրաձայն, հստակ, թեև կոկորդս խեղդվում է, քանի որ մենք ռոբոտներ չենք: Ես չկարողացա հաղթել՝ չնայած արեցի հնարավոր ամեն բան: «Ոչ»-ի հաղթանակը շատ համոզիչ է: Շնորհավորում եմ հակառակորդ ճամբարի առաջնորդներին, և հուսով եմ, որ նրանք կաշխատեն ի շահ մեր երկրի, ի շահ իտալացիների», - ասել է նա:

Գործող համակարգով՝ 1948 թվականին ընդունված Սահմանադրությամբ, Իտալիայի խորհրդարանի երկու թևերը՝ Սենատն ու Պատգամավորների պալատն օժտված են հավասար լիազորություններով․ երկուսն էլ ընտրվում են ուղիղ քվեարկությամբ և երկուսն էլ պետք է իրենց համաձայնությունը տան որևէ օրենք անցկացնելու համար: Սա որոշ դեպքերում իսկական գլխացավանք է դառնում կառավարության համար՝ խլելով ահռելի ժամանակ: Վերջերս, օրինակ, օրենքներից մեկի ընդունման համար 1300 օր պահանջվեց:

Համակարգն առավել արդյունավետ դարձնելու համար Ռենցին առաջարկում էր էականորեն նվազեցնել Սենատի լիազորությունները՝ զրկելով, ի թիվս այլնի, կառավարությանը անվստահություն հայտնելու իրավունքից, նվացնել սենատորների թիվը՝ 312-ից հասցնելով 100-ի, սենատորների ընտրությունը վստահել ավագանիներին:

Եթե այս փոփոխությունները հավանության արժանանային, իտալական օրենքների մեծ մասը կարող էր ընդունվել Պատգամավորների պալատում, մինչդեռ Սենատը ձայնի իրավունք կունենար միայն առանցքային, ասենք, Սահմանադրության փոփոխություններին կամ Եվրամիության համաձայնագրերին վերաբերող հարցերում:

Ռենցին պնդում էր, թե նոր համակարգը առավել դյուրին կդարձներ կառավարումն ու ճանապարհ կհարթեր տնտեսական բարեփոխումների համար: Նրա ընդդիմախոսները, մինչդեռ, հայտարարում էին, թե այդպիսով իշխանությունը կենտրոնանում է վարչապետի ձեռքում, խախտվում է ուժերի հավասարակշռության սկզբունքը:

Փորձագետների գնահատականով, սակայն, տնտեսության տևական լճացումից ու փախստականների ներհոսքից դժգոհ իտալացիների համար առավել կարևոր էր այս հանրաքվեով կառավարությանը անվստահություն հայտնելու հնարավորությունը: «Ոչ»-ի ճամբարը գլխավորում էին ներգաղթյալների հարցում կոշտ դիրքորոշմամբ հայտնի Հյուսիսային լիգան ու նախկին կատակերգու Բեպպե Գրիլլոյի «Հինգ աստղ» շարժումը, որը կոչ է անում դուրս գալ եվրոյի գոտուց:

Երեկվա հաղթանակից հետո շարժման առաջնորդներն արդեն հայտարարել են, որ սկսում են աշխատել համաժողովրդական ընտրություններում հաղթելու, և Բրյուսելի հետ Իտալիայի հարաբերությունները վերանայելու ուղղությամբ, ինչը կարող է հանգեցնել նոր ապահարզանի եվրոպական ընտանիքում՝ թուլացնելով եվրոյի դիրքերը:

Միասնական արժույթն այսօր առավոտյան արդեն անկում է արձանագրել դոլարի նկատմամբ՝ հասնելով ամենացածր ցուցանիշին վերջին մեկուկես տարվա մեջ: Մինչ ֆինանսիստները կորուստներն են հաշվում, եվրասկեպտիկները՝ Ֆրանսիայից մինչև Նիդեռլանդներ, շտապում են ողջունել: «Իտալացիները երես թեքեցին Ռենցիից ու Եվրամիությունից: Մենք պետք է ականջալուր լինենք ու պաշտպանենք ժողովուրդների անկախության այդ ձգտումը», - Թվիթերում գրել է Ֆրանսիայի Ազգային ճակատի առաջնորդ Մարին լը Պենը:

Փորձագետները փաստում են, որ Ռենցիի հրաժարականով Եվրամիության երրորդ ամենամեծ տնտեսությունն ունեցող երկիրը քաղաքական անկայունության նոր փուլ է մտնում: Հաջորդ որոշումն այժմ երկրի նախագահը պետք է կայացնի: Ըստ Սահմանադրության, նա կարող է կա՛մ արտահերթ ընտրություններ նշանակել, կա՛մ ժամանակավոր կառավարություն ձևավորել, որը կաշխատի մինչև 2018 թվականի փետրվարին կանայալիք խորհրդարանական ընտրությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG