Մատչելիության հղումներ

Ամերիկյան Stratfor հետազոտական կենտրոնի հրապարակած զեկույցում նշվում է, որ վերջին զարգացումները Միացյալ Նահանգներում և Եվրոպայում՝ մասնավորապես, Դոլանդ Թրամփի հաղթանակը և Brexit-ը, թույլ են տալիս Ռուսաստանին վերադարձնել կորցրած դիրքերը հետխորհրդային տարածքում՝ ներառյալ Հարավային Կովկասը:

«Հայաստանն արդեն ցուցադրել է Մոսկվային իր անսասան հավատարմությունը», - նշված է զեկույցում: Թեև, ըստ Stratfor-ի վերլուծաբանների, այդ հավատարմությունը «լուրջ փորձության միջով անցավ ապրիլյան պատերազմի ժամանակ»: Իսկ պատերազմը, ըստ զեկույցի հեղինակների, հնարավոր դարձավ այն պատճառով, որ Ռուսաստանը «զբաղված է ուկրաինական և սիրիական ճգնաժամներով»:

Զեկույցում միաժամանակ նշվում է, որ վերջին տարիներին Մոսկվան ու Բաքուն ակտիվ համագործակցություն են ծավալել ռազմատեխնիկական ոլորտում․ - «Օրինակ, Ադրբեջանը միլիոնավոր դոլարների սպառազինություն է գնել Ռուսաստանից, ինչն ավելի է ամրացնում գործակցությունն այդ երկու երկրների միջև»։

«Եթե սեփական խնդիրների պատճառով Արևմուտքի ազդեցությունը թուլանա, Ռուսաստանը կվերականգնի իր դիրքերը թե՛ Ադրբեջանում, թե՛ Հայաստանում և թե՛ Վրաստանում։ Նույնիսկ այն երկրները, որ ավելի չեզոք արտաքին քաղաքականություն էին վարում, այսօր խորացնում են իրենց հարաբերությունները Ռուսաստանի հետ, մասնավորապես՝ Ադրբեջանն ու Ուզբեկստանը», - նկատում են ամերիկացի վերլուծաբանները ։

Ավելին, Թրամփի հաղթանակը Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններում հնարավոր դարձրեց ռուս-ամերիկյան հարաբերությունների կարգավորումը, ինչը, որոշ փորձագետների կարծիքով, կարող է նույնիսկ այնպիսի իրավիճակ ստեղծել, որ կհանվեն Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցները․ - «Եթե Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև կարգավորվեն հարաբերությունները, Մոսկվան հավելյալ ժամանակ կունենա հետխորհրդային տարածքի երկրներում իր ազդեցություն ուժեղացնելու համար»։

«Գործընթացն արդեն սկսված է», - նշված է զեկույցում, որտեղ բերվում է Մոլդովայում կայացած նախագահական ընտրությունների օրինակը։ Մոլդովայում նոյեմբերին կայացած նախագահական ընտրություններին հաղթել է ռուսամետ թեկնածու Իգոր Դոդինը։ Նա արդեն հայտարարել է, որ խորացնելու է քաղաքական և տնտեսական հարաբերությունները Ռուսաստանի հետ։

Փոխվել է նաև Վրաստանի քաղաքական էլիտայի վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ․ կոշտ հռետորաբանությանը փոխարինելու է եկել ավելի մեղմ դիրքորոշումը։

Stratfor-ի վերլուծաբանները նաև նշում են․ - «Հնարավոր չէ ասել, թե ինչքան կտևի Բրյուսելի և Վաշինգտոնի աջակցությունը Ուկրաինային»։

Զեկույցի հեղինակները եզրափակում են, որ, չնայած բարենպաստ պայմաններին, Ռուսաստանին դժվար թե հաջողվի վերականգնել նույն ազդեցությունը նախկին խորհրդային հանրապետություններում, ինչպիսին ուներ մինչև 2010 թվականը։

XS
SM
MD
LG