Մատչելիության հղումներ

«Արդարություն Հայաստանում» նախաձեռնությունը դիտորդական առաքելություն կիրականացնի 2017-ի ընտրությունների ժամանակ


Ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը, կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը, նրա կինը՝ դերասանուհի Արսինե Խանջյանը և աշխարհահռչակ այլ սփյուռքահայեր ապրիլին խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար կժամանեն Հայաստան:

«Արդարություն Հայաստանում» նախաձեռնության նպատակը, ինչպես այսօր հրավիրված ասուլիսին տեսակապով հայտնեց Սերժ Թանկյանը, մեկն է՝ հաստատել Հայաստանում ժողովրդավարական ու թափանցիկ ընտրություններ:

«Միշտ ասում են՝ ո՞վ պիտի լինի մեր նոր նախագահը, ո՞վ․․․ Այս մտածողությունը սխալ է: Մենք ենք մեր ղեկավարները, մենք ենք մեր որոշում ընդունողները: Ժողովուրդի կամքը պետք է հետևվի․․․ Ո՛չ ղեկավարի մը սպասվի, ո՛չ Սերժ Թանկյանին սպասվի, որ համերգ տա Հայաստանում, որ մարդիկ ոգևորվեն: Այլ միասին ինքնաոգևորվենք», - հավելեց Թանգյանը

Տեսակապով ասուլիսին միացած ամերիկահայ ռեժիսոր Էրիկ Նազարյանը հավելեց, որ այս նախաձեռնությամբ փորձում են ապահովել սփյուռքահայերի քաղաքական ներկայությունը Հայաստանում․ - «Մենք երկրորդական քաղաքացի չենք, մենք հայ ենք: Երբ որ մենք կարող ենք պարզ ինտերնետով նայենք՝ 50-ն անց ոստիկանը 65-ն անց տատիկին՝ շաքարախտով, վզից բռնած, ոնց որ ոչխար մտցներ միլիցիայի ավտոմեքենայի մեջ, և ամբողջությամբ մարդկային իրավունքները ոչնչացած է: Ես չեմ հասկանում որ օրն ենք մենք հասել, որ մենք մեր ժողովրդին այսպիսի այլանդակությամբ պետք է իրադարձնենք: Չե կարող ես ներել այդ կադրերը, որ ես տեսա այս տարի»:

«Արդարություն Հայստանում» նախաձեռնությանը միացած կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանի, խոսքով, 2017 թվականի ապրիլին ընտրողներին փորձելու են համոզել տեր կանգնել իրենց քվեին․ - «Խնդիրն այն է, որ մենք պետք է կարողանանք կրթել Հայաստանի քաղաքացիներին, որպեսզի ճիշտ քվեարկեն: Բայց նախ քաղաքացիներն իրենք պետք է ցանկություն ունենան կրթվելու և իմանալու, թե ինչպես տեր կանգնեն իրենց ձայնին»:

Ատոմ Էգոյանի կինը՝ «Արդարություն Հայաստանում» նախաձեռնության անդամ, դերասանուհի Արսինե Խանջյանն այսօր Երեւանում էր: Նա ասուլիսի ընթացքում նշեց, թե պատկերը Հայաստանում տարեցտարի ավելի մտահոգիչ է դառնում․ - «Հավանաբար, հենց այս նույն վերագնահատման արդյունքում տեղի ունեցան նաև այս ամառվա իրադարձությունները, և քաղաքացիների զայրույթը հանգեցրեց զինված գործողությունների մեր երկրում: Կարծում եմ, դա անկհայտ ահազանգ էր, որ իրադրությունը դուրս է եկել թույլատրելիի սահմաններից, և երկրում անհապաղ փոփոխությունների ձեռնարկման կարիք կա»:

Խանջյանի խոսքով՝ երկրի ճակատագրով մտահոգված «Արդարություն Հայաստանում» նախաձեռնությունը դեռևս սեպտեմբերի 21-ին անհապաղ փոփոխություններ իրականացնելու պահանջով դիմել էր կառավարությանը։

Սփյուռքահայ գործիչները, սակայն, բարեփոխումներ իրականացնելու պայմաններ դեռ չեն տեսնում։

«Մենք թե՛ այնտեղից, թե՛ Հայաստան այցելելով տեսնում ենք, թե ինչպես է քաղաքացիների արդար պահանջը այս կամ այն հարցով խեղդվում, լռեցվում, ինչպիսի ուժ է կիրառվում քաղաքացու դեմ, ինչպես են մոնոպոլիաները խեղդում տնտեսական մրցակցությունը, ինչը ի վերջո զրկել է պետությանը ինքնուրույն կայացման ազատությունից», - հայտարարեց Արսինե Խանջյանը:

Սփյուռքահայ արվեստագետների հետ դիտորդական խմբում խորհրդարանական ընտրությունները կվերահսկի նաև դերասան, Երևանի ավագանում Հանրապետական կուսակցության խմբակցության անդամ Հրանտ Թոխատյանը:

«Ազատության» հարցին, թե արդյոք այս քայլով ընդունում է, որ ընտրությունները կեղծված են, Թոխատյանը պատասխանեց․ - «Հիմա որ ասեմ ես բռնել եմ կեղծողին ձեռքից, սուտ կլինի: Բայց էստեղ կա երկու տարբերակ․ կա՛մ մեր մեջից, ես նկատի ունեմ Հայաստանի Հանրապետության բնակչությանը, 70-80 տոկոսը ստում են, որ ասում են կեղծված ա, կա՛մ իսկապես կեղծված ա: Երկու տարբերակ կա, ընտրությունը մերն ա: Մեծամասնությունը գտնում ա, որ կեղծված ա: Անգամ ասում են նրանք, ովքեր իերնց ձայնը վաճառել են»:

XS
SM
MD
LG