Մատչելիության հղումներ

Խորհրդարանը մերժեց քննարկել Փաստանջյանի հայտարարությունը «ժողովրդի ապստամբելու իրավունքի մասին»


«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի երկու նախագծերը, որ բացասական եզրակացություն էին ստացել պետաիրավական հանձնաժողովում, խորհրդարանը մերժեց քննարկել նաև լիագումար նիստում:

Նախագծերից մեկը լյուստրացիային էր վերաբերում, մյուսը՝ Ազգային ժողովի հայտարարությունն էր՝ Ժողովրդի ապստամբելու իրավունքի մասին, որով Ազգային ժողովը պետք է իր համերաշխությունը հայտներ հուլիսին պարեկապահակային գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի առաջադրած պահանջներին, դատապարտեր նրանց նկատմամբ բռնաճնշումներն ու պահանջ ներկայացներ ազատ արձակել բանտից։ Զարուհի Փոստանջյանը քվեարկությունից առաջ կոչ արեց կողմ քվեարկել: - «Մենք ունենք խնդիր՝ լսելու, թե ինչո՞ւ ապստամբեցին: Մեր ժողովրդի մի մասը վերցրեց զենքը և պաշարեց ոստիկանությունը, և դրանից մենք պետք է նաև դասեր քաղենք», - նշեց պատգամավորը:

Թեև 27 պատգամավոր հետևեց Փոստանջյանի կոչին և կողմ քվեարկեց, այդ թվում և իշխանության մաս կազմող Դաշնակցություն խմբակցությունը, ԲՀԿ խմբակցության մեծ մասը, պատգամավորներ ՀԱԿ և «Ժառանգություն» խմբակցություններից, այնուամենայնիվ, հիմնականում Հանրապետականների ջանքերով, նախագիծը չանցավ՝ 69 պատգամավոր դեմ էր, ընդ որում՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շփոթեց կոճակն ու սկզբում կողմ քվեարկեց, այնուհետև ուղղեց քվեարկությունը:

Մինչև օրակարգին անդրադառնալը պատգամավորները հանրությանը հուզող մի քանի թեմաներ բարձրացրին: Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասաց՝ օրերս Արմավիրում էր, կոչ արեց խորհրդարանի նախագահին էլ գնալ գյուղեր և անձամբ համոզվել, թե ինչ վիճակ է տիրում այնտեղ․ գյուղացիները չեն կարողանում փակել վերցրած վարկերը, տունուտեղը գրավ են դրել:

«Վիճակը աղետալի է, սարսափելի: Գյուղացիները զանգվածաբար թաղվել են վարկային, պարտքային փոսի մեջ: Ու սա մի քանի անբարեխիղճ մարդկանց հարց չէ: Բոլորը՝ համարյա բոլորը, այդ վիճակում են», - հայտարարեց Զուրաբյանը:

Գալուստ Սահակյանն արձագանքեց․ - «Դուք ընդամենը ուզում էիք ժողովուրդը լսեր Ձեր այցերի մասին»:

Նիկոլ Փաշինյանի անդրադարձը ևս ֆերմերների մասին էր․ կոչ արեց հետևել «Աշտարակ կաթ» ընկերության ճակատագրին: - «Հարկ է, որ կառավարությունը հաշվի առնի, որ այդ մարդիկ, որ հինգ ամիս աշխատավարձ չեն ստացել, ունեն վարկային պարտավորություններ և ի վերջո՝ ընտանիք պահելու խնդիր և պետք է մաքսիմալն անել նրանց իրավունքները լիարժեք պաշտպանելու համար», - նշեց պատգամավորը:

ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը կոչ արեց վերջապես քննարկել եզդիների նկատմամբ ցեղասպանական գործողությունների մասին հայտարարության նախագիծը․ - «Մենք շատ մեծ քննարկումների արդյունքում՝ չգիտեմ՝ տառ փոխեցինք, բառ փոխեցինք, մինչև մի դարակազմիկ համաձայնության եկանք, որ Ազգային ժողովի հայտարարություն ընդունվի Հյուսիսային Իրաքում եզդիների հանդեպ կատարվող ցեղասպանական գործողությունների վերաբերյալ, և եթե այս գումարման խորհրդարանը այդ հայտարարությունը չընդունի, ես կարծում եմ, որ մենք այստեղ բարոյական լուրջ խնդիր կունենանք»:

«Եթե դա այդքան անհրաժեշտ է, ես հանձնաժողովի նախագահի հետ կխորհրդակցեմ, այնուհետև կպատասխանեմ Ձեր հարցին», - պատասխանեց ԱԺ նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG