Մատչելիության հղումներ

«Ռուսաստանն աջակցում է հետխորհրդային տարածքի հակամարտությունների՝ քաղաքական ճանապարհով կարգավորմանը, արդեն գոյություն ունեցող բազմակողմանի մեխանիզմների շրջանակներում»,- մասնավորապես, նշված է փաստաթղթի 58-րդ կետում:

Վլադիմիր Պուտինի կողմից երեկ ստորագրված՝ Ռուսաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգում կա նաև հիշատակում ղարաբաղյան խնդրի մասին: «Ռուսաստանն աջակցում է հետխորհրդային տարածքի հակամարտությունների՝ քաղաքական ճանապարհով կարգավորմանը, արդեն գոյություն ունեցող բազմակողմանի մեխանիզմների շրջանակներում»,- գրված է փաստաթղթի 58-րդ կետում, որտեղ նաև նշվում է, որ ղարաբաղյան կարգավորումը հիմնված պետք է լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների 2009-2013 թվականներին արած համատեղ հայտարարությունների հիման վրա:

Ուշագրավ է, որ նույն՝ 58-րդ կետում ընդգծվում է՝ Ռուսաստանը ճանաչում է Մոլդովայի տարածքային ամբողջականությունը, սակայն, Մերձդնեստրին հատուկ կարգավիճակ տրամադրելու պայմանով: Մինչդեռ, ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող հատվածում հիշատակված չեն ո՛չ տարածքային ամբողջականության, ո՛չ էլ ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքները։

«Արտաքին քաղաքականությունը պետք է էլ ավելի ամրապնդի Ռուսաստանի՝ որպես ժամանակակից աշխարհի ազդեցիկ կենտրոններից մեկի դիրքերը», նաև նշված է հայեցակարգում: ՆԱՏՕ-ի վերաբերյալ Ռուսաստանի մոտեցումները չեն փոփոխվել։ Ռուսաստանը դարձյալ հայտարարում է, որ հյուսիսատլանտյան դաշինքի հետ կհամագործակցի միայն հավասարության սկզբունքի հիման վրա: Փաստաթուղթը նորից արձանագրում ՝ Ռուսաստանը դեմ է ՆԱՏՕ-ի ընդլայնմանը և Ռուսաստանի սահմանի մոտ դաշինքի ռազմական ստորաբաժանումների ակտիվությանը։

Առավել կոշտ են Միացյալ Նահանգներին վերաբերող ձևակերպումները: Մասնավորապես, նշված է, որ Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում խիստ արձագանքել ԱՄՆ-ի տնտեսական, քաղաքական և ռազմական ճնշման փորձերին։ Բացի այդ, հայեցակարգից հանվել են ԱՄՆ-ի հետ վիզային ռեժիմի դյուրացման մասին դրույթները, իսկ ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգը որակված է, որպես Ռուսաստանի ազգային անվտանգության սպառնալիք։

Հետաքրքիր է, որ ինչպես 2013-ի հայեցակարգում, երեկ ընդունված փաստաթղթում նույնպես նշված է, որ Ռուսաստանի համար հիմնական առաջնահերթությունը ԱՊՀ և Եվրամիության անդամ երկրների հետ համագործակցության զարգացումն է: ԱՊՀ երկրներին վերաբերող հատվածում առանձին կետեր կան Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի մասին:

Մեջբերում փաստաթղթից՝ «Ռուսաստանն անհրաժեշտ ջանքեր կգործադրի ներուկրաինական հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով կարգավորելու համար»։ Մինչդեռ, 2013 թվականին ընդունված հայեցակարգում ԱՊՀ անդամ երկրներից Ուկրաինան էր նշված՝ որպես առաջնային գործընկեր։

Ինչ վերաբերում է Վրաստանի հետ հարաբերություններին, ապա ըստ փաստաթղթի, պաշտոնական Մոսկվան պատրաստել է կարգավորել հարաբերություններն այդ երկրի հետ այն բնագավառներում, որտեղ հարաբերությունների կարգավորմանը պատրաստ կլինի նաև վրացական կողմը։ Հայեցակարգում նաև գրված է՝ Ռուսաստանը նպաստելու է, որպեսզի Աբխազիան և Հարավային Օսիան կայանան որպես ժամանակակից ժողովրդավարական պետություններ:

Եվրամիության անդամ երկրների շարքում փաստաթուղթն առանձնացրել է Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան և Իսպանիան՝ որպես Ռուսաստանի «կարևոր գործընկերներ»։ 2013-ի հայեցակարգում այս ցանկում նաև Մեծ Բրիտանիան էր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG