Մատչելիության հղումներ

Թրամփը պաշտպանության նախարարի պաշտոնում առաջադրում է Ջեյմս Մատիսին


Դոնալդ Թրամփ և Ջեյմս Մատիս, նոյեմբեր, 2016թ․
Դոնալդ Թրամփ և Ջեյմս Մատիս, նոյեմբեր, 2016թ․

Միացյալ Նահանգների ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտպանության նախարարի պաշտոնում առաջադրում է պաշտոնաթող գեներալ Ջեյմս Մատիսի թեկնածությունը, ով բանակում հայտնի էր «Կատաղած շուն» մականունով և Օբամայի վարչակազմի հասցեին սուր ու անխնա քննադատությամբ:

66-ամյա գեներալի ընտրության մասին Թրամփը հայտարարեց երեկ Ցինցինաթիում՝ «Շնորհակալություն, Ամերիկա» շրջայցի ժամանակ:

«Մենք պատրաստվում ենք «Կատաղած շանը»՝ Մատիսին նշանակել պաշտպանության նախարար: Այդ մասին կհայտարարենք երկուշաբթի, այնպես որ դուք էլ առայժմ չասեք որևէ մեկին: Նա հզոր է, հզո՛ր», - դիմելով աջակիցներին՝ հայտարարեց Դոնալդ Թրամփը՝ իր թեկնածուին համեմատելով Միացյալ Նահանգների առանցքային գեներալներից մեկի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հայտնի Ջորջ Փաթոնի հետ:

Թրամփի ոգևորությունը, սակայն, ոչ բոլորն են կիսում՝ հիշեցնելով Մատիսի անողոք ու կոշտ հայտարարությունները ծառայության ընթացքում. իրաքյան պատերազմներին մասնակցած, Աֆղանստանի հարավում ամերիկյան ուժերի հրամանատարությունը ստանձնած գեներալը տարիներ առաջ իր զինվորներին կարգադրել էր. - «Եղե՛ք քաղաքավարի, եղե՛ք արհեստավարժ բայց և ունեցե՛ք ծրագիր՝ հանդիպած յուրաքանչյուրին սպանելու»:

Մատիսը նաև առիթը բաց չէր թողնում Օբամայի մերձավորարևելյան քաղաքականությունը՝ հատկապես Իրանի հետ մերձեցումը քննադատելու։ «Թեհրանը միակ և ամենատևական սպառնալիքն է Մերձավոր Արևելքի կայունությանն ու խաղաղությանը», - ժամանակին ասել էր նա:

Ի դեպ, նրա թեկնածությունը հաստատելու համար Կոնգրեսը պետք է հատուկ փոփոխություն անի օրենքում։ Դաշնային օրենսդրությամբ՝ Պենտագոնի ղեկավարը նշանակումից առնվազն յոթ տարի առաջ պետք է ծառայությունից հեռացած լինի։ Ավելի քան 40 տարի բանակում ծառայած Մատիսը, մինչդեռ, զինված ուժերը թողել է 3 տարի առաջ: Մինչ օրս Կոնգրեսը միայն մեկ անգամ է գնացել նման բացառության՝ 1950 թվականին՝ գեներալ Ջորջ Մարշալի նշանակման ժամանակ: Ակնկալվում է, սակայն, որ այս խոչընդոտը Դոնալդ Թրամփը հեշտորեն կհաղթահարի՝ ունենալով հանրեպատական մեծամասնության աջակցությունը Կոնգրեսում:

«Մատիսի ընտրությունը ևս մեկ անգամ վկայում է Բարաք Օբամայի արտաքին քաղաքական ուղեգծից շեղվելու Թրամփի ցանկությունը, ով հայտարարում է ծայրահեղական իսլամիզմի դեմ պայքարելու, Ռուսաստանի հետ հարաբերությունները վերանայելու մասին», - հաղորդում է «Ռոյթերզ»-ը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG