Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահն ու ԱՄՆ-ի ընտրյալ փոխնախագահը «նոր լիցք են հաղորդելու երկկողմ հարաբերություններին»


Սերժ Սարգսյանը հեռախոսով զրուցում է ԱՄՆ-ի ընտրյալ փոխնախագահ Մայք Փենսի հետ, 1-ը դեկտեմբերի, 2016 թ․
Սերժ Սարգսյանը հեռախոսով զրուցում է ԱՄՆ-ի ընտրյալ փոխնախագահ Մայք Փենսի հետ, 1-ը դեկտեմբերի, 2016 թ․

Ամերիկայի հայկական կազմակերպությունները Թրամփի վարչակազմի օրոք ևս կենտրոնանալու է «երեք հիմնական» հարցերի ուղղությամբ՝ Հայոց ցեղասպանության փաստի ճանաչում, աջակցություն Լեռնային Ղարաբաղին և սիրիահայերի խնդիր:

Միացյալ Նահանգների նոր վարչակազմի օրոք հայ-ամերիկյան քաղաքական, տնտեսական հարաբերությունների արդի բարձր մակարդակը ոչ միայն կպահպանվի, այլև նոր լիցք կստանա: Ըստ Հայաստանի նախագահի լրատվական ծառայության, այս մասին երկուստեք ընդգծվել է նախագահ Սերժ Սարգսյանի և ԱՄՆ-ի նորընտիր փոխնախագահ Մայք Փենսի հեռախոսազրույցի ժամանակ:

Դեկտեմբերի 1-ին կայացած զրույցի ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհավորել է ԱՄՆ-ի ընտրյալ նախագահ Թրամփին և նրա թիմին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ՝ մաղթելով «հաջողություններ պատասխանատու առաքելության իրականացման գործում»: Անդրադարձ է եղել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող օրակարգային հարցերին, այդ թվում՝ տարածաշրջանային խնդիրներին և մարտահրավերներին:

Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը «սպասողական» է բնութագրում իրավիճակը: Ըստ նրա, դեռևս ժամանակ է պետք, հասկանալու համար, թե արտաքին քաղաքական ինչ դիրքորոշում է որդեգրելու Դոնալդ Թրամփի վարչակազմը միջազգային հրատապ խնդիրների նկատմամբ: «Կարծեմ, ողջ աշխարհը սպասում է․ տարբեր երկրներ, տարբեր կազմակերպություններ, տարբեր փոքրամասնություններ․․․որ տեսնեն, թե ինչպիսի հարաբերություններ պիտի ունենան Թրամփի վարչակազմի հետ: Մինչև հիմա շարունակում ենեք հանդիպումներ ունենալ նախագահ Օբամայի վարչակազմի հետ, և հենց պարոն Թամփը սկսի պաշտոնավարել որպես նախագահ, պիտի շարունակենք էդ նույն հարաբերությունները զարգացնել իր վարչակազմի հետ»,- ասաց Արփի Վարդանյանը:

Հայաստան - ԱՄՆ հարաբերություններից զատ, Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային տնօրենն առանձնացրեց երեք հարց, որոնց ուղղությամբ ԱՄՆ-ի հայկական կառույցները կենտորնացնելու են իրենց ջանքերը նաև Թրամփի վարչակազմի պաշտոնավարման օրոք: Դրանք են՝ Հայոց ցեղասպանության փաստի ճանաչում, աջակցություն Լեռնային Ղարաբաղին և սիրիահայերի խնդիր:

«Վստահ եմ, որ ինքը [Թրամփը] գիտի Հայոց ցեղասպանության մասին: Ուզում եմ շեշտել, որ իր փեսան՝ աղջկա ամուսինը, հրեա է, այդ ամեն ինչը պետք է իրեն հիշեցնի, կամ մենք պետք է նրան հիշեցնենք, որ Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության միջև նմանություները շատ են»,- ասաց Վարդանյանը:

Օրեր առաջ Թրամփի վարչակազմի պաշտոնավարման շրջանում հայ-ամերիկյան հարաբերությունների հեռանկարներին էր անդրադարձել նաև Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսը: Միացյալ Նահանգների նախագահական ընտրություների օրը նա հայտարարել էր՝ «Ով էլ ընտրվի ԱՄՆ-ի նախագահ, մենք ողջ աշխարհում հավատարիմ կմնանք մեր ընկերներին և, միանշանակ, նաև Հայաստանին»:

Հետխորհրդային մի շարք երկրների առաջնորդներ արդեն զրուցել են հենց Թրամփի հետ

Ի տարբերություն Հայաստանի նախագահի, հետխորհրդային մի քանի այլ երկրների ղեկավարներ հեռախոսազրույց են ունեցել հենց ԱՄՆ-ի ընտրյալ նախագահի՝ Դոնալդ Թրամփի հետ: Դրանց թվում են Ռուսաստանի, Ղազախստանի, Ուկրաինայի և Ադրբեջանի նախագահները: Սակայն, ըստ Հայաստանի նախագահի լրատվական ծառայության, Սարգսյան-Փենս հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ, մինչդեռ, օրինակ, Իլհամ Ալիևն ինքն էր զանգահարել Թրամփին:

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանի խոսքով, արարողակարգի առումով անսովոր է, երբ ընտրյալ փոխնախագահն է զանգահարում որևէ այլ երկրի նախագահի: «Սա, իրոք, անսովոր իրավիճակ է, բայց դիվանագիտական որևէ վիրավորանք չի պարունակում: Թե ինչու է ընտրյալ փոխնախագահը զանգահարել նախագահ Սարգսյանին, կարծում եմ պատճառը հետևյալն է՝ ընտրյալ նախագահ Թրամփը խիստ բացասական արձագանքի արժանացավ օտար պետությունների ղեկավարների հետ իր վերջին հեռախոսազրույցներից հետո, հատկապես՝ Պակիստանի վարչապետի հետ ունեցած զրույցից հետո: Ուստի, կարծում եմ, Վաշինգտոնում հավանաբար որոշում են կայացրել, որ ավելի արհեստավարժ ու փորձառու փոխնախագահը զանգահարի Հայաստանի նախագահին»,- ենթադրեց քաղաքագետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG