Մատչելիության հղումներ

logo-print

Բրյուսելում այսօր կկայանա ԵՄ-Վրաստան ասոցացման խորհրդի նիստը


Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին և Եվրամիություն նախագահ Դոնալդ Տուսկը Բրյուսելում, 1-ը դեկտեմբերի, 2016թ.

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին և Եվրամիություն նախագահ Դոնալդ Տուսկը Բրյուսելում, 1-ը դեկտեմբերի, 2016թ.

Այսօր Բրյուսելում տեղի է ունենալու Եվրամիություն-Վրաստան ասոցացման խորհրդի նիստը։

Նիստի նախաշեմին Եվրամիությունը զեկույց է հրապարակել, ուր նշված է ասոցացման օրակարգի իրականացման՝ Վրաստանի առաջընթացը։

Եվրամիության միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, նշելով, որ Վրաստանի հետ ասոցացման համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց ընդամենը հինգ ամիս է անցել և այսօրվա զեկույցը բարձր է գնահատում Վրաստանի իշխանությունների աշխատանքը, միաժամանակ ասել է, թե անհրաժեշտ է ընդունել մի շարք կարևոր օրենքներ և կատարել լրացուցիչ քայլեր։

Բրյուսել է այցելել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին։ Վերջին երկու օրերի ընթացքում նա հանդիպումներ է ունենում Եվրամիության ղեկավարների հետ։ Այցի առանցքային թեման Եվրամիության հետ վիզային ռեժիմը դյուրացնելու հարցն է։ Նոյեմբերի 30-ին Եվրախորհրդարանի նախագահի հետ կայացած հանդիպումից հետո Մարտին Շուլցն ասել էր, թե հանդիպմանն այդ հարցն ակտիվորեն քննարկվել է։

Կվիրիկաշվիլին ասել է, թե սպասում են, որ Բրյուսելը մոտ ապագայում ավարտի ներքին ընթացակարգը և իրականություն դառնան Վրաստանի բնակիչների ակնկալիքները։

Երեկ Կվիրիկաշվիլին հանդիպել է Եվրամիություն նախագահ Դոնալդ Տուսկի հետ։ Հանդիպումից հետո Տուսկը հայտարարել է, թե Վրաստանն արժանի է, որ վիզային ռեժիմի ազատականացման հարցը լուծվի ժամանակին և դրական կերպով։ Նա ասել է, որ Եվրամիության անդամ բոլոր երկրներն ընդունում են, որ Վրաստանը կատարել է բոլոր անհրաժեշտ պայմանները։

Թբիլիսիում Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին «Ռոյթերզ»-ին տված հարցազրույցում հիասթափություն է հայտնել, որ Եվրամիության հետ վիզային ռեժիմը դյուրացնելու հարցը Բրյուսելը մինչև հիմա քննարկում է, չնայած Վրաստանը կատարել է բոլոր անհրաժեշտ պայմանները։

«Եվրամիությունը, ինչպես նաև ՆԱՏՕ-ն մարտահրավերների գնահատման պահպանողական փուլ են անցնում։ Կարծում եմ՝ այդ պահպանողական փուլն ինչ-որ պահի պետք է ավարտվի և փոխարինվի ավելի ակտիվ օրակարգով», - ասել է Մարգվելաշվիլին։

XS
SM
MD
LG