Մատչելիության հղումներ

logo-print

Տնտեսագետ Հայկ Գևորգյանի խոսքով՝ մինչև Հայաստանում կոռուպցիան չնվազի, մոնոպոլիաները չվերանան, բիզնեսի և տնտեսության սերտաճումը չկանխվի, չեն կարող խոսել բավարար պայմանների մասին։

Հիշեցնենք, Հանրապետական կուսակցության համագումարում Հայաստանի նախագահ, Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն ասել էր, թե էականորեն աճել է բնակչության բարեկեցությունը։

«Ասենք՝ ունեք մեքենա, որի դիմաց կան խոչընդոտներ, հիմա այդ մեքենան պետք է անցնի այդ ճանապարհը։ Մինչև խոչընդոտները չվերացնեք, էական չէ, թե այդ մեքենայի մեջ ինչքան բենզին կա, ինչքան սիրուն է այդ մեքենան, ինչքան է փայլում, ինչքան լավ է լվացված, պետք է վերացնել խոչընդոտները՝ դա կոռուպցիայի նվազեցումն է, մոնոպոլիաների վերացումն է, բիզնեսի և տնտեսության սերտաճումը կանխելն է և այլն, և այլն։ Դրանք մինչև չվերացնենք, չենք կարող խոսել բավարար պայմանների մասին՝ ինչպես օգնենք տնտեսությանը զարգանալ», - ասաց տնտեսագետը։

Հարցին, թե նախագահի ելույթում կայի՞ն նման ազդակներ, Գևորգյանը պատասխանեց. - «Բացարձակապես, ոչ մի նման ազդակ չհնչեց։ Կար ուղղակի մեծ պաթոս, թե ինչ ենք արել ու ինչ ենք անելու, ընդամենը մի բառով, որ «բեկումնային են լինելու առաջիկա տարիները»։ Ես կարծում եմ, որ իրոք կարող է նման հեռանկար կա, որ բեկումնային դառնա, բայց շատ վատ իմաստով՝ տնտեսությունը շնչահեղձ է լինում, ու բոլորս էլ դա արձանագրում ենք»։

Համագումարի ժամանակ պետական պարտքին անդրադառնալով՝ Սերժ Սարգսյանը վստահեցրել էր, թե այն կատարել է իր հիմնական նպատակը՝ տնտեսությունը դիմագրավել է ֆինանսական անբարենպաստ վիճակին, գումարի հիմնական մասը ներդրվել է հեռանկարային ծրագրերում, օրինակ՝ «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին, անվտանգությանը:

Հարցին, թե այդ պարտքն իրո՞ք ծառայել է իր նպատակին, տնտեսագետը պատասխանեց. - «Ազգային վիճակագրական ծառայությունն իր վերջին՝ աղքատության մասին զեկույցում նշում էր, որ չնայած տնտեսական իրավիճակի վատթարացմանը, Հայաստանի ամենահարուստ մարդկանց եկամուտները ավելացել են, իսկ աղքատներինը՝ պակասել։ Եթե կոպիտ ասենք՝ որտեղի՞ց այդ փողը։ Հայաստան է մտել մոտ, 2008-2009 թվերի ճգնաժամից հետո, եթե չեմ սխալվում, 3 միլիարդ դոլար։ Հիմա այդ 3 միլիարդը մենք ո՞նց ենք ծախսել, ո՞ւր է այդ 3 միլիարդը։ Մենք ուղղակի դրել ենք բյուջե, բյուջեն քանի որ արդյունավետ չի ծախսվում, տարբեր մութ թեմաներով, ատկատներով և այլ ձևերով դրանք հայտնվել են մի խումբ մարդկանց գրպանում։ Ի՞նչ է շահել Հայաստանը՝ ընդամենն այն է եղել, որ բյուջեի դեֆիցիտ ենք ծածկել, այսինքն՝ ծախսերը շարունակել ենք ավելացնել, եկամուտներ չենք ունեցել, այդ տարբերությունը լցրել ենք այդ փողով»։

«Մի խոսքով՝ ապրել ենք մեծագույն, շատ մեծ պարտքով ենք ապրել, ինտենսիվ աճող, չափազանց ինտենսիվ աճող պարտքով ենք ապրել», - շեշտեց Հայկ Գևորգյանը:

XS
SM
MD
LG