Մատչելիության հղումներ

logo-print

Շարմազանով. ՀՀԿ նախագահի առաջին տեղակալի ամենահավանական թեկնածուն Կարեն Կարապետյանն է


ՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանով, արխիվ

ՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանով, արխիվ

Այս պահին Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախագահի առաջին տեղակալի ամենահավանական թեկնածուն վարչապետ Կարեն Կարապետյանն է, երեկ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

«Բնականաբար, մեր կուսակցության կանոնադրության համաձայն` կուսակցության փոխնախագահները, հանձնաժողովի նախագահներն ու խորհրդի անդամներն ընտրվում են խորհրդի նիստի ժամանակ, դեռևս խորհրդի նիստի օրը հայտնի չէ, մինչև դեկտեմբերի 20-ը, 25-ը մենք կհրավիրենք խորհրդի նիստ, որտեղ կընտրենք կուսակցության նախագահի տեղակալներին՝ առաջին տեղակալին, խորհրդի անդամներին։ Շատ յուրօրինակ չեմ լինի և կասեմ, որ իհարկե այդ հարցը պետք է որոշվի խորհրդի նիստի ընթացքում, խորհուրդը կորոշի, բայց այս պահին ամենահավանական թեկնածուն վարչապետ Կարեն Կարապետյանն է՝ առաջին տեղակալի։ Ովքեր կլինեն խորհրդում, ովքեր կլինեն փոխնախագահներ` դա չենք քննարկել գործադիր մարմնի նիստում, կքննարկենք և խորհուրդը կորոշի», - ասաց Շարմազանովը։

Հանրապետականը, ըստ կուսակցության խոսնակի, մնում է այն ուժը, որը Հայաստանում ձևավորում է քաղաքական օրակարգը․ - «Հանրապետական կուսակցությունը մնում է այն ուժը, որը Հայաստանի Հանրապետությունում ձևավորում է քաղաքական օրակարգը, որի արդյունքում մենք պետք է հասնենք այն դրական փոփոխություններին, որոնք սպասելի են մեր հանրային կյանքի բոլոր ոլորտներում»։

Դիտարկմանը, թե երեկ «Հանրապետություն» կուսակցության մամուլի ծառայությունը հայտարարեց, որ «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները համագործակցության վերաբերյալ հստակ պայմանավորվածություններ են ձեռք բերել և դեկտեմբերի 12-ին հանդես կգան համատեղ հայտարարությամբ, Շարմազանովն այսպես արձագանքեց. - «Տեսնո՞ւմ եք՝ ինչ հարմար պահ են գտել, երբ որ մենք նիստ ենք անում, իրենք միավորվում են։ Ընդդիմությունը, եթե այսօր-վաղը լինեն ընտրություններ, հաղթելու շանս չունի, ընդդիմությունն ամբողջապես միավորվելու շանս չունի, էսօր էլ վերահաստատում եմ, որովհետև գտնում եմ, որ Հայաստանի պառլամենտական ընտրությունների քաղաքական օրակարգի հիմնական հարցերից մեկը պետք է լինի արտաքին քաղաքականությունը, ինչպես նաև անվտանգությունը, իսկ այստեղ մեր ընդդիմադիր ուժերն ունեն տարագծորեն տարբեր կարծիքներ․ օրինակ, եթե «Ժառանգություն»-ը դեմ է Հայաստանի հարաբերությունների խորացմանը ՀԱՊԿ-ի և Եվրասիական միությանը, ապա ՀԱԿ-ը դրան կողմ է քվեարկել, և տենց կարող եմ բազում օրինակներ բերել։ Այնպես չի, որ մեր ընդդիմությունը միայն «Լուսավոր Հայաստան»-ն է, «Քաղպայմանագիր»-ն է, մեկ էլ ով ասեցի՞ք, ա՛յ, դուք էլ էիք մոռացել, մեկ էլ իրենք [«Հանրապետություն»-ը]»։

XS
SM
MD
LG