Մատչելիության հղումներ

Գիշերը հրադադարը խախտվել է շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով, հայկական կողմը կորուստներ չունի․ ԼՂ ՊՆ


ԼՂ ՊԲ զինծառայողը շփման գծում մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

ԼՂ ՊԲ զինծառայողը շփման գծում մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Դեկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը, փոխանցում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն՝ առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել առաջնագծի արևելյան հատվածում, որտեղ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից (շուրջ 1400 կրակոց) հակառակորդը կիրառել է նաև 60 և 82 մմ-ոց ականանետեր (9 արկ) և հաստոցավոր ավտոմատ նռնականետ (1 արկ): Ընդհանուր առմամբ, նշված ժամանակահատվածում ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը խախտել է մոտ 125 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 2000 կրակոց:

Հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում հայկական կողմը կորուստ չի ունեցել:

«Ինչ վերաբերում է երեկ երեկոյան ադրբեջանական որոշ լրատվամիջոցների կողմից տարածված այն լուրերին, թե իբր ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղի ունեցած «դաժան մարտերի ընթացքում» հայկական կողմը տվել է 1 զոհ և 9 վիրավոր, ոչ այլ ինչ է, քան հերթական ապատեղեկատվություն», - վստահեցնում է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը:

Պաշտպանության բանակի առաջապահ ուժերը, ինչպես երեկ` ողջ օրվա ընթացքում, այնպես էլ անցած գիշեր շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը և անհրաժեշտության դեպքում հակառակորդին տվել համարժեք պատասխան, ասված է հաղորդագրությունում:

Այս պահի դրությամբ իրավիճակը հանգիստ է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG