Առաջիկա կիրակի օրը՝ դեկտեմբերի 4-ին Իտալիայում անցկացվելիք հանրաքվեն կարող է դառնալ Եվրոպական միության նկատմամբ իտալացիների վերաբերմունքի իսկական թեստ:
Վերլուծաբանները նշում են, որ կիրակնօրյա հանրաքվեի արդյունքը կանխատեսել հնարավոր չէ, և այն ակամա դիտվում է Եվրամիությունից դուրս գալու հարցով Մեծ Բրիտանիայում ամռանն անցկացված հանրաքվեի՝ Brexit-ի, ինչպես նաև Միացյալ Նահանգներում Դոնալդ Թրամփի հաղթանակով ավարտված նախագահական ընտրությունների համատեքստում:
Իտալացիները պետք է ընդունեն կամ մերժեն Եվրամիության համոզված կողմնակից վարչապետ Մատեո Ռենցիին լրացուցիչ լիազորություններ տրամադրելու առաջարկը, ինչը, ըստ կառավարության, անհրաժեշտ է տնտեսական բարեփոխումներն արագ իրականացնելու համար:
Եվրամիության դեմ հանդես եկող կուսակցությունները քաղաքացիներին հորդորում են դեմ քվեարկել, հուսալով, որ բացասական արդյունքը Ռենցիին կստիպի հրաժարական ներկայացնել, ինչը կընձեռի եվրոյի գոտուց դուրս գալու կամ էլ ընդհանրապես Եվրամիությունից հեռանալու հնարավորություն:
Ռենցին հրապարակավ խոստացել է հանրաքվեի բացասական արդյունքի դեպքում ազատել վարչապետի պաշտոնը: Այդ պարագայում անհրաժեշտ կլինի ձևավորել ժամանակավոր կառավարություն, ինչից կփորձեն օգտվել ազգայնական կուսակցությունները, որոնք նաև նոր ուժով կպայքարեն արտահերթ ընտրություններում:
Հռոմի Լուիսի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Ջովանի Օրսինայի համոզմամբ, բացասական արդյունքը ձեռնտու է Եվրամիության դեմ պայքարող ճամբարին: Բայց վարչապետի լիազորությունների ընդարձակմանը դեմ են նաև Եվրամիության կողմնակից կուսակցությունները:
Եթե իտալացիներն ասեն «ոչ» Ռենցիի առաջարկներին, և դրանով ստեղծվի տեսանելի ապագայում Եվրամիությունը լքելու հնարավորություն, դա կունենա շարունակություն, որը չկար Մեծ Բրիտանիայի պարագայում:
«Իտալիայի դեպքում Եվրամիությունից դուրս գալը պարզապես անդամակցության դադարեցում չէ, դա կնշանակի դուրս գալ նաև եվրոյի գոտուց, փոխել տարադրամը, վերադառնալ լիրային, գրանցել հսկայական նահանջ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով», - ասել է պրոֆեսոր Օրսինան:
Օրենքն արգելում է հանրաքվեին նախորդող երեք շաբաթների ընթացքում անցկացնել հարցումներ: Վերջին հարցման համաձայն՝ բնակչության 4-5 տոկոսը դեմ է վարչապետի առաջարկներին: Սակայն վիճակը գուցեև փոխվել է:
«Հավանականությունը, որ իտալացիները միտումնավոր ցանկանան դուրս գալ Եվրամիությունից, աննշան է, սակայն միանգամայն հավանական է և օրըստօրե է՛լ ավելի հավանական է դառնում եվրոյի գոտին լքելու և միացյալ տարադրամը տապալելու հնարավորությունը», - ասել է Լոնդոնում գործող տնտեսագիտական կենտրոնի մասնագետ Սթիվ Դեյվիսը: