Մատչելիության հղումներ

Մխիթարյանը կրկին ճանաչվել է «հանդիպման լավագույն ֆուտբոլիստ»


Գոլային երկու փոխանցումներից ու տպավորիչ խաղից հետո երեկ «Մանչեթստր Յունայթեդի» երկրպագուները կրկին Հենրիխ Մխիթարյանին ճանաչեցին «հանդիպման լավագույն ֆուտբոլիստ»՝ արդեն երկրորդ անգամ վերջին մեկ շաբաթվա մեջ:

««Վեսթ Հեմի» հետ 4:1 հաշվով ավարտված խաղից հետո «կարմիրները» ստացան Անգլիական լիգայի գավաթի կիսաեզրափակիչ դուրս գալու ուղեգիր, իսկ թիմի մարզիչ Ժոզե Մոուրինյոն՝ հստակ կարգադրություն երկրպագուների կողմից՝ այլևս երբեք Մխիթարյանին չթողնել պահեստայինների նստարանին», - գրում են բրիտանացի մարզական մեկնաբանները:

«Տպավորված եմ մեր թիմի խաղով, տպավորված եմ իմ խաղով», - հանդիպումից հետո «Մանչեսթրի» պաշտոնական կայքին ասել է 27-ամյա ֆոտբոլիստը՝ հավելելով․ - «Մենք ցուցադրեցինք մեր լավագույն որակները, և պետք է նույն ոգով պատրաստվենք հաջորդ հանդիպմանը»:

Մխիթարյանի խաղից ակնհայտորեն գոհ էր նաև պահանջկոտ ժոզե Մոուրինյոն, ով մինչև օրս շարունակ պնդում է,ր թե ամռանը Դորտմունդի «Բորուսիա»-ից «Մանչեսթր» տեղախփոված կիսապաշտպանը դեռ պետք է աշխատի իր վրա՝ Պրեմիեր լիգայի չափանիշներին համապատասխանելու համար:

Երեկ, սակայն, նա չէր թաքցնում ոգևորությունը․ - «Ես այնքան ուրախ եմ։ Այսօրվա խաղը Պրեմիեր լիգայի թիմի հետ էր, Պրեմիեր լիգայի որակներ ունեցող թիմի հետ, և այս հաղթանակը Մխիթարյանի առաջընթացի վկայությունն է: «Ֆեյենորդ»-ի հետ խաղից հետո կարող էինք ասել, թե դա այլ մակարդակի ֆուտբոլ էր։ Բայց այսօր հստակ ու տիպիկ Պրեմիեր լիգայի թիմ էր, և Միկին կարողացավ այսպիսի խաղ ցույց տալ։ Մենք գիտեինք ինչու ենք գնել նրան Դորտմունդից, սպասում էինք, որ նա ընտելանա, ինչը կարծես արդեն տեղի է ունենում»:

Հեղինակավոր Էս-Փի-Էն-Սի-ի ֆուտբոլային հավելվածի մեկնաբանները, մինչդեռ, երեկվա խաղից հետո արդեն կասկածի տակ են դնում Մոուրինյոյի կոշտ ռազմավարությունը Մխիթրայանի հանդեպ: «Հարց է՝ Հենրիխին ամիսներ շարունակ պահեստայինների նստարանին թողնելու նրա որոշո՞ւմն է արդյունքներ տալիս, թե՞ իրականում «Մանչեսթրի» մարզիչը սխալ էր, երբ այն ժամանակ չէր վստահում հայ կիսապատպանին: Անշուշտ, Մոուրինյոն կպնդի, որ ինքն էր ճիշտ, և որ Մխիթարյանին պետք էր ժամանակ տալ: Սակայն փաստը մնում է փաստ, որ անցած շաբաթ «Ֆեյենորդի», երեկ «Վեսթ Հեմի» դեմ խաղում Մխիրթայանը անգերազանցելի էր», - ընդգծում է կայքը:

«Ֆուտբոլ 365»-ն առավել հեռուն է գնում՝ պնդելով, թե Մոուրինյոն Մխիթարյանի հարցում համոզիչ ու անկեղծ չէր․ - «Նրա ինքնավստահությունն ու փոխանցումների կարողությունը երեկ անթերի էին: Մխիթարյանն աջակցեց երկու գոլերի, ստեղծեց գոլային 7 հնարավորություն՝ ճանաչվելով լավագույնը հանդիպման ավարտին», - գրում է մարզական մեկնաբանը՝ ընդգծելով․ - «Ես չեմ ամաչի, եթե կամակոր երեխայի նման ոտքս շարունակ խփեմ գետնին՝ պահանջելով, որ Մխիթարյանին այսուհետ առավել հաճախ տրվի դաշտ դուրս գալու հնարավորություն Պրեմիեր լիգայում»:

«Եվրոսպորտ»-ն ամփոփում է․ - «Մխիթարյանը կրկին խաղաց արագությամբ, ոգևորությամբ, վստահ ու վառ երևակայությամբ»:

Բրիտանացի հայտնի մարզական մեկնաբան Լայամ Քանինգը երեկվա խաղից հետո Թվիթերում գրել է․ - «Ամբողջ օրը կարող եմ անցկացնել՝ նայելով, թե ինչպես է Մխիթարյանը խաղում․ միշտ հստակ գիտի՝ երբ պետք փոխանցում անել, գնդակը վարելու նուրբ տեխնիկա ունի և շատ խելացի է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG