Մատչելիության հղումներ

logo-print

Կնոջ նկատմամբ բռնության համար մեղադրվող վանաձորցին կկանգնի դատարանի առջև


Հայաստանյան դատարաններից մեկի դահլիճը, արխիվ

Հայաստանյան դատարաններից մեկի դահլիճը, արխիվ

Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Վանաձորի քաղաքապետարանի շենքում ամուսնու կողմից կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ նախնական քննությամբ պարզվել է վիճաբանության պատճառը, որը կրում է մասնավոր բնույթ: «Քննության տվյալներով՝ անձնական-կենցաղային խնդիրների պատճառով ամուսիններն սկսել են ապրել առանձին և կինը, հեռանալով ամուսնուց, իր հետ տարել է նաև իր երեք անչափահաս երեխաներից երկուսին։ Ամուսինը հունիսի 30-ին դիմել է դատարան՝ ամուսնալուծության, երեխաների բնակության վայրի որոշման և կնոջը ծնողական իրավունքից զրկելու պահանջով։ Դատարանի հանձնարարության հիման վրա՝ Վանաձորի քաղաքապետարանի խնամակալության և հոգաբարձության մարմինը 2016 թ. հոկտեմբերի 27-ին նիստ է հրավիրել՝ ուսումնասիրելու երեխաների բնակության վայրի, խնամքի ու կյանքի պայմանները, որին հրավիրվել են ամուսնալուծվող ամուսինները՝ երեխաների հետ միասին։ Մայրը 4-ամյա երեխային նիստին չի ներկայացրել, ինչի պատճառով ամուսինների միջև առաջացել է վիճաբանություն։ Քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ քաղաքապետարանի շենքում վիճաբանության ժամանակ ամուսինը ձեռքով հարվածել է կնոջ գլխին, որի հետևանքով, դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն, կնոջ առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս՝ դեմքի շրջանների արյունազեղումների, ձախ այտոսկրի և հայմորյան ծոցի առաջային պատի փակ կոտրվածքների ու գլխուղեղի ցնցման ձևով», - ասված է հաղորդագրությունում:

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ «դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանը որևէ այլ վնաս պատճառելը, որը վտանգավոր չէ կյանքի համար, բայց առաջացրել է առողջության տևական քայքայում կամ ընդհանուր աշխատունակության մեկ երրորդից պակաս զգալի կայուն կորուստ»:

Տվյալ արարքը պատժվում է կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG