Մատչելիության հղումներ

logo-print

Չավուշօղլու. Անկարայի և Մոսկվայի համագործակցությունը ղարաբաղյան հակամարտության համատեքստում շարունակվելու է


Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը այսօր Ալանյայում կայացած ռուս-թուրքական բանակցությունների օրակարգային թեմաներից մեկն էր, թեև ոչ առանցքայինը: Այս մասին ռուս-թուրքական ռազմավարական ծրագրավորման խմբի հերթական նիստի ավարտին հայտարարում էին Թուրքիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները:

«Մեզ համար կարևոր նշանակություն ունի Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության հարցը: Սոչիում կայացած հանդիպման ժամանակ մենք արդեն իսկ անդրադարձել էինք այս խնդրին, և մեր համագործակցությունն այս հարցում շարունակվելու է», - հայտարարում էր Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի անդրադարձը ևս բավական հպանցիկ էր․ Լավրովն այլ հարցերի շարքում անգամ չառանձնացրեց ղարաբաղյան հակամարտությունը:

«Մենք գնահատականներ փոխանակեցինք Անդրկովկասում տիրող կացության շուրջ, սևծովյան տարածաշրջանին անդրադարձանք, որտեղ սերտ համագործակցության վերականգնման լավ հեռանկարներ կան: Խոսել ենք նաև ուկրաինական ճգնաժամի, ինչպես նաև ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, միջազգային այլ կազմակերպություններում համագործակցության մասին», - հայտարարել է Սերգեյ Լավրովը:

Այսօրվա բանակցությունների մեծ մասը, սակայն, Չավուշօղլուն և Լավրովը նվիրեցին սիրիական հակամարտությանը: Բանակցություններին հավելյալ ինտրիգ հաղորդեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Լավրովի այցի նախօրեին հնչեցրած հայտարարությունը, ըստ որի թուրքական ուժերի կողմից Սիրիայի տարածքում իրականացվող «Եփրատի վահան» գործողության նպատակը Բաշար Ասադին իշխանությունից հեռացնելն է: Սակայն, դատելով Լավրովի հետևյալ խոսքերից, Էրդողանի այս հայտարարությունը հազիվ թե ազդի Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների վրա․ - «Մեկ անգամ ևս ընդգծեմ, որ գործնական առումով մենք առաջնորդվում ենք ոչ թե որևէ մեկի միակողմանի հայտարարություններով, որոնց պակասն ի դեպ չի զգացվում, այլ այն պայմանավորվածություններով, որոնք ձեռք են բերվել նախագահների միջև: Ես կարող եմ պատասխանատու կերպով հավաստիացնել, որ այդ պայմանավորվածությունները` թե՛ դիվանագետների, թե՛ զինվորականների և թե՛ հատուկ ծառայությունների կողմից կատարվում են: Լուրջ ակնկալիքներ ունեմ, որ Սիրիայի հարցում Ռուսաստանի և Թուրքիայի սերտ համագործակցությունը կնպաստի այն որոշումների կատարմանը, որոնք ընդունվել են միջազգային հանրության կողմից»:

Նշեմ ի դեպ, որ Ալանյայում մեկնարկած բանակցություններից հաշված ժամեր առաջ` երեկ երեկոյան, հեռախոսազրույց էին ունեցել Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները: Ռուսաստանի ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը «Ինտերֆաքս»-ին փոխանցել է, որ հեռախոսազրույցի ընթացքում երկու նախագահներն անդրադարձել են նաև Բաշար Ասադի ճակատագրին վերաբերող Էրդողանի վերջին հայտարարությանը:

«Թուրքիայի նախագահը համապատասխան բացատրություն է տվել այդ հայտարարության առթիվ», - նշել է Ուշակովը:

Թուրքիայի դիվանագիտական գերատեսչության ղեկավարի խոսքից, սակայն, պարզ է դառնում, որ Անկարան չի պատրաստվում փոխել իր խիստ բացասական վերաբերմունքը Բաշար Ասադի հանդեպ: Դրա հետ մեկտեղ, ըստ Մևլութ Չավուշօղլուի, Թուրքիայի և Ռուսաստանի տեսակետները Սիրիայում հրադադարի հաստատման անհրաժեշտության հարցում համընկնում են․ - «Մեր մոտեցումը հստակ է և մնում է նույնը: Դրա հետ մեկտեղ, մենք հետագայում ևս շարունակելու ենք Ռուսաստանի քաղաքականությանը համահունչ քայլեր ձեռնարկել` ուղղված սիրիական հակամարտության քաղաքական լուծմանն ու մարդասիրական օգնության համակարգված տրամադրմանը»:

Այսօր կայացած բանակցությունների մի զգալի մասը նվիրված էր Հալեպում ստեղծված կացությանը: Հիշեցնեմ, մի քանի օր առաջ Սիրիայի կառավարական բանակի ստորաբաժանումներին, ռուսական օդուժի աջացությամբ, հաջողվել էր վերահսկողություն սահմանել Հալեպի արևելյան մի շարք թաղամասերի հանդեպ, որոնք ավելի քան երեք տարի գտնվում էին ապստամբների հսկողության ներքո:

Սերգեյ Լավրովը, ի դեպ, այսօր ասաց, թե նկատում է, որ վերջին օրերին Արևմուտքից հնչող քննադատությունը Հալեպի հարցով փոքր ինչ նվազել է․ - «Նրանք թերևս հասկացել են, գիտակցել են, որ արևելյան Հալեպում ստեղծված կացությունը ոչնչով չի տարբերվում իրաքյան Մոսուլում ստեղծված իրադրությունից: Այժմ Արևմուտքը կոչ է անում քաղաքացիական բնակչությանը լքել Մոսուլը, քանի որ անհրաժեշտ է ազատագրել այդ քաղաքը ահաբեկիչներից: Մեր կողմից ցուցաբերվող աջակցությամբ նույն խնդիրն է լուծում նաև սիրիական բանակը Հալեպի ազատագրման հարցում»:

Այսօրվա ռուս-թուրքական բանակցությունների հիմնական արդյունքը կարելի է համարել երկու նախարարների հնչեցրած հստակ հավաստիացումն առ այն, որ Անկարայի և Մոսկվայի հարաբերություններում առկա սուր ճգնաժամն անցյալում է:

«Մենք հետևողականորեն շարժվում ենք մեր հարաբերությունների լիակատար բարելավման ուղղությամբ: Երկկողմ առևտրի ծավալների մեծացման ճանապարհին որևէ քաղաքական խոչընդոտ այլևս գոյություն չունի: Ինչ վերաբերում է Թուրքիայի և Ռուսաստանի միջև պարզեցված վիզային ռեժիմի վերականգնմանը, ապա դրա համար մեզ հարկավոր է անվտանգության ասպարեզում մի շարք խնդիրներ լուծել: Մենք դիմել են մեր թուրք գործընկերներին` խնդրելով ավելի արդյունավետորեն համագործակցել ահաբեկչական գործունեության հետ առնչություններ ունեցող անձանց հայտնաբերման գործում: Դրանք այն մարդիկ են, ովքեր Ռուսաստանից Թուրքիայի տարածք են անցնում և հակառակը», -հայտարարոլ է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը` նշելով, որ մոտ ապագայում Ռուսաստանն ու Թուրքիան անվտանգության խնդիրներին նվիրված հատուկ խորհրդակցություն կանցկացնեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG