Մատչելիության հղումներ

Պուտինն աշխարհին հորդորում է պայքարել իրական, այլ ոչ թե հորինված թշնամու դեմ


Ռուսաստանի նախագահը հանդես է գալիս ամենամյա ուղերձով, Մոսկվա, 1-ը դեկտեմբերի, 2016 թ․

Ռուսաստանի նախագահը հանդես է գալիս ամենամյա ուղերձով, Մոսկվա, 1-ը դեկտեմբերի, 2016 թ․

Իր ամենամյա ուղերձում Ռուսաստանի նախագահը հայտարարել է, թե Մոսկվան պատրաստ է համագործել ԱՄՆ-ի ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփի թիմի հետ:

Պաշտոնական Մոսկվան պատրաստ է համագործակցել Միացյալ Նահանգների ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփի թիմի հետ: Այս մասին Դաշնային խորհրդին հղած իր ամենամյա ուղերձում այսօր հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Մոսկվան և Վաշինգտոնն աշխարհի առջև ընդհանուր պատասխանատվություն են կրում, այդ թվում նաև՝ միջուկային զենքի չտարածման համար։ Պետք է համագործակցել ոչ թե հորինված, այլ իսկական թշնամու՝ միջազգային ահաբեկիչների դեմ պայքարում»,- նաև ասել է Պուտինը: Ռուսաստանի առաջնորդն ընդգծել է՝ Ռուսաստանը թույլ չի տա, որ ոտնահարեն իր շահերը, Մոսկվան ուրիշի խորհուրդների կարիքը չունի։ Պուտինի պնդմամբ, իր երկիրն այսօր առերեսվում է այնպիսի խնդիրների հետ, ինչպիսիք են՝ «ռուսական ագրեսիայի և պրոպագանդայի մասին միֆերը»։

«Ի տարբերություն իր օտարերկրյա գործընկերների, Ռուսաստանը փնտրում է բարեկամներ, ոչ թե թշնամիներ և պատրաստ է կառուցել միջազգային կայուն համակարգ»,- նշել է ՌԴ նախագահը: Անդրադառնալով Սիրիայում ստեղծված վիճակին, Պուտինն ասել է, թե ռուսական ռազմուժն այնտեղ մեծ հաջողությունների է հասել ահաբեկիչների դեմ պայքարում։ Իր ուղերձում նա չի անդրադարձել Թուրքիային և Ուկրաինային: Փոխարենն ընդգծել է, որ Ռուսաստանի համար այսօր առաջնային է Եվրասիական միությունն ու ընդհանրապես՝ հետխորհրդային տարածքը:

Կարևորելով ինտեգրացիոն գործընթացները Եվրասիական մայրցամաքում, ՌԴ նախագահը շեշտել է, որ իր երկիրը բաց է նաև ԵՄ-ի հետ ինտեգրման համար։ Նա հատուկ ընդգծել է Չինաստանի հետ կապերի կարևորությունը, նշելով, որ ռուս-չինական հարաբերությունները հավասար գործընկերության օրինակ են:

Իր թվով 13-րդ ուղերձում Ռուսաստանի նախագահը մեկ ժամից ավելի խոսել է Ռուսաստանի տնտեսական, սոցիալական, ներքին խնդիրների մասին և միայն 15 րոպե էհատկացրել արտաքին քաղաքական հարցերին: Պուտինը, մասնավորապես, պնդել է, որ առողջապահության ոլորտը Ռուսաստանում վերջին 10 տարիներին էական առաջընթաց է գրանցել։ Նշել է, թե Ռուսաստանը սկսել է «լուրջ ուշադրություն դարձնել գիտությանը», որ «տնտեսական ճգնաժամը երկրում արդեն գրեթե հաղթահարվել է» և անգամ արդյունաբերությունը աճ է արձանագրել: Ըստ Պուտինի, երկրում գնաճն այս տարի չի գերազանցելու 5,8 տոկոսը: Իր խոսքում նա անդրադարձել է նաև մաքսային ոլորտի բարեփոխումներին:

Ոշագրավ է այն, որ իր այսօրվա ուղերձում Ռուսաստանի նախագահն ուղղակիորեն չի քննադատել Միացյալ Նահանգներին, բավարարվելով միայն ընդհանուր բնույթի արտահայտություններով:

XS
SM
MD
LG