Մատչելիության հղումներ

logo-print

Մոտ կես միլիարդ ամերիկյան դոլարի գողության մեջ մեղադրվող ազգությամբ հայ, ռուսաստանցի Մարկ Վարդանյանին Նորվեգիան պատրաստվում է արտահանձնել Միացյալ Նահանգներին, ինչը պաշտոնական Մոսկվան ամիսներ շարունակ փորձում էր կանխել։

Նորվեգական IT ընկերություններից մեկի նախկին ծրագրավորող Մարկ Վարդանյանը ձերբակալվել էր անցյալ տարվա սեպտեմբերին և մինչ օրս գտնվում էր նախնական կալանքի տակ։

Ըստ պաշտոնական մեղադրանքի, նա հատուկ ֆայլեր ներբեռնելով համացանց՝ ավելի քան 11 միլիոն համակարգիչ է վարակել, որի արդյունքում կարողացել է տիրանալ հազարավոր մարդկանց անձնական տվյալների, ապա դրանք օգտագործել բանկային համակարգից հսկայական գումարներ գողանալու համար։ Վարդանյանը այս մեղադրանքները չի ընդունում։

Մոսկվան չի թաքցնում, որ ամիսներ շարունակ Օսլոյում Ռուսաստանի դեսպանատունը փորձում էր կանխել Վարդանյանի՝ ամերիկյան իրավապահներին արտահանձնումը։ Ռուսաստանցի դիվանագետները հույս ունեին, որ նորվեգական կողմը հաշվի կնստի իրենց կոչերի հետ։

«Սակայն նորվեգական կողմը այդպես էլ հաշվի չառավ մեր բազմակի կոչերը՝ ցուցաբերելու անաչառ, օբյեկտիվ մոտեցում», - մեկնաբանելով Օսլոյից ստացված լուրը՝ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, պնդելով, որ Վարդանյանին արտահանձնելու Նորվեգիայի որոշումը քաղաքականացված է և չի համապատասխանում արդարադատության նորմերին։

«Այս գործը ողջ աշխարհում ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից տարվող Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ որսի բաղադրիչ է: Այդ որսը որևէ ընդհանրություն չունի իրական արդարադատության հետ և բացարձակապես արհամարհում է միջազգային իրավունքի նորմերը», - հայտարարել է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ներկայացուցիչը՝ հավելելով, որ պաշտոնական Մոսկվան Օսլոյի հետ հետագա հարաբերություններում անշուշտ հաշվի է առնելու Վարդանյանին արտահանձնելու որոշումը։

XS
SM
MD
LG