Մատչելիության հղումներ

logo-print

ՀՀԿ-ն կուսակցության նախագահի առաջին տեղակալ կնշանակի


Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյան, արխիվ

Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյան, արխիվ

Իշխող Հանրապետականն (ՀՀԿ) այսօր գործադիր մարմնի նիստում կորոշի, թե երբ է գումարելու քաղաքական խորհրդի նիստ, որտեղ արդեն պարզ կլինի, թե ով կզբաղեցնի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի առաջին տեղակալի պաշտոնը:

Նշենք, որ ՀՀԿ-ն իր կանոնադրության մեջ փոփոխություն կատարեց, համաձայն որի՝ իշխող ուժի ղեկավարը կունենա առաջին տեղակալ:

Ինչպես «Ազատության» հետ զրույցում պարզաբանեց Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, այս կերպ Սերժ Սարգսյանին կուսակցությունում փոխարինելու հնարավորություն է ստեղծվում:

«Ազատություն». - Ինչո՞ւ որոշում կայացվեց նման փոփոխություն անել և ունենալ առաջին տեղակալ, սա ինչո՞վ է պայմանավորված։

Բաղդասարյան. - Այս հարցը բավականին ժամանակ միշտ բարձրացվել է, որ նախագահի բացակայության դեպքում, հրատապ հարցերի դեպքում, կանոնակարգված չէ, թե ով կարող է նիստ հրավիրել, իսկ առաջին տեղակալը, երբ որ լինում է, արդեն, բնականաբար, նրան իրավունք է վերապահվում, որ, ենթադրենք, նախագահի գործուղման ժամանակ, նախագահի հետ Աստված մի արասցե կա՛մ վատ, կա՛մ շատ լավ դեպքերի ժամանակ, ենթադրենք՝ մի հրատապ դեպք է լինում, որ գործադիր մարմնի նիստ պետք է հրավիրվի, դրա լիազորությունները պետք է ունենա գործադիր մարմնի անդամներից որևէ մեկը, բացի առաջնորդից՝ նախագահից։

«Ազատություն». - Այսինքն, սրանով ստեղծվում է մի հնարավորություն, որպեսզի ինչ-որ մեկը լիազորություն ունենա փոխարինելու Սերժ Սարգսյանին։

Բաղդասարյան. - Այո, նաև փոխարինելու։

«Ազատություն». - Եվ կարող ենք հավանական թեկնածու համարել Կարեն Կարապետյանին։

Բաղդասարյան. - Մի շտապեք, դեպքերից առաջ մի ընկեք, մեկ օր համբերի, դրա մասին կխոսենք հետագայում։

XS
SM
MD
LG