Մատչելիության հղումներ

logo-print

Որդեկորույս ծնողներն՝ ընդդեմ ոստիկանության


Արխիվ -- Ոստիկանությունը ուժ է գործադրում Նախագահականի առջև որդեկորույս մայրերի ցույցը ցրելու համար, 13-ը մայիսի, 2015թ․

Արխիվ -- Ոստիկանությունը ուժ է գործադրում Նախագահականի առջև որդեկորույս մայրերի ցույցը ցրելու համար, 13-ը մայիսի, 2015թ․

Բանակում խաղաղ պայմաններում զոհված Տիգրան Օհանջանյանի մայրը վարչական դատարանից պահանջում է ոչ իրավաչափ ճանաչել ոստիկանության գործողությունները, ինչի հետևանքով որդեկորույս ծնողներին թույլ չի տրվում նախագահական նստավայրի մայթին բողոքի ակցիաներ անցկացնել։

Թեև Գոհար Սարգսյանը միջնորդություն էր ներկայացրել, որ նիստը տեսանկարահանվի, սակայն դատարանը մերժեց այն, քանի որ Ոստիկանության ներկայացուցիչը հայտարարեց՝ դեմ է տեսանկարահանմանը:

Դեռևս չպարզված հանգամանքներում մահացած զինծառայողի մայրը դատարան էր ներկայացրել մի տեսագրություն, որտեղ երևում է, թե ոստիկանության ներկայացուցիչները 2015-ի փետրվարի 11-ին ինչպես թույլ չեն տալիս իրենց կանգնել նախագահականի մայթին։ Հորդորներից հետո արդեն ոստիկանները բռնի ուժով քարշ տալով կանանց տեղափոխել էին դիմացի մայթ։ Վարչական դատարանում Գոհար Սարգսյանի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը պնդեց՝ ոստիկանության գործողություններն անհիմն են եղել: Ամեն անգամ, երբ իրավապահները որդեկորույս ծնողներին քարշ տալով տեղափոխում են դիմացի մայթ, վկայակոչում են Հավաքների ազատության մասին օրենքը, որի 19-րդ հոդվածի համաձայն՝ հավաքն արգելվում է, եթե այն անցկացվելու է Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, Կառավարության նստավայրերից, դատարաններից կամ քրեակատարողական հիմնարկներից այնպիսի հեռավորության վրա, որի դեպքում այն սպառնում է դրանց բնականոն գործունեությանը։ Ռևազյանը պնդեց՝ ոստիկանությունը հասարական կարգ պահպանող մարմին է, հավաքը կարող է արգելել քաղաքապետարանը։

«Որևէ հիմնավորում չկա, որ այդտեղ շարունակելով՝ կարող է խաթարվել բնականոն գործունեությունը: Դա ընդունել է նաև ոստիկանությունը իր առարկությունների մեջ, և որևէ անգամ բնականոն գործունեությունը խաթարվելու վերաբերյալ այդպիսի տվյալ չի եղել», - նշեց որդեկորույս ծնողների փաստաբանը:

Ռևազյանը պնդեց՝ ոստիկանությունը իրավունք չուներ հավաքների վայր որոշել, հատկապես, երբ չի կարողացել բացատրել, թե մահացած որդիների նկարներով պաստառները պարզած 5 սևազգեստ ցուցարարները ինչպես կարող էին սպառնալ նախագահի աշխատակազմի բնականոն գործունեությանը։

Ոստիկանության ներկայացուցիչ Արմեն Վարոսյանը դատավորի հարցերին ի պատասխան հայտարարեց՝ որդեկորույս ծնողները կարող էին խանգարել նախագահի աշխատակազմի գործունեությանը։ Թե ինչպե՞ս՝ ոստիկանության ներկայացուցիչը հստակ չպատասխանեց՝ միաժամանակ նշեց, որ պաստառները ևս կարող էին ազդել Նախագահականի աշխատանքի վրա։

«Բնականոն գործունեությունը՝ մասնավորապես՝ մուտքը, ելքը, Նախագահականի աշխատակազմի բնականոն գործունեությունը, պատվիրակությունների այցելությունները, աղմուկը, աղաղակը, պաստառները», - նշեց Վարոսյանը:

«Ազատության» հետ զրույցում հայցը ներկայացրած Գոհար Սարգսյանը, հիշելով անցած տարվա դեպքերը, ասաց՝ իրավապահներն անգամ չցանկացան պատժել իրենց նկատմամբ բռնություն կատարած ոստիկաններին։ Քրեական գործ հարուցվեց, բայց Հատուկ քննչական ծառայությունը եզրակացրեց, որ ոստիկանների գործողությունները իրավաչափ են եղել։

«Իրենց կամայականությամբ՝ թույլ են տվել՝ անցել ենք, գնացել ենք, նույն տեղում ենք արել, թույլ չեն տվել՝ մի 50-60 մետր հեռավորության վրա, կանգառին մոտ արդեն ոստիկանության պատնեշին ենք հանդիպել ու չեն թույլ տվել: Այդ ընթացքում էլ մենք դիմել ենք Մարդու իրավունքների պաշտպանին, բոլոր պատկան մարմիններին, ու ոչ մի արձագանք», - պատմեց Սարգսյանը:

Ռոբերտ Ռևազյանն ասում է՝ դիմելով դատարան՝ նպատակ ունեն վերջնականապես լուծում տալ այս խնդրին, քանի որ ոստիկանությունը շարունակում է կամայական մոտեցում ցուցաբերել և վկայակոչելով օրենքը՝ այդպես էլ չի հստակեցնում, թե բողոքի ակցիայի մասնակիցները որքան հեռու պետք է գտնվեն պետական կառույցներից։ Միևնույն ժամանակ նա մատնանշում է կառավարության շենքի առջև ամեն շաբաթ տեղի ունեցող բողոքի ակցիաներն ու պնդում՝ մինչ օրս ոստիկանությունը ցուցարարներին չի արգելել հավաք անցկացնել կառավարության շենքի առջև։ Սա նշանակում է, որ որդեկորույս ծնողների դեմ տրամադրվածություն կա, կարծում է փաստաբանը:

XS
SM
MD
LG