Մատչելիության հղումներ

Թուրքիայում լայնորեն քննարկվում է սահմանադրական փոփոխությունների նախագիծը


Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով նախատեսվում է կառավարման խորհրդարանական համակարգից անցում կատարել նախագահական համակարգի, լայն քննարկումների առարկա է դարձել Թուրքիայում:

Թուրքիայի խորհրդարանի սահմանադրական հանձնաժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփը հայտարարել է, որ նախագիծը խորհրդարանի քննարկմանը կներկայացվի առաջիկա երկու շաբաթների ընթացքում, և հավանության արժանանալու դեպքում հանրաքվեի կդրվի 2017-ի գարնանը:

Շենթոփի խոսքով, նոր սահմանադրության նախագծում մինչև այժմ 18 փոփոխություն է ընդգրկվել: Ընդունվելու դեպքում դրանք էականորեն կընդլայնեն նախագահի լիազորությունները:

Հատկանշական է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2014 թվականի նախագահական ընտրություններում հաղթելուց հետո բազմիցս ընդգծել է կառավարման համակարգի փոփոխման անհրաժեշտությունը` պնդելով, թե Թուրքիային ուժեղ առաջնորդ է պետք:

Թուրքիայում, սակայն, ոչ բոլորն են կիսում նախագահի կարծիքը: Թուրք քաղաքական վերլուծաբան, սյունակագիր Ալի Բայրամօղլուն Al Monitor հանդեսում հրապարակած հոդվածում գրում է, թե կառավարման համակարգի փոփոխությունը խորապես կազդի Թուրքիայի քաղաքական և հասարակական կյանքի վրա` արագացնելով միապետական կարգերի հաստատման գործընթացը: Նրա կարծիքով, նախագահական համակարգի անցումը՝ Թայիփ Էրդողանի մեծ երազանքի իրականացումը, Թուրքիան կվերածի մեկ կուսակցության պետության:

Նոր Սահմանադրությունը հանրաքվեի դնելու համար անհրաժեշտ 330 պատգամավորական մանդատից իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն ունի միայն 317-ը, ուստի պետք է համաձայնության գա խորհրդարանում ներկայացված մյուս քաղաքական ուժերից առնվազն մեկի հետ:

Այս հարցում Էրդողանի քաղաքական հենարան հանդիսացող ուժը կարծես թե համաձայնության եզրեր է գտել ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության հետ: Նախօրեին երկու կուսակցությունների` սահմանադրական փոփոխությունների վրա աշխատող խմբերը հանդիպել և քննարկել են նոր նախագիծը: «Անադոլու» գործակալության հաղորդմամբ` սպասվում է, որ վաղը կհանդիպեն նաև կուսակցությունների առաջնորդներ Բինալի Յըլդըրըմը և Դևլեթ Բահչելին՝ վերջնական որոշում կայացնելու համար:

Ուշագրավ է, որ վարչապետ Բինալի Յըլդըրըմը ակնարկել է, թե կուսակցությունները մոտ են համաձայնության և հնարավոր է խորհրդարանի քննարկմանը ներկայացնեն միասնական նախագիծ:

Մեջլիսում «Ազգայնական շարժում» կուսակցության 40 պատգամավորների ձայները ստանալու պարագայում նոր սահմանադրությունը հանրաքվեի կդրվի: Ակնկալվող հանրաքվեի շուրջ անցկացված վերջին սոցիալոգիական հարցումների արդյունքները ցույց են տալիս, որ հանրաքվեի դեպքում բնակչության գրեթե կեսը «այո» կասի սահմանադրական փոփոխություններին:

Փորձագետները փաստում են, եթե «Արդարություն և զարգացում» կուսակցության ընտրած մարտավարությունը հաջողությամբ պսակվի, ապա հաջորդ տարվա գարնանը Թուրքիան նոր սահմանադրություն կունենա:

Նշենք, որ այժմ Թուրքիայում գործում է 1982 թվականին ընդունված Սահմանադրությունը, որը մի շարք փոփոխությունների է ենթարկվել 2010 թվականի սեպտեմբերի 12-ի հանրաքվեով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG