Մատչելիության հղումներ

Օմեր Չելիք. «Թուրքիայի համար միակ ընդունելի լուծումը ԵՄ-ին լիիրավ անդամակցությունն է»


Օմեր Չելիք, արխիվ

Թուրք նախարարը Բրյուսելում նաև հայտարարել է՝ Եվրամիության տարածքում ծավալվող վերջին գործընթացները Անկարային ստիպում են Թուրքիայի եվրոպական հեռանկարները դիտարկել միանգամայն այլ լույսի ներքո:

«Թուրքիան ցանկանում է Եվրամիության լիիրավ անդամ դառնալ` կտրականապես բացառելով բոլոր տեսակի միջանկյալ լուծումները»: Այս մասին Բրյուսելում` հասարակական կազմակերպությունների, փորձագիտական հանրության ներկայացուցիչների և լրագրողների հետ հանդիպման ժամանակ երեքշաբթի օրը հայտարարել է Թուրքիայի Եվրամիության հետ կապերի գծով նախարար Օմեր Չելիքը: Թուրք պաշտոնյան Բրյուսել է ժամանել Եվրախորհրդարանի հայտնի բանաձևի ընդունումից հետո ստեղծված կացությունը քննարկելու համար:

«Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցության գործընթացը սառեցնելու մասին Եվրախորհրդարանի որոշումն իր բնույթով բացարձակապես անհեռատես քայլ էր: Ես կրկին ստիպված եմ հայտարարել, որ Թուրքիան, մասնակցելով անդամակցության բանակցություններին, միայն մեկ նպատակ է հետապնդում` դառնալ Եվրամիության լիիրավ անդամ: Մեզ երկրորդ կարգի անդամակցություն կամ, այսպես կոչված, «արտոնյալ գործընկերոջ» կարգավիճակ հարկավոր չէ», - հայտարարել է Օմեր Չելիքը:

Թուրք նախարարը, սակայն, հավելել է՝ Եվրամիության տարածքում ծավալվող վերջին գործընթացները Անկարային ևս ստիպում են Թուրքիայի եվրոպական հեռանկարները դիտարկել միանգամայն այլ լույսի ներքո: «Եվրոպական պետություններում լայն տարածում են գտել իսլամատյացությունն ու թշնամանքն այլազգիների նկատմամբ: Այդ ֆոնին մենք ինքներս մեզ պետք է հստակ պատասխան տանք` որ՞ Եվրոպայի մասին ենք մենք խոսում: Արդյո՞ք Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի Եվրոպան է դա, Աստված մի արասցե: Կամ ասենք՝ այն Եվրոպան, որ առկա է ավստրիացիների կամ Մեծ Բրիտանիայի Անկախության կուսակցության պատկերացումներում: Ոչ, մենք չենք ցանակնում մաս կազմել այն Եվրոպային, որտեղ իսլամատյացության, քսենոֆոբիայի և ռասիզմի ակնհայտ աճ է նկատվում»,- հայտարարել է Թուրքիայի՝ Եվրամիության հետ կապերի նախարարը:

Նկատենք, սակայն, որ Բրյսւելում կայացած հիշյալ հանդիպման ժամանակ Օմեր Չելիքը չի կարողացել խուսափել մասնակիցների հնչեցրած կոշտ հարցադրումներից: Հիմնական հարցերը վերաբերել են հուլիս 15-ի հեղաշրջման անհաջող փորձից հետո Թուրքիայում ծավալված բռնաճնշումներին: Օմեր Չելքիը ոչ միայն արդարդացրել է զինվորականների, դատավորների, ուսուցիչների, քաղաքական գործիչների և լրագրողների զանգվածային ձերբակալությունները, այլև քննադատել է եվրոպական կառույցներին` Անկարային բավարար աջակցություն չցուցաբերելու համար:

«Երբ Փարիզում «Շարլի Հեբդո» հանդեսի խմբագրությունը հարձակման ենթարկվեց, աշխարհի բազմաթիվ պետությունների առաջնորդներն իրենց համերաշխությունը հայտնեցին Ֆրանսիային: Թուրքիան բացառություն չէր: Բայց երբ մեր երկրում հեղաշրջման փորձ տեղի ունեցավ, երբ ռմբակոծվեց երկրի խորհրդարանի շենքը, երկու ամիս շարունակ Եվրամիության որևէ ներկայացուցիչ այդպես էլ չժամանեց Թուրքիա»,- բողոքել է Թուրքիայի՝ Եվրամիության հետ կապերի նախարարը:

Թուրքական կառավարության անդամի խոսքով, ակնհայտ է, որ Բրյուսելի և Անկարայի հարաբերություններն այժմ ցնցումների փուլում են: «Մենք հաղորդակցության շատ լուրջ խնդիր ունենք Եվրամիության հետ: Մենք պետք է հաղթահարենք այդ խոչընդոտը: Մենք պետք է խոսենք միմյանց հետ, բայց ոչ միմյանց մասին»,- հայտարարել է Օմեր Չելիքը, մեկ անգամ ևս թափացիկ ակնարկ ուղղելով եվրոպացիներին` զերծ մնալ թուրքական իշխանություններին ուղղված քննադատությունից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG