Մատչելիության հղումներ

Նախագահականը պարզաբանել է Ադրբեջանին «յոթ շրջաններ թողնելու» մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունը


Նախագահ Սերժ Սարգսյան, արխիվ
Նախագահ Սերժ Սարգսյան, արխիվ

ՀՀ նախագահի խոսնակն իր պատասխանում, մասնավորապես, նշել է՝ «Ղարաբաղի անկլավային կարգավիճակի մասին խոսք անգամ լինել չի կարող»:

Որևէ տարածք վերադարձնելու մասին հարցը կարող է առարկայական լինել միայն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման պարագայում: Այս մասին, «Ազատության» հարցմանն ի պատասխան, նշել է Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը՝ ընդգծելով․ «[Ղարաբաղյան հակամարտության] հանգուցալուծման առաջարկի փաթեթն ամրագրում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև ցամաքային կապի անհրաժեշտությունը, որևէ անկլավային կարգավիճակի մասին խոսք անգամ լինել չի կարող: Խոսքը Հայաստանը Լեռնային Ղարաբաղին միացնող սոսկ ցամաքային ճանապարհի մասին չէ, այլ լայն, անվտանգ և անխափան ցամաքային այնպիսի կապի, որը լիարժեք ապահովված կլինի Ադրբեջանի կողմից որևէ ոտնձգությունից»:

Ըստ Հակոբյանի, «հատկապես ապրիլյան պատերազմից հետո անվտանգության գոտի հանդիսացող հարակից տարածքների ներկա կարգավիճակն ավելի քան արդարացված է՝ հաշի առնելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդին սպառնացող շարունակական և անմիջական սպառնալիքը»:

Ռուսաստանյան Россия сегодня լրատվական գործակալությանը մոտ երկու շաբաթ առաջ տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը հայտարարել էր՝ հինգ տարի առաջ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը պատրաստ են եղել Ադրբեջանին զիջել յոթ շրջաններ՝ Ղարաբաղի կարգավիճակը որոշող հանրաքվեի դիմաց, անգամ նման բովանդակության փաստաթուղթ է եղել, սակայն, Իլհամ Ալիևը հրաժարվել է այն ստորագրել:

Նույն հարցազրույցում, խոսելով Արբեջանին յոթ շրջան վերադարձնելու հնարավորության շուրջ, Սերժ Սարգսյանը ոչինիչ չէր ասել Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող ցամաքային միջանցքի մասին: «Մենք հանդիպեցինք Մայնդորֆում, ստորագրեցինք փաստաթուղթ, ըստ որի, Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է լուծվի միայն քաղաքական ճանապարհով: Դրանից հետո բանակցային գործընթացը շարունակվում էր, և մենք մի քանի անգամ մոտ էինք փաստաթղթի ստորագրմանը, որում այդ երեք սկզբունքները հստակորեն արտացոլված էին:

Այսինքն, հայկական կողմերը՝ Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը թողնում են այն տարածքները, որոնք, որպես անվտանգության գոտի, ներկայում զբաղեցված են: Այսինքն՝ այն տարածքները, որոնց մասին ադրբեջանցիները ասում են, որ դրանք օկուպացված են․ ադրբեջանական յոթ շրջաններ: Մենք թողնում ենք այդ շրջանները, հեռանում ենք: Այսինքն՝ սա տարածքային ամբողջականության սկզբունքն է: Սակայն, առաջին կետում հստակորեն նշված է, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը կորոշվի Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամարտահայտության միջոցով: Հանրաքվեի միջոցով»,- ասել էր Սարգսյանը:

Նրա խոսքով, 2011թ․ հունիսի 24-ին Կազանում Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպմանը հենց նման բովանդակությամբ փաստաթուղթ է նախապատրաստվել ստորագրման համար, սակայն, Իլհամ Ալիևը վերջին պահին հրաժարվել է ստորագրել՝ առաջ քաշելով լրացուցիչ պայմաններ:

Հատկանշական է, որ իր նախորդ հայտարարություններում նախագահ Սարգսյանը խոսում էր միայն հինգ շրջաններ վերադարձնելու հնարավորոթւյան մասին: Քառօրյա պատերազմից հետո, ապրիլի վերջին, Bloomberg գործակալության հետ զրույցում անդրադառնալով կազանյան փաստաթղթին, Սարգսյանը, մասնավորապես, ասել էր՝ «Այս փաստաթուղթը նաև նախատեսում է, որ Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության բանակը պետք է դուրս գար 5 տարածքներից և պետք է գային խաղաղապահ ուժեր․․․»:

Նախագահ Սարգսյանի՝ Россия сегодня-ին տված հարցազրույցի հրապարակումից հետո «Ազատությունը» հետևյալ հարցումն էր ուղարկել նախագահական՝ ե՞րբ է որոշում կայացվել Ադրբեջանին նախկինում ԼՂԻՄ-ը շրջապատող յոթ շրջանները վերադարձնելու մասին, արդյոք դա չի՞ նշանակում, որ այդ դեպքում Լեռնային Ղարաբաղը կհայտնվի անկլավային վիճակում՝ զրկվելով Հայաստանի հետ ցամաքային կապից և արդյո՞ք նման հեռանկարը Հայաստանի Նախագահի կողմից սպառնալիք չի դիտվում:

Իր պատասխանում նախագահի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը չի անդրադարձել՝ արդյո՞ք «յոթ շրջաններ թողնելու» մասին նախագահի խոսքը պարզապես վրիպակ էր: Հակոբյանը, սակայն, նշել է՝ «Հանրապետության նախագահն իր հարցազրույցում չի անդրադարձել համանախագահների կողմից հիմնահարցի փաթեթային հանգուցալուծման համար առաջարկված բոլոր դրույթներին, որոնք, ինչպես շեշտել են համանախագահները, անբաժանելի մեկ ամբողջություն են կազմում: Նախագահն ընդգծել է, որ այդ առաջարկի առաջին կետով ամրագրված է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը: Մյուս բոլոր տարրերը, ինչպես հայտարարել է Նախագահը ՀՀԿ 16-րդ համագումարի իր ելույթում` «ածանցյալ են»»:

Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանն այսօր «Ազատության» հետ զրույցում ընդգծեց՝ «Ազատագրված տարածքները Արցախի համար կյանքի ու մահվան նշանակություն ունեն»: «Մեզ համար դա ամբիցիաների խնդիր չէ, սա մեր անվտանգությունն է, և վերադարձ անցյալին չի լինելու՝ սահմանների, առավել ևս կարգավիճակի առումով: Ո՞նց կարող ենք մենք մեր անվտանգությունը թուլացնել, որ նորից պատերազմ լինի և մեզ ոչնչացնեն: Մանավանդ, որ ունենք նախադեպեր, և այդ նախադեպերը ոչ թե 4 հազար տարվա կամ 150 տարվա պատմություն ունեն, այլ ընդամենը 20, 25 տարվա պատմություն»,- հավելեց Բաբայանը:

«Ազատությունը» փորձեց լսել նաև իշխող Հանրապետականի հետ կոալիցիայում գտնվող ՀՅ Դաշնակցության դիրքորոշումը նախագահ Սարգսյանի՝ «Ադրբեջանին յոթ շրջաններ թողնելու» հայտարարության վերաբերյալ: Խոստացան արձագանքել ավելի ուշ:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանի խոսքով, Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջև ցամաքային կապը Ղարաբաղի անվտանգության և ժողովրդի ինքնորոշման իրավունքի պահպանման գլխավոր երաշիխքն է: «Ղարաբաղի հարցի որևէ լուծում չի կարող լինել առանց Հայաստանի և ԼՂ-ի միջև ցամաքային կապի պահպանման, առանց առնվազն Լաչինի՝ հայկական վերահսկողության տակ պահպանման, և վերջնական լուծման մեջ լաչինի այդ կապը պետք է ունենա նույն կարգավիճակը, ինչ Լեռնային Ղարաբաղը»,- ասաց Լևոն Զուրաբյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG