Մատչելիության հղումներ

ԵԱՏՄ երկրների մաքսային ծառայությունների պատվիրակությունները Հայաստանում են


Հայաստանում այսօր անցկացվել է Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 21-րդ նիստը:

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, նիստում հաստատվել է կոլեգիայի և կից աշխատանքային խմբերի 2017 թվականի գործունեության ծրագիրը՝ կապված ԵԱՏՄ անդամ պետությունների միջև մաքսային գործընթացների համակարգման հետ:

Ըստ հաղորդագրության, քննարկվել է ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային միասնական անվանացանկին համապատասխան առանձին ապրանքատեսակների դասակարգման և միության տարածքով տարանցման ժամանակ երաշխիքային մեխանիզմների հարցը:

Դիտարկվել են ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի միասնականացման և ապրանքների կոդերի միավորման հնարավորությունները: Ուշադրության կենտրոնում են եղել օտարերկրյա ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման նպատակով տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման պայմանների խախտումների քանակի նվազմանն ուղղված միջոցառումները:

Անդրադարձ է կատարվել նաև անձնական օգտագործման նպատակով երրորդ երկրից բերված կամ երրորդ երկիր տարվող ապրանքների առանձին տեսակների տեղափոխման ժամանակ մաքսային մարմնի գործունեությանը:

Անդրադառնալով ԵԱՏՄ մաքսային օրենսգրքին՝ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը նշել է, որ կառավարությունների ղեկավարների մակարդակով օրենսգրքի նոր խմբագրությունն արդեն համաձայնեցված է և մինչև տարեվերջ կընդունվի։

«Հաջորդ տարի համալիր աշխատանք է սպասվում՝ ապահովելու ազգային օրենսդրությունների մակարդակով միության մաքսային օրենսգրքի դրույթների կիրառումը: Այս փաստաթուղթը նոր նշաձող է ինչպես, առհասարակ ԵԱՏՄ անդամ երկրների, այնպես էլ մաքսային ծառայությունների փոխհարաբերություններում», - ասել է Հարությունյանը:

Նիստի ընթացքում կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը Հայաստանի կողմից ընտրվել է Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի նախագահի տեղակալ:

Նշենք, որ այսօր ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների պատվիրակությունների ղեկավարներին ընդունել են նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Կարեն Կարապետյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG