Մատչելիության հղումներ

logo-print

«Ավրորա 2017»-ի մրցանակաբաշխությունը տեղի կունենա մայիսի 28-ին՝ Երևանում


«Ավրորա 2016» մրցանակաբաշխություն․ Ջորջ Քլունին և Ռուբեն Վարդանյանը շնորհավորում են մրցանակի դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեին, 24-ը ապրիլի, 2016թ․

«Ավրորա 2016» մրցանակաբաշխություն․ Ջորջ Քլունին և Ռուբեն Վարդանյանը շնորհավորում են մրցանակի դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեին, 24-ը ապրիլի, 2016թ․

Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների ստեղծված «Ավրորա» մարդասիրական մրցանակի միջոցառումները հաջորդ տարի կտևեն մեկ ամիս՝ մեկնարկելով ապրիլի 24-ին, երբ կհայտարարվեն հավակնորդների անունները, շարունակվելով մինչև մայիսի 28-ը, այսօր տեղեկացրեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ղեկավար Արման Ջիլավյանը:

«Մայիսի 28-ին Երևանում կկայանա «Ավրորա 2017»-ի մրցանակաբաշխումը, և դրա մեջ մենք տեսնում ենք մի շատ կարևոր սիմվոլիզմ․ մենք տեսնում ենք ճանապարհ մահից մինչև կյանք, ճանապարհ՝ հուսահատությունից մինչև հույս, ճանապարհ՝ սպանությունից, սպանվածությունից, դժոխքից մինչև հաղթանակ», - մանրամասնեց նա, - «Փորձում ենք նոր լուծումներ գտնել, փորձում ենք էլ ավելի շատ ներգրավել նաև ստեղծարար տաղանդներ Հայաստանից և Սփյուռքից, որպեսզի նաև այդ փորձը և այդ հնարավորությունը, որ «Ավրորան», որպես միջոցառում, ինքը հենց մրցանակաբաշխումը տալիս է՝ մնա Հայաստանում և հայկական աշխարհում»:

Մասնագիտական քննարկումներն ու արվեստի և այլ ոլորտի ներկայացուցիչներին ներգրավող միջոցառումները տեղի են ունենալու, ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի քաղաքական ու ինֆորմացիոն կենտրոններում:

Հիմնականում գործարար Ռուբեն Վարդանյանի միջոցներով իրականացվող «Ավրորան» առաջին անգամ անցկացվեց այս տարի: Հոլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Քլունին ապրիլի 24-ին Երևանում մարդասիրական մրցանակի առաջին հաղթող հայտարարեց Բուրունդիի քաղաքացիական պատերազմի տարիներին 30 հազար որբերի ու փախստականների կյանք փրկած Մարգարիտ Բարանկիցեին:

Մարդասիրական նախաձեռնություններում ներգրավված Քլունին, ամենայն հավանականությամբ, հաջորդ տարի ևս կլինի Հայաստանում, հայտարարեց «Ավրորա» նախաձեռնության ղեկավարը:

«Գալու է, ուզում է, ցանկանում է, մեր հետ է և հուսով եմ՝ ոչինչ չի խանգարելու դրան», - նշեց Արման Ջիլավյանը:

Անցնող տարում շուրջ 23 միլիոն դոլար արժեցած «Ավրորա» նախաձեռնությունը բացի մրցանակից ու մասնագիտական քննարկումներից ներառում է նաև Մերձավոր Արևելքի ուսանողներին Հայաստանում ուսանելու դրամաշնորհների տրամադրում:

«Ավրորա» առաջին մրցանակաբաշխությունն, ըստ նախաձեռնության ղեկավարի՝ սպասվածից ավելի մեծ հաջողություն է գրանցել: Ջիլավյանը տեղեկացրեց, որ իրականացվել է հետազոտություն, որի համաձայն աշխարհի բնակչության 4-5 տոկոսը լսել է «Ավրորայի» մասին: Հետազոտությունը 17 երկրներում նաև հետաքրքրվել է հայերի վերաբերյալ առկա պատկերացումների մասին:

«Երևի շատերդ հիշում եք Սարոյանի այն նկարը՝ բեղերով, նուռը ձեռքին, ծեր մի մարդ է․ աշխարհում մեզ ընկալում են որպես այդ Սարոյան պապիկը: Լա՞վ է, թե՞ վատ է․․․ մի կողմից՝ երևի լավ է, որ դրական է, բայց մյուս կողմից ուզում ենք, որպեսզի մի քիչ ավելի՝ Լևոն Արոնյան լինենք, Հենրիկ Մխիթարյան լինենք», - ասում է Ջիլավյանը:

Որպես «Ավրորա» մրցանակի թեկնածու ընկերների կողմից առաջադրվել է նաև Երևանում հուլիսյան դեպքերի ժամանակ «Սասնա ծռեր» զինված խմբին սնունդ հասցրած Արթուր Սարգսյանը, ով այժմ կալանավորված է: «Ազատության» հարցին ի պատասխան մարդասիրական նախաձեռնության ղեկավարը չբացառեց, որ հայտնի «հաց բերողը» կարող է ընդգրկվել մրցանակին հավակնող 25-30 թեկնածուների թվում:

«Չի բացառվում, որ որևէ մեկը՝ ովքեր առաջադրվել են, կարող է լինել», - ասաց Ջիլավյանը:

Հավակնորդների երկար ցուցակից ընտրող հանձնաժողովը, որը հիմնականում բաղկացած է «Խաղաղության նոբելյան մրցանակի» դափնեկիրներից, ընտրելու է «Ավրորայի» հիմնական հավակնորդներին՝ հիմք ընդունելով երեք չափանիշներ․ - «Արդյո՞ք եղել է նվիրվածություն, արդյո՞ք եղել է խիզախություն և արդյո՞ք կա ազդեցություն, որը ինչ-որ ավելի երկար ժամանակում, ոչ թե տվյալ կետում, տվյալ պահում, բերում է հումանիտար և հումանիստական օգուտ»:

Երկրորդ «Ավրորայի» համար արդեն իսկ առաջադրվել է 558 թեկնածու: Հայոց ցեղասպանությունը վերապրած Ավրորա Մարդիգանյանի անունը կրող մրցանակի դափնեկրին շնորհվում է 100 հազար դոլար պարգև, ևս 1 միլիոն դոլար մրցանակակրի հայեցողությամբ ուղղվում է մարդասիրական գործունեությամբ զբաղվող որևէ կազմակերպության:

XS
SM
MD
LG