Մատչելիության հղումներ

logo-print

«Վեդոմոստի». «Ռոսնեֆտ»-ի իրավաբանները վճիռ են պարտադրել հայաստանյան դատարանին


Արտապատկերում «Վեդոմոստի»-ի կայքից

Արտապատկերում «Վեդոմոստի»-ի կայքից

«Ռոսնեֆտ» ռուսական ընկերության իրավաբանները պարտադրել են դատավոր Սուրեն Ղազարյանին Yukos-ի հայաստանյան դուստր Yukos CIS ընկերության գործով հօգուտ «Ռոսնեֆտ»-ի վճիռներ կայացնել։ Այս մասին, վկայակոչելով The Financial Times-ին, ծավալուն հոդված է հրապարակել «Վեդոմոստի» ռուսաստանյան հեղինակավոր պարբերականը։ Խոսքը 2010-2011թվականներին կայացրած վճիռների մասին է։

«Ռոսնեֆտ»-ը Yukos CIS ընկերության բաժնետոմսերը ձեռք է բերել 2007 թվականին, սակայն բաժնետոմսերի նախկին սեփականատերերը դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ գործարքն անվավեր ճանաչելու համար։

2014 թվականի հուլիսին Եվրոպական դատարանը որոշում է կայացրել, որի համաձայն՝ շուրջ 1.8 միլիարդ եվրո փոխհատուցում պետք է վճարել Yukos-ի բոլոր նախկին սեփականատերերին։

Նշենք, որ հայաստանյան դատարանները քննում էին Yukos CIS ընկերության գործը, որը հոլանդական տրաստի միջոցով տնօրինում էր շուրջ 400 միլիոն դոլարի ակտիվներ։

2005 թվականի ապրիլին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մտերիմ բարեկամ Իգոր Սեչինի ղեկավարած «Ռոսնեֆտ»-ը պայմանավորվել էր Yukos խմբի բոլոր ընկերությունների հետ, և պայմանավորվածության արդյունքում բոլոր ակտիվները, այդ թվում՝ Yukos CIS-ը, անցել էին «Ռոսնեֆտ»-ին։

«Ռոսնեֆտ»-ը հաշտեցման է գնացել միայն այն բանից հետո, երբ հոլանդական դատարանն Ամստերդամում հրապարակել էր հայաստանյան դուստր ընկերության հետ կապված էլեկտրոնային նամակներ։ «Վեդոմոստի»-ն որոշ մանրամասներ է հաղորդում այս նամակներից։

«Ռոսնեֆտ»-ը ոչ օրինական գործողությունների մեջ իր հասցեին ուղղված մեղադրանքները հերքում է։ Ընկերության պաշտոնական հայտարարությունում ասված է. - «Հայաստանում ընթացած դատական գործընթացների ժամանակ միմյանց հանդեպ մեղադրանքները կարգավորվել են ընդհանուր հաշտության համաձայնագրում, և դրա առանձին դրվագներն անիմաստ է քննարկել, ընդ որում՝ «Ռոսնեֆտ»-ը հարցականի տակ չի դնում այդ էլեկտրոնային նամակների իսկությունը»։

Դատավոր Սուրեն Ղազարյանը, ով Հայաստանում վարել է Yukos-ի գործով դատավարությունները, աշխատանքից ազատվել է 2011 թվականին և քաղաքական ապաստան ստացել Միացյալ Նահանգներում։

Ամստերդամում՝ դատավարության ժամանակ, Ղազարյանը հայտարարել էր, որ հօգուտ «Ռոսնեֆտ»-ի դատավճիռը կայացրել է իր վերադասի ճնշման տակ, մասնավորապես՝ դատավճռի տեքստը էլեկտրոնային կրիչով նրան փոխանցել է ավելի բարձր պաշտոն ունեցող դատավորը։

The Financial Times-ը հրապարակել է «Ռոսնեֆտ»-ի համար աշխատող փաստաբան Էդուարդ Մուրադյանի 2010 թվականին գրած երկու նամակ մի հասցեով, որը կապված է Հայաստանի դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ Արմեն Նիկողոսյանի հետ, և այդ նամակներում հստակ գրված է, թե ինչ է ուզում տեսնել դատավճռում «Ռոսնեֆտ»-ը, իսկ նամակներից մեկում ընկերության փաստաբանը պարզապես պահանջում է նախօրոք իրեն ուղարկել դատավճռի տեքստը։

«Թե՛ փաստաբան Մուրադյանը, թե՛ հայաստանցի պաշտոնյա Նիկողոսյանն այս մեղադրանքները հերքում են», - գրում է The Financial Times-ը։

Ամստերդամի դատարանում Ղազարյանը պնդել է, որ ինքն այլընտրանք չի ունեցել։

XS
SM
MD
LG