Մատչելիության հղումներ

logo-print

Աղվան Վարդանյան. «99.9 տոկոսով մենք ընտրությունների գնալու ենք առանձին, մեր ցանկով»


Ազգային ժողովի Դաշնակցություն (ՀՅԴ) խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի խոսքով՝ Հայաստանում քաղաքական համակարգի ամենամեծ պրոբլեմներից մեկն այն է, որ կուսակցությունների գրեթե 99 տոկոսը մեկ անձի շուրջ ստեղծված և մեկ անձի կարծիքով արտահայտվող կուսակցություններ են։

«Այդպիսին է Հանրապետականը (ՀՀԿ) և այդպիսին է եղել միշտ, բայց ամբողջ խնդիրն այն է, որ այդպիսին են նաև թվում է թե նոր ստեղծվող, ավելի մոդեռն, ավելի ժամանակակից, երիտասարդ կուսակցությունները, որոնք վերջին շրջանում անընդհատ աճում, բազմանում են։ Եթե ուշադիր նայեք, դարձյալ այս նոր կուսակցությունները ձևավորվում են մեկ անհատի շուրջ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Վարդանյանը։

Հարցին՝ արդյոք հնարավոր համարո՞ւմ է, որ Դաշնակցությունը լինի որևէ ոչ իշխանական դաշինքի, խմբավորման համագործակցության մեջ 2017 թվականի ընտրություններից առաջ, ՀՅԴ խմբակցության քարտուղարը պատասխանեց. - «Մենք անկախ քաղաքական ուժ ենք, ինքնուրույն քաղաքական ուժ ենք և բոլոր ընտրություններին մասնակցել ենք առանձին՝ իբրև Դաշնակցություն։ 99.9 տոկոսով, սա էլ ասում եմ, որովհետև՝ «երբեք մի՛ ասա երբեք», մենք գնալու ենք առանձին և գնալու ենք մեր ցանկով, մեր ռեյտինգային թեկնածուներով: Բայց կյանքն առջևում է, քիչ ժամանակ է մնացել, ես կարծում եմ, որ այստեղ անակնկալներ չեն լինի»։

Դաշնակցության համար, ըստ Վարդանյանի, իշխանության մեջ լինելը, կոալիցիայի մեջ լինելը, ընդդիմության մեջ լինելը «դոգմա չէ»։ «Եթե մեր սկզբունքներին հակասում է, եթե մեր առաջադրած խնդիրները այդ ճանապարհով չեն լուծվելու, մենք կարող ենք լինել և՛ իշխանության մաս, և՛ ընդդիմության մաս, մեզ համար տարբերություն չկա, կարևորն այն է, որ այն մեր պատկերացումը՝ երկրի առաջընթացի, զարգացման առումով, որ մենք ունենք, դա իրականություն դարձնելու հնարավորություն լինի, դա ընդդիմադիր դաշտում կլինի․․․ կհաշվարկենք, կչափենք, կկշռենք կորոշենք»։

Ճշտող հարցին, թե նախնական պայմանավորվածություն չկա՞ Հանրապետականի հետ հետագա անելիքների հետ կապված, ՀՅԴ խմբակցության քարտուղարը պատասխանեց. - «Մենք գնում ենք ընտրությունների, ընտրությունների արդյունքներով է պայմանավորված։ Շատ հետաքրքիր է՝ ընտրությունները հատկություն ունեն՝ ավարտվում են և թղթի վրա գրվում է, թե որ քաղաքական ուժը քանի մանդատ է ստացել, քանի ձայն է ստացել։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ, կրկնում եմ, և դրա հիմքերը ունենք, հաջորդ խորհրդարանում շատ ավելի լուրջ ներկայություն ունենանք, սկսել ենք արդեն նախապատրաստվել, ձևավորել ենք կենտրոնական շտաբ՝ իր կառուցվածքով, որպես Գերագույն մարմնի ներկայացուցիչ ես եմ շտաբը ղեկավարելու առաջիկա ընտրությունների»։

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք այստեղ․

XS
SM
MD
LG