Մատչելիության հղումներ

logo-print

Թալիշցիները պատրաստ են վերադառնալ գյուղ, եթե այնտեղ ապահով լինի


Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը «Ազատության» հետ զրույցում պնդեց, որ Թալիշ գյուղի անվտանգության մակարդակն արդեն իսկ բարձրացել է։

«Արդեն իսկ Թալիշ գյուղի տղամարդկանց մի զանգված այնտեղ է, և նրանք և՛ ծառայում են Պաշտպանության բանակի շարքերում, և՛ հանդիսանում են գյուղի վերադարձման, վերաբնակեցման կարևորագույն տարր: Հապճեպ մենք չենք ուզում որևէ մեկին բերել, որովհետև արդեն իսկ գալիս են, այդ վերադարձը կատարվում է: Կարծում ենք, մեկ֊ մեկուկես տարում արդեն Թալիշը որպես գյուղ կվերականգնվի», - ասաց Դավիթ Բաբայանը:

Նախքան ապրիլյան պատերազմը շփման գծին մոտ գտնվող Թալիշում 125 ընտանիք կար։ Դրանցից մոտ երեք տասնյակը ԼՂ կառավարության աջակցությամբ տեղափոխել են Թալիշից 35 կմ հեռավորության վրա գտնվող Ալաշան գյուղ։ Մյուսներն ապրում են Ղարաբաղի և Հայաստանի տարբեր բնակավայրերում։ Բուն Թալիշում այժմ մի քանի տղամարդ է ապրում:

Հայաստանում ժամանակավոր բնակություն հաստատած բազմաթիվ ընտանիքներ անգամ մեծ ցանկության դեպքում չեն կարողանում վերադառնալ Ղարաբաղ․ ռազմական գործողությունների ժամանակ տները վնասվել են: Ալաշանում ապրելու համար դեռ սպասում են իրենց հերթին, իսկ Հայաստանում սոցիալական խնդիրների առաջ են կանգնել։

12 զավակների մայր Սիլվա Խալաթյանը երկու որդիների հետ վարձով ապրում է Կոտայքի մարզի Արզնի գյուղում։

Դեռ ղարաբաղյան պատերազմից սկսած նրանց ընտանիքը մի քանի անգամ ստիպված է եղել լքել գյուղը, հետո նորից վերադարձել են։ Բայց այսօր, ինչպես տիկին Սիլվան է ասում, Թալիշի անունը լսելուց անգամ մարմնով սարսուռ է անցնում։

Նրա որդին ևս չի ուզում Թալիշ վերադառնալ․ - «Ես գյուղ չեմ ուզում նրա համար էթամ, որ բազմազավակ մայր ա, վեց֊յոթ ամիս ա, ստեղ է, ոչ մեկ չի մտնում՝ տենա ոնց ա, ինչ ա․․․ Ինը տղա ա բանակ ուղարկել, իրեք տարի էլ են ծառայել, հինգը տարի էլ․․․ Բայց էսօր ոչ մի տեղ գրված չի էդքանը: Դրա համար էլ հետ չեմ ուզում էթամ»:

Անօգնական մնացած թալիշցի ընտանիքներ Կոտայքի մարզում էլի կան։ Աբելյանների ընտանիքն Աբովյանում է ապրում՝ 8 հոգով 2 սենյականոց բնակարանում։ Ընտանիքի մոր՝ Ալլա Աբելյանի խոսքով՝ բազմիցս լսել են, որ թալիշցիներին օգնել են, բայց իրենք մինչ այսօր որևէ աջակցություն չեն ստացել․ - «Եթե գոյություն ունի, որ Ղարաբաղը կա, էդ իշխանությունը կա, էդ մեծամեծերը կան, մեկին կհասնի, մեկին՝ չէ՞»:

Թալիշի գյուղապետ Վիլեն Պետրոսյանի խոսքով, գյուղում շինարարական աշխատանքներն արդեն սկսվել են։

Անդրադառնալով գյուղի անվտանգությանը՝ գյուղապետը ասաց, որ վերջին օրերին իրավիճակը սահմանին խաղաղ է, բայց ոչինչ միանշանակ չէ․ - «Դիրքերում կրակոցները մշտական լինում են․․․ Ընդհանուր առմամբ, որ ասում ենք կրակոց, դա նշանակում է նվազագույնը ականանատետ կամ այլ խոշոր տրամաչափի զենքեր: Դրանցից կրակոցներ ես չեմ լսել: Դրանց ոչ չկրակելով պետք է մենք ուրախանանք, ոչ էլ կրակելով տխրենք: Միանշանակ չի, որ էսօր չեն կրակում, վաղն էլ չեն կրակի»:

XS
SM
MD
LG