Մատչելիության հղումներ

Ադրբեջանի Մեջլիսում պահանջում են վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունները


Հայաստան - «Իսկանդեր» համակարգերը Անկախության 25-ամյակի զորահանդեսի ժամանակ, Երևան, 21-ը սեպտեմբերի, 2016թ․
Հայաստան - «Իսկանդեր» համակարգերը Անկախության 25-ամյակի զորահանդեսի ժամանակ, Երևան, 21-ը սեպտեմբերի, 2016թ․

Ռուսաստանը աջակցում է Հայաստանին՝ «Իսկանդեր»-ներ վաճառելով Երևանին, պնդում է ադրբեջանցի պատգամավորը:

Ադրբեջանցի խորհրդարանականները երկրի իշխանություններից պահանջում են վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունների ներկայիս ձևաչափը: Այդ մասին ադրբեջանցի իշխանամետ պատգամավորները հայտարարում էին Միլի մեջլիսի երեկ հրավիրված լիագումար նիստի ժամանակ:

Նախիջևանի ինքնավար հանրապետության Օրդուբադի և Ջուլֆայի շրջաններից ընտրված Գուդրաթ Հասանղուլիևի համոզմամբ՝ հարաբերությունների վերանայման անհրաժեշտությունը ծագել է պաշտոնական Մոսկվայի վերջին գործողությունների հետևանքով: «Մի կողմից Ռուսաստանը հանդես է գալիս որպես Մինսկի խմբի համանախագահ պետություն, մյուս կողմից էլ աջակցում է Հայաստանին` «Իսկանդեր» հրթիռային համակարգեր վաճառելով Երևանին», - նշում էր պատգամավորը:

«Եթե Ռուսաստանն իրոք ցանկանում է Ադրբեջանի հետ իր հարաբերությունները կառուցել ռազմավարական գործընկերության ձևաչափում, ապա Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում պետք է անկողմնակալ և չեզոք դիրքորոշում որդեգրի: Եթե դա տեղի չունենա, ռուս - ադրբեջանական հարաբերությունները պետք է վերանայվեն: Մոսկվայի գործողություններին ի պատասխան՝ մենք կարող ենք խորացնել հարաբերությունները այլ պետությունների, օրինակ՝ Իսրայելի կամ Պակիստանի հետ», - հայտարարում էր Հասանղուլիևը:

Միլի մեջլիսում Բաքվի Սուրախանի շրջանը ներկայացնող Ֆարաջ Գուլիևի համոզմամբ էլ՝ Մոսկվայի հակաադրբեջանական քաղաքականության վկայություններից մեկը հայ-ռուսական միացյալ զորախմբի ստեղծումն է: Դրան, ըստ պատգամավորի, Ադրբեջանը պետք է համարժեք պատասխան տա` նաև միջազգային ռազմաքաղաքական համագործակցության խորացման տեսքով:

«Ադրբեջանն էլ կարող է ՆԱՏՕ-ի` մասնավորաբար Թուրքիայի հետ համատեղ զորախումբ ստեղծել Նախիջևանում` ի պատասխան Ռուսաստանի և Հայաստանի միացյալ զորամիավորման ստեղծման», - ասում էր Գուլիևը:

Ադրբեջանի խորհրդարանում ծավալված քննարկման ոչ բոլոր մասնակիցներն էին, սակայն, որ կոչ էին անում վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունների ներկա մակարդակը: Բաքվից ընտրված պատգամավորներից ևս մեկը` քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը, դիմելով գործընկերներին, կոչ էր անում Մոսկվայի հետ հարաբերություններում հույզերով չառաջնորդվել:

«Մենք այստեղ կոշտ քննադատություն ենք հնչեցնում Ռուսաստանի հասցեին, բողոքում ենք: Իրականում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը հարկավոր է լուծել ոչ թե Ռուսաստանի հետ հակամարտության մեջ մտնելու, այլ Մոսկվայի հետ կապերի սերտացման միջոցով: Մենք Ռուսաստանի հետ շատ ավելի ջերմ, բարիդացիական հարաբերություններ պետք է կառուցենք», - համոզված է Մուսաբեկովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG