Մատչելիության հղումներ

«Մշակույթների երկխոսություն» ծրագրի շրջանակներում ցուցադրվում են Սիլաս Հայցմանի աշխատանքները


Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) այսօր բացվել է շվեյցարացի երիտասարդ արվեստագետ Սիլաս Հայցմանի աշխատանքների ցուցահանդեսը:

Ցուցահանդեսի բացմանը նախորդած ասուլիսին Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասերին ջատագովեց երիտասարդ շվեյցարացի արվեստագետին՝ շեշտելով, որ Երևանում բնակության նրա 6 ամիսները «Մշակութային երկխոսություն» ծրագրի շրջանակներում զգալի արդյունք են ունեցել:

Վկան, ըստ դեսպանի, այսօր ներկայացվող ուրբանիստական ուղղվածության ուշագրավ աշխատանքներն են․ - «Մենք համոզված ենք, որ Երևանի պես քաղաքը իրենից արվեստի, մշակույթի, հասարակագիտության, քաղաքականության, խոհանոցի, երաժշտության մի հետաքրքիր բեմ է հանդիսանում»:

Սիլաս Հայցմանը ուսանել է Բազելում և Լայպցիգում, նրա արվեստը ներառում է նաև գրաֆիկական արվեստը, մետաքսագրությունը: Իր աշխատանքներում նա անդրադառնում է քաղաքային միջավայրում և մարդկանց սոցիալական կյանքում տեղի ունեցող փոփոխություններին ու բեկումներին: Նրա արվեստի ոգեշնչման աղբյուր են հանդիսանում «ճարտարապետությունը, տարածական դատարկությունը, փոփ արվեստը, կարոտը, բողոքը»:

«Մշակույթների երկխոսություն» կազմակերպության գործադիր տնօրեն Սոնա Հովսեփյանի խոսքով՝ Սիլաս Հայցմանն իրենց ծրագրի արդեն երկրորդ մասնակիցն է:

Շվեյցարական «Քրիստոֆ Մերիան» հիմնադրամի և Ֆրայբուրգի քաղաքապետարանի հետ համատեղ մշակվել և այս տարվա հունվար ամսից իրականացվում է արվեստագետների փոխանակման ծրագիրը, որի առաջին մասնակիցը եղել է Արման Վահանյանը Երևանից: Նա 6 ամիս Շվեյցարիայում ապրելուց հետո տեղի հասարակությանը ներկայացել է ցուցահանդեսով, դե իսկ Սիլաս Հայցմանն էլ ահա այս ծրագրի շրջանակներում արդեն երկրորդ ցուցահանդեսն է բացում Հայաստանում:

Մինչև ցուցահանդեսի բացումը «Ազատության» հետ զրույցում շվեյցարացի երիտասարդ արվեստագետն ասում էր, որ իրեն դուր է եկել այստեղ բնակվելն ու աշխատելը, իսկ այստեղ հասցրել է այցելել գրեթե բոլոր թանգարաններն ու պատմամշակութային վայրերը և շատ տպավորված է:

Սիլաս Հայցմանն ասում էր նաև, որ իր աշխատանքներում անդրադառնում է քաղաքային միջավայրին, ուրբանիստական հոսանքներին ու դրսևորումներին, ոգևորված է ճարտարապետությամբ, կոթողներով, դրանց ներուժով, որոնք ոչ միայն գեղագիտական արժեք են ներկայացնում, այլ նաև «կարող են բողոքի և հասարակություններում փոփոխությունների պատճառ հանդիսանալ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG