Մատչելիության հղումներ

logo-print

Ռոմնիի փոխարեն պետքարտուղարի թեկնածու կարող է դառնալ Պեթրեուսը


Պաշտոնաթող գեներալ, ԿՀՎ-ի նախկին տնօրեն Դեյվիդ Պետրեուսը զրուցում է Դոնալդ Թրամփին հանդիպելուց հետո լրագրողների հետ, Նյու Յորք, 28 նոյեմբերի, 2016թ.

Պաշտոնաթող գեներալ, ԿՀՎ-ի նախկին տնօրեն Դեյվիդ Պետրեուսը զրուցում է Դոնալդ Թրամփին հանդիպելուց հետո լրագրողների հետ, Նյու Յորք, 28 նոյեմբերի, 2016թ.

Ամերիկայի ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ապագա թիմը կազմելու գործընթացը, կարծես, հապաղում է: Ամենաառանցքային պաշտոններից մեկի՝ արտաքին գերատեսչության ղեկավարի ընտրության հարցում առայժմ անորոշություն է:

Թրամփի հաղթանակին հաջորդած առաջին օրերին շրջանառության մեջ էին դրվել ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Բոլթոնի, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջուլիանիի, ապա Մասաչուսետսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնիի անունները:

Թրամփը և Ռոմնին հանդիպել են Նյու Ջերզիում Թրամփի սեփական գոլֆ ակումբում, երկար զրուցել են, Թրամփի օգնականները ակնարկել են, որ «ամիսներ առաջ միմյանց հեգնելու և դատափետելու հանգամանքը մի կողմ է դրվել, և Ռոմնին կարող է շատ մեծ դեր կատարել ապագա կաբինետում՝ այո, հենց պետդեպարտամենտում»:

Բայց անցել է ևս մի քանի օր, և հանրապետականները սկսել են խոսել Ռոմնիի թեկնածության անընդունելի լինելու մասին: Ընտրյալ նախագահի բարձրաստիճան խորհրդական Քելիան Քոնվեյն անցած կիրակի օրն ասել է, թե Թրամփի մեծ թվով աջակիցներ վիրավորական կհամարեն Ռոմնիին պետական դեպարտամենտը վստահելու առաջարկը:

Որոշ մեկնաբաններ նույնիսկ չեն բացառում, որ Քոնվեյը՝ որպես բարձրաստիճան խորհրդական և ընտրարշավի մենեջեր, պարզապես չէր կարող նմանօրինակ հրապարակային հայտարարություն անել առանց վերադասի՝ ընտրյալ նախագահի հավանության, ուստի հենց Թրամփն է որոշել նման եղանակով նսեմացնել ու պատժել Ռոմնիին, ով ընտրարշավի ընթացքում իր հասցեին հնչեցրել է հեգնական մեկնաբանություններ:

«Մարդիկ իրենց խաբված կզգան, եթե այդ կարգի բարձր պաշտոնն առաջարկվի նահանգապետ Ռոմնիին, ով հրապարակավ հարցականի տակ է առել Թրամփի մտավոր ունակությունները, ղեկավարելու կարողությունը: Թրամփի նկատմամբ Ռոմնիի վերաբերմունքն այս ընթացքում պարտապես նողկալի էր», - ասել է տիկին Քոնվեյը:

Ռոմնիին է դեմ նաև Սթիվ Բենոնը, ով աշխատելու է որպես Սպիտակ տան ավագ խորհրդական:

Ռոմնին մեծ կշիռ ունի հանրապետականների շրջանում, և մի խումբ ազդեցիկ կուսակցականներ կողմ են նրան պետքարտուղար առաջարկելու գաղափարին:

«Ես էլ կուսակցության միասնության ջատագով եմ, բայց դա բնավ չի նշանակում, որ մենք պետք է դրա համար վճարենք պետքարուղարի պաշտոնով», - ասել է Քոնվեյը:

Թրամփը ևս մեկ անգամ է հանդիպելու Ռոմնիին, և գուցե այդ երկրորդ հանդիպման ընթացքում կասի, որ նրան այլևս չի համարում պետքարտուղարի թեկնածու, գուցեև մեկ այլ պաշտոն առաջարկի:

Մինչդեռ, պետքարտուղարի թեկնածուների ցանկում կա երկու նոր անուն՝ հանրապետական սենատոր, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Քորքերը և պաշտոնաթող գեներալ, Կենտրոնական հետախուզական վարչության նախկին տնօրեն Դեյվիդ Պեթրեուսը: Ի դեպ, նա վերջերս BBC-ին ասել է, թե կգերադասեր ղեկավարել Պենտագոնը, բայց այս պահին խոսքը պետքարտուղարի պաշտոնի մասին է:

Թրամփի և Պեթրեուսի մեկժամյա հանդիպումը, ըստ պաշտոնաթող գեներալի, շատ հետաքրքիր էր և արդյունավետ:

Այսօր Թրամփը ենթադրաբար կհայտարարի նոր առաջադրումների մասին: Մասնավորապես, ըստ Նյու Յորքից ստացված լուրի, նա արդեն առաջարկել է հանրապետական կոնգրեսական Թոմ Փրայսին առողջապահության և սոցիալական ծառայությունների նախարարի պաշտոնը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG