Մատչելիության հղումներ

Ադրբեջանում սակագների կտրուկ բարձրացումը «կարող է հանգեցնել սոցիալական մեծ բողոքի»


Բաքու, արխիվ

Բաքու, արխիվ

Ադրբեջանի տնտեսագիտական շրջանակներում կասկած չունեն, որ գազի և հոսանքի սակագների աճը կհանգեցնի նոր, կտրուկ և համատարած գնաճի ինչպես սննդամթերքի շուկայում, այնպես էլ ծառայությունների և տրանսպորտի ոլորտներում:

Ադրբեջանի կառավարության որոշմամբ, բարձրացվել են էլեկտրաէներեգիայի և գազի՝ երկրում գործող սակագները: Ըննդ որում, այս տարվա ընթացքում էլեկտրաէներգիան արդեն երկրորդ անգամ է թանկանում:

Ադրբեջանի սակագնային պետական հանձնաժողովը կոմունալ ծառայությունների վճարման «տարբերակված համակարգի» անցնելով՝ որոշում է կայացրել պահպանել նախկին սակագինը բնակչության այն շերտի համար, որի ներկայացուցիչների սպառման տարեկան ծավալը չի գերազանցում 1500 խորանարդ մետրը: Նոր գին է սահմանվել այն սպառողների համար, ովքեր 1500 խմ-ից ավելի են ծախսում:

Արդյունաբերական խոշոր ձեռնարկությունների համար 1000 խմ գազի գինը 80 մանաթից բարձրացվել է մինչև 120 մանաթի (68 ԱՄՆ դոլար), իսկ բնակչություն չհանդիսացող կատեգորիայի մյուս սպառողների համար 1000 խմ գազի գինը 100-ից հասցվել է 200 մանաթի (մոտ 114,6 ԱՄՆ դոլար):

Անցած հուլիսին արդեն մոտ 16 տոկոսով թանկացած էլեկտրաէներգիան, այս նոր որոշման համաձայն, ավելի է թանկացել․ 1 կիլովատ ժամի մեծածախ գինը բարձրացել է մոտ 25 տոկոսով: Այն սպառողների համար, որոնց սպառման ամսական ծավալը չի գերազանցում ժամում 250 կիլովատը, նախկին սակագինը պահպանվել է: Հիշեցնենք՝ այս փոփոխությունները հաջորդում են մայիսին խմելու ջրի և կոյուղու սակագների բարձրացմանը:

Ադրբեջանի փորձագիտական շրջանակներում սա աննախադեպ թանկացումների սկիզբ են համարում: «Չնայած հանրային նշանակության այս որոշմանը, կառավարության և ոչ մի ներկայացուցիչ չբարեհաճեց եթերում բնակչությանը բացատրել, թե ինչ է այս ամենի ետևում թաքնված»,- «Ազատության» ադրբեջանական ծառայության հետ զրույցում նշել է ադրբեջանական «Ռեալ» ընդդիմադիր շարժման ներկայացուցիչ, տնտեսական հարցերով փորձագետ Նաթիգ Ջաֆարլին: Նրա համոզմամբ՝ ադրբեջանցի պաշտոնյաների նման վերաբերմունքը շատ պարզ բացատրություն ունի․ նրանք հաշվի չեն նստում քաղաքացիների հետ, քանի որ որևէ կերպ կախված չեն այդ քաղաքացիների կամաարտահայտությունից :

Ադրբեջանցի մեկ այլ տնտեսագետ՝ Ռովշան Աղաևի գնահատմամբ, գազի և հոսանքի վերջին թանկացումն, անշուշտ, ծանր հարված կլինի բնակչությանը: «Համաշխարհային բանկի անցյալ տարվա վիճակագրության համաձայն, Ադրբեջանի բնակչության 67 տոկոսը համարվում է անապահով, իսկ այդ զանգվածի 5 տոկոսը՝ ծայրաստիճան աղքատ: Կառավարության այս որոշումը վկայում է այն մասին, որ երկրում սոցիալական քաղաքականություն չի իրականացվում»,- նշել է Աղաևը:

Ադրբեջանի տնտեսագիտական շրջանակներում կասկած չունեն, որ գազի և հոսանքի սակագների աճը կհանգեցնի նոր, կտրուկ և համատարած գնաճի ինչպես սննդամթերքի շուկայում, այնպես էլ ծառայությունների և տրանսպորտի ոլորտներում: Ադրբեջանի կառավարությունը ևս առանձնապես լավատես չէ եկող տարի բնակչության սոցիալական ապահովության հարցում: «Առաջիկայում նիհարելու ենք, սակայն սովամահ չենք լինի»-, այսպես է մեկնաբանում «Ազատություն» ռադոիկայանի ադրբեջանական ծառայությունը կառավարության հաջորդ տարվա կանխատեսումները:

«Հոռետեսական ոգով այդ կանխատուսումները որևէ հույս չեն ներշնչում քաղաքացիների սոցիալական վիճակի բարելավման հարցում: Միևնույն ժամանակ, այդ կանխատեսումներին ծանոթ փորձագետների կարծիքով, դժվարությունները, որոնց հաջորդ տարի կբախվեն ադրբեջանցիները, սոցիալական մեծ բողոքի կհանգեցնի»,- հայտնում է «Ազատության» ադրբեջանական ծառայությունը: Լրատվամիջոցի հետ զրույցում Ekonomiks միջազգային միավորման ղեկավար Ֆիքրեթ Յուսիֆովն ասել է, թե տնտեսական ցուցանիշներն ու դրանով պայմանավորված սոցիալական ոլորտի վատթարացումը արմատական պատճառներ ունեն, և կառավարությունը քայլեր է ձեռնարկում եղած խնդիրները հաղթահարելու ուղղությամբ:

«Ադրբեջանի տնտեսությունը հիմնված է նավթային գործոնի վրա, հիմնական եկամուտը, ինչպես և նախկինում, ստացվում է այդ ոլորտից: Սակայն, այդ գործոնից ձերբազատվելու հսկայական աշխատանք է տարվում: Կարծում եմ 2-3 տարի կպահանջվի, որպեսզի տնտեսական իրավիճակը կայունանա»,- նշել է Ֆիքրեթ Յուսիֆովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG