Մատչելիության հղումներ

Զեկույց․ Բանտախցերի գերբնակեցման խնդիրը չի լուծվել


Չնայած կառավարության ներկայացուցչի առարկություններին, հասարակական դիտորդները նշում են, որ «հրահանգված է» դիտորդներին զրկել «քաղաքական հայացքների համար դատապարտվածներին» տեսակցելու հնարավորությունից:

Բանտերում դիտորդություն իրականացնող հասարակական խումբն այսօր հրապարակել է 2014, 2015 թվականների զեկույցը, որում, անդրադարձ կատարելով անցած տարիներին կառավարության իրականացրած բարեփոխումներին, նաև մատնանշում է դեռևս լուծում չստացած բազմաթիվ խնդիրներ։

Ինչպես և նախկինում, հիմնական խնդիրներից է խցերի գերբնակեցումը։ Դիտորդական խմբի անդամ Օֆելյա Զալյանն այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ նշեց՝ չնայած գերբնակեցման խնդիրը լուծելու համար կառուցվեց Արմավիրի բանտը, սակայն, մի շարք այլ քրեակատարողական հիմնարկներում մարդիկ դեռևս հերթով են քնում։ ««Սևան», «Կոշ» և «Արթիկ» քրեակատարողական հիմնարկներում կիսաբաց և կիսափակ ռեժիմի կացարաններից յուրաքանչյուրում պահվել են մի քանի տասնյակ դատապարտյալներ, ընդհուպ մինչև 45 մարդ՝ մեկ կացարանում: «Նուբարաշեն» ՔԿՀ-ում արձանագրվել է դեպք, երբ խցում, որտեղ տեղադրված է 8 մահճակալ և 1 բազմոց, բնակվել է 15 անձ, սա գրանցված միակ դեպքը չէ»,- պատմում է Զալյանը:

Դիտորդները փաստում են՝ քանի դեռ հայաստանյան քրեաիրավական պրակտիկայում ամենատարածված խափանման միջոցը կալանքն է, իսկ ազատազրկումը մնում է դատապարտման հիմնական ձևը, գերբնակեցման խնդիրը կշարունակի արդիական մնալ։ Բանտերում ուսումնասիրություններ իրականացնող հասարակական խումբն ահազանգում է այլ խնդիրների մասին ևս՝ գերբնակեցված խցերում նաև սանիտարական վատ վիճակ է: Զուգարաններ՝ նույն խցում, վատ լուսավորություն, թույլ ջեռուցում և այլն։

Դիտորդ Ռոբերտ Ռևազյանը, թվարկելով թերությունները՝ մեկ այլ հարց էլ առանձնացրեց․ եթե նախորդ տարիներին դիտորդական խումբն անարգել այցելում էր նաև տեսակցությունների արգելք ունեցող դատապարտյալներին, ապա այս տարեսկզբից իրենք զրկվել են այդ հնարավորությունից:

Սա հիմնականում «քաղաքական հայացքների համար դատապարտվածներին է առնչվում», պնդում է Ռևազյանն ու շարունակում՝ «Մեզ համար արդեն ակնհայտ դարձավ, որ սա ոչ թե ինչ-որ իրավական ակտի վերլուծության հետևանքով քաղաքականության փոփոխություն է տարվել ՔԿՀ-ներում, տարբեր աշխատակիցների կողմից, այլ զուտ քաղաքականություն է, կարելի է ասել՝ հրահանգված, որ այս այս այս քաղաքական գործերով չպետք է թույլ տալ՝ մտնել»:

Այսօրվա քննարկմանը ներկա՝ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը, մինչդեռ, հավաստիացրեց, թե գերբնակեցման խնդիրը հիմնականում լուծվել է։ Ըստ նրա, լուծվել են բանտախցերում առկա այլ խնդիրներ ևս։ Ինչ վերաբերում է տեսակցության իրավունք չունեցող դատապարտյալների այցելություններին, Քրմոյանն ասաց, թե այս հարցը կարգավորվում է օրենքով:

«Օրենքն ասում է, որ երկու խումբ անձինք կան, որոնք անարգել մուտքի իրավունք ունեն և այդ անարգել մուտքը, այդ թվում դիտորդական խմբի, ապահովվում է: Եվ որոշակի կատեգորիա կա, որը նաև անարգել տեսակցելու իրավունք ունի, նույնիսկ քննիչի կողմից սահմանափակման պայմաններում: Դա մարդու իրավունքների պաշտպանն է, անձի փաստաբանն է և այդ իրավունքը մենք երաշխավորում ենք»,- ասաց փոխնախարարը:

Ի պատասխան, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը հիշեցրեց նախորդ տարիների փորձը, երբ խմբի ներկայացուցիչների նկատմամբ արգելքներ չէին հարուցվում: «Դա չի եղել ոչ 2004 թվականի դեպքերի ժամանակ, չի եղել 2006 թվականին՝ ինչու եմ ես հատուկ շեշտում սա, երբ Ժիրայր Սեֆիլյանը և Ալիկ Արզումանյանը այդ նույն արգելանքի տակ էին, չի եղել 2008 թվականին և ընդհանրապես դա չի եղել: Եվ ասեմ՝ դա ոչ թե քրեակատարողական վարչության սխալն է եղել, այլ դա եղել է օրենքի ճիշտ մեկնաբանում»,- ասաց Իշխանյանը:

Արդարադատության փոխնախարար Քրմոյանը «Ազատության» հետ զրույցում անդրադարձավ «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ՝ Միայնակ Գայլ մականվամբ Արայիկ Խանդոյանի եղբոր՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ մեղադրվող Արարատ Խանդոյանի բողոքին։ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանն ահազանգել էր, որ նրան տեղափոխել են մի պատժախուց, որի լուսամուտի ապակին կոտրված է, պայմաններն էլ՝ անմարդկային։

«Շատ հաճախ, ցավոք սրտի․․․բայց նաև օբյեկտիվորեն եմ ընդունում, որովհետև պաշտպանի խնդիրն է․ իրենք մի քիչ ավելի գույները խտացնում են, որպեսզի լուծում ստանան իրենց պաշտպանյալների․․․ոչ թե իրավական եղանակով, այլ լրատվամիջոցներն օգտագործելով՝ ասեն, որ, համենայն դեպս, հարգանքը մարդկանց նկատմամբ, ցանկացած արարք կատարած: Էդ խնդիրները՝ դիտավորությամբ որևէ մեկին տեղափոխել, մի վիճակի մեջ դնել, որ իրենք զրկանքներ կրեն, չկան: Առավել ևս՝ եթե խոսում ենք ազատամարտիկների մասին, որոնք ինչ-որ խնդիրներ այս պահին ունեն օրենքի հետ»,- ասաց Քրմոյանը:

Մինչդեռ, Խանդոյանի պաշտպանը հիշեցրեց՝ միայն մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի միջամտությունից հետո նրա խցում ապակի տեղադրվեց: Արա Ղարագյոզյանի պնդմամբ՝ իր պաշտպանյալին հատուկ էին նման անմարդկային պայմաններում պահում: «Դա միտում է, քանի որ նա քաղաքական հայացքների համար է կալանավորված, այդ միջոցով ուզել են նաև Արայիկ Խանդոյանին ճնշել»,- համոզմունք հայտնեց փաստաբանը:

Արդարադատության նախարարությունը, մինչդեռ, շարունակում է հավաստիացնել․ ամեն ինչ անում են՝ մարդու իրավունքները պաշտպանելու ուղղությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG