Մատչելիության հղումներ

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Կուսակցությունների մասին» օրենքի նախագիծը


Օրինագծին կողմ քվեարկեցին 99 պատգամավոր:

Մինչև քվեարկությունը շարունակվեց դեռ երեկ սկսված վեճը Հանրապետական կուսակցությանը մեկ օրում անդամագրված 7 հազար հոգու թեմայով:

Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն էր կարծիք հայտնել, որ օրենքի փոփոխությամբ չի լուծվում հիմնական խնդիրը՝ վարչական լծակների չարաշահումը: Թե՛ գործող օրենքում, թե՛ առաջարկվող օրինագծում հստակ նշված է կամավորության սկզբունքը, մինչդեռ, ըստ Մանուկյանի, կասկածահարույց է, թե 7 հազար մարդ ազատ կամքով է մեկ օրում որոշել անդամագրվել ՀՀԿ-ին․ - «Ես ունեմ ծանոթներ, որոնց երկրորդ, երրորդ անգամ Հանրապետական կուսակցության անդամ են դարձնում․․․ Երկրորդ, երրորդ անգամ կրկնահանրապետականացվում են, եռահանրապետականացվում են»

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը (ՀՀԿ) արձագանքել էր․ - «Բոլորիդ հրավիրում եմ մեր կուսակցություն, և էդ 7 հազար մարդը, ովքեր որ իրենց տոմսերը կստանան, բոլորին մեկ առ մեկ կտեսնեք, հետները կխոսեք: Իսկ որ հիշողություններին եք անդրադարձել, ապա Ձեզ կհիշեցնեմ․ մի ժամանակ կար, երբ որ ասում էիք՝ ինչի մասին ուզում է լինի, պոլի փետ լինի, միայն ՀՀՇ-ից լինի: Մենք էդ էլ ենք հիշում»:

«Նիստը վարողը իր մեկնաբանություններով խախտում է կանոնակարգ օրենքը», - այսօր բանավեճը շարունակեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը․ - «Ընդ որում, հատկապես սա զարմանալի է Հերմինե Նաղդալյանի պարագայում․ ՀՀՇ֊ի գլխավորած «Հանրապետության» ցուցակում նա զբաղեցրել է 221-րդ տեղը: Եվ երբ որ նա խոսում է նրա մասին, որ այդ տեղերում ՀՀՇ-ն պոլի փետեր էր նշանակում, ես ուղղակի խորհուրդ եմ տալիս զգույշ լինել արտահայտություններով, որովհետև այդպես ցանկացած արտահայտություն կարող է ուղղվել ասողի դեմ: Եվ ընդհանրապես սա վերաբերվում է հանրապետականներին, որովհետև, եթե կա մի կուսակցությունը, որն իրավունք չունի թթու խոսք ասել առաջին նախագահի և Հայոց համազգային շարժման հասցեին, դա հենց Հանրապետական կուսակցությունն է»:

Խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանն արձագանքեց․ - «Նախ 90-ական թվականներին ՀՀՇ կուսակցություն չկար: Ամբողջ ազգը ՀՀՇ էր, բոլորս միասին: 95-ական թվականներին մենք միասին եկել ենք Ազգային ժողով՝ մեկ խնդրով․ մենք պաշտպանել ենք Ղարաբաղին, որին վերջում դուք ուզում էին տաք: Եվ էդպես հրամայաբար խոսել, որ ինչի Ազգային ժողովի փոխնախագահը Արամ Մանուկյանին պիտի ինչ-որ բան ասեր․․․ Եթե Արամ Մանուկյանը բան է ասում, հասնում է նաև իրեն ասելը: Այդ իսկ պատճառով էլ, եթե նորից կասեք, նորից ինչ-որ բան մեր կողմից կլսեք»:

Լևոն Զուրաբյանը շարունակեց 7 հազար նորաթուխ հանրապետականների թեման՝ քննադատելով իշխող քաղաքական ուժին միակուսակցական համակարգ ստեղծելու փորձերի, կեղծ ընդդիմություն ստեղծելու, իրական ընդդիմադիրներին ֆինանսավորել ցանկացող գործարարներին ճնշելու և վարչական լծակները հօգուտ Հանրապետականի օգտագործելու համար․ - «Մեծագույն հպարտությամբ հայտարարվեց նրա մասին, որ 7 հազար մարդ անդամակցել են Հանրապետական կուսակցությանը, մինչդեռ արդեն ամբողջ հանրապետությունն է քննարկում այն հանգամանքը, որ գազի և էլեկտրականության այդ համակարգերում գործ ունեցող մարդկանց ուղղակի բռնի ձևով ստիպում են անդամագրվել Հանրապետական կուսակցությանը: Երկրորդը, դուք քանդել եք իրական ընդդիմությանը, դուք ամեն ինչ արել եք, որ գործարարները չկարողանան ֆինանսավորել իրական ընդդիմությանը: Դրա օրինակները բազմազան են․․․ Կարող եք հիշել մենակ Բջնիի պատմությունը, որ լրիվ բավարար լինի հասկանալ, թե անգամ տնտեսությանը վնաս հասցնելու գնով դուք պատրաստ եք ամրապնդել ձեր կուսակցության դիրքերը և վնասել ընդդիմությանը: Եվ երրորդը, դուք զբաղված են եղել մշտապես աճեցնելով կեղծ ընդդիմություն»:

«Մեր 7 հազարը, մեր համագումարը ձեր գործունեությունը ո՛չ կանխում է, ո՛չ էլ մտածում ենք ինչ-որ ձևով կանխել», - արձագանքեց Գալուստ Սահակյանը:

XS
SM
MD
LG