Մատչելիության հղումներ

Նախագահն ու մշակույթի նախարարը քննարկել են ՀՀ-ն արտերկրում ներկայացնելու հնարավորությունները


Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը զեկուցել է նախարարության գործունեության գերակա ուղղություններից մեկի՝ Հայաստանում և արտերկրում հայկական մշակույթի հանրահռչակման ու զարգացման, մայրաքաղաքից բացի մարզերում ևս մշակութային կյանքի աշխուժացման ուղղությամբ նախարարության նոր նախաձեռնությունների մասին, որոնց նախագահն անդրադարձել էր օրերս՝ ՀՀԿ 16-րդ համագումարում հնչեցրած զեկույցի ժամանակ:

Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, Արմեն Ամիրյանը Սերժ Սարգսյանի հետ քննարկել է դրանց իրականացման, Հայաստանը մշակույթի միջոցով միջազգային հարթակներում լավագույնս ներկայացնելու հնարավորությունները:

Նախարարը փոխանցել է նաև նախագահի հետ մշակույթի գործիչների հանդիպման խնդրանքը: Նախագահը սիրով համաձայնել է հանդիպելու և զրուցելու նրանց հետ, նշելով, որ ինքն էլ այդպիսի հանդիպման անհրաժեշտություն ունի, իր մոտ էլ շատ հարցեր են կուտակվել, և խնդրել է պատրաստ լինել անկեղծ զրույցի, ասված է պաշտոնական հաղորդագրությունում:

Արմեն Ամիրյանն առաջարկել է ստեղծել համահայկական սիմֆոնիկ նվագախումբ, որի կազմում կընդգրկվեն աշխարհի տարբեր ծայրերում հանդես եկող մեր տաղանդավոր հայրենակիցները:

Առաջին համերգը, ըստ նրա, նախատեսվում է իրականացնել Երևանում, 2017 թվականի ապրիլի 24-ին, այնուհետև նվագախումբը տարվա ընթացքում հանդես կգա համերգներով արտերկրի մի շարք հայաշատ քաղաքներում:

Նախագահը ողջունել է գաղափարը, ընդգծելով, որ այն գրեթե ամբողջությամբ համապատասխանում է Հայաստան-Սփյուռք համագործակցության մասին իր պատկերացումներին ու համոզմունքին և ինչ-որ տեղ նաև խորհրդանշական գաղափար է. այն առաջին հերթին նշանակում է ներդաշնակություն, միասին աշխատելու կարողություն և, թերևս, նվագախումբը կարող է ներդաշնակ ու միասնական աշխատանքի օրինակ հանդիսանալ մյուս ոլորտներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG