Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ում հերքում են կուսակցությանը ստիպողաբար անդամագրելու մասին տեղեկությունները


Ւշխող Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) մինչև վարչապետ Կարեն Կարապետյանի անդամակցությունը 154 հազար անդամ ուներ: Այս թիվը կտրուկ կավելանա, եթե Հանրապետականին անդամագրվելու դիմումներ ներկայացրած 7 հազար քաղաքացիներն առաջիկայում նույնպես դառնան իշխող ուժի անդամ։

Ինչպես «Ազատության» հետ զրույցում նշեց Հանրապետականի գործադիր մարմնի անդամ, կազմակերպչական վարչության ղեկավար Ռուբեն Թադևոսյանը, այս պահին հանրապետական են դարձել կառավարության հինգ անդամներ՝ անցած ուրբաթ ՀՀԿ- ին անդամագրվեցին տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը և գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, իսկ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ըստ Թադևոսյանի, ավելի վաղ էր հանրապետական դարձել։

Ուշագրավ է, որ դեռևս անկուսակցական են մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, էներգետիկայի նախարար Աշոտ Մանուկյանը և սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանը։

«Ազատություն». - Պարոն Թադևոսյան, Կարեն Կարապետյանի անդամակցումից հետո տեղեկություն կար, որ 7 հազար քաղաքացի դիմում է ներկայացրել ՀՀԿ-ին անդամակցելու համար։

Թադևոսյան. - Այո, այո, մոտավորապես այդքան։ Հիմա մշակվում են այդ դիմումները։ Թիվն աճում է, ամեն օր էլ հոսքը կա, չի դադարել և շարունակվում է։

«Ազատություն». - Մոտավորապես որքա՞ն դիմում եք ստացել հենց Կարեն Կարապետյանի անդամակցումից հետո։

Թադևոսյան. - Մոտավորապես 7 հազարի կարգի։

«Ազատություն». - Հիմա այդ 7 հազարն էլ անդամագրվելո՞ւ են Հանրապետականին։

Թադևոսյան. - Դեռ մշակում ենք, կուսակցության կանոնադրությունը ենթադրում է, որպեսզի բոլոր քաղաքացիները Հայաստանի Հանրապետության, որոնք ցանկություն են հայտնել անդամագրվել, մենք պետք է հաշվառում իրականացնենք, հիմա այդ աշխատանքներն են իրականացվում։

Ռուբեն Թադևոսյանը հերքեց, թե հազարավոր դիմումները մեկ կառույցից են ստացել, մասնավորապես՝ «Գազպրոմ Արմենիա»-ից, և որ մարդկանց պարտադրաբար են դիմումներ գրել տվել։

«Ազատություն». - Միայն «Գազպրոմ»-ից որքա՞ն դիմում եք ստացել, եթե 7 հազարն էլ այնտեղից չեն։

Թադևոսյան. - Չեմ կարող ասել, երբ որ կհաշվենք, կասեմ։

«Ազատություն». - Բայց զգալի մասը որտեղի՞ց է, պարոն Թադևոսյան։

Թադևոսյան. - Չեմ կարող ասել այս պահին, երբ որ կմշակենք 6-7 հազար գործը մի օրում չե՞ս մշակի։ Լրիվ կասենք, մենք ունենք համապատասխան ծրագիր, որ կարող ենք ասել, թե տարիքային ցենզն ինչքան է, ինչքան են երիտասարդ, ինչքան են տարիքով, ինչ մասնագիտություններ ունեն, աշխատող են, աշխատող չեն, գործազուրկ են։

«Ազատություն». - Կարո՞ղ ենք ասել, որ սա աննախադեպ երևույթ է, և երբևէ չէր եղել, որպեսզի Հանրապետականը մեկ օրում 7 հազար դիմում ստանա։

Թադևոսյան. - Դա մեկ օրում չի եղել, ուղղակի համագումարից առաջ պարոն Կարապետյանի անդամագրության հետ կապված... մեկ օրում չեն կարող 7 հազար... մի քանի օրվա ընթացքում է եղել։ Եթե նայենք դիմումների վրա առկա տվյալները, ապա դա մի քանի օրվա ընթացքում է եղել։

«Ազատություն». - Ընդդիմադիրները պնդում են, որ այդ անձանց իրականում ստիպել են, որպեսզի նրանք դառնան իշխող Հանրապետականի անդամ։

Թադևոսյան. - Դա ապատեղեկատվություն է և թյուր կարծիք են ստեղծում։

«Ազատություն». - Նկատի ունեմ, դուք [ՀՀԿ] զրուցելո՞ւ եք քաղաքացիների հետ՝ հասկանալու համար, թե նրանք իսկապես ցանկանո՞ւմ են դառնալ ձեր կուսակցության անդամ, թե՞ նրանց ստիպել են։

Թադևոսյան. - Հարգելիս, բոլորի հետ էլ զրուցում ենք մեր կանոնադրության համաձայն։

«Ազատություն». - Ո՞ր դեպքում եք մերժում, թե՞ բոլորին էլ ընդունում եք կուսակցություն։

Թադևոսյան. - Չէ՛, լինում է նաև, որ մերժում ենք։

«Ազատություն». - Ո՞ր խնդրի դեպքում չեք ընդունում։

Թադևոսյան. - Տարբեր, եթե, օրինակի համար, եղել է ՀՀԿ-ի շարքերում և հեռացվել է կարգապահական կամ այլ բանի պատճառով։

«Ազատություն». - Տեղեկություններ կան, որ անգամ այս 7 հազարի մեջ եղել են դեպքեր, որ արդեն կուսակցության անդամը կրկին կուսակցության շարքերը համալրելու դիմում է ներկայացրել։

Թադևոսյան. - Այդպիսի դեպքում մենք համապատասխան միջոցներ ձեռք կառնենք, երբ որ կլինի՝ ձեզ կասենք, դեռևս այդպիսի դեպքեր չեն արձանագրվել։

«Ազատություն». - Այս պահի դրությամբ որքա՞ն անդամ ունի իշխող Հանրապետականը։

Թադևոսյան. - Մինչև այս պրոցեսը մենք ունեցել ենք 154 հազար անդամ, մի քիչ ավել։

«Ազատություն». - 154 հազար մինչև Կարեն Կարապետյանի անդամակցե՞լը։

Թադևոսյան. - Այո։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG