Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն այսօր ընդունել է «Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակի անդամներ, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Էրվան Բինեին և Հադրութի հետ բարեկամացած Վիեն քաղաքի նախկին քաղաքապետ Ժակ Ռեմիլեին։
Ղարաբաղի արտաքին գերատեսչության փոխանցմամբ, ԼՂ ԱԳ նախարարը, կարևորելով Լեռնային Ղարաբաղի և Ֆրանսիայի միջև տարբեր ոլորտներում համագործակցության զարգացումն ու խորացումը, բարձր է գնահատել բարեկամության շրջանակի կողմից այս ուղղությամբ իրականացվող հետևողական քայլերը։
Հանդիպման ընթացքում նաև մտքեր են փոխանակվել «Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակի գործունեությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ։
«Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակի անդամներն այսօր հանդիպել են նաև Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ։