Մատչելիության հղումներ

«Մեմորիալ»-ը հրապարակել է 1935-ից 1939 թվականներին НКВД-ի աշխատակիցների ցանկը


Ռուսաստանի իրավապաշտպան ամենահայտնի կազմակերպություններից մեկը՝ «Մեմորիալ» կենտրոնը, հրապարակել է ստալինյան ռեպրեսիայի ամենավատ տարիների՝ 1935-ից 1939 թվականներին НКВД-ի [Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատ] և նրա կառույցներում ընդգրկված աշխատակիցների ցանկը։

41 668 անուն, այսքան մարդ է ընդգրկված «Մեմորիալ»-ի հրապարակած ցանկում, որը կոչվում է «ԽՍՀՄ-ի պետական անվտանգության մարմինների կադրային կազմը 1935-ից 1939 թվականներին»։

Ըստ ծառայության վայրի, այդ թվականներին Հայաստանում 82 չեկիստ է ծառայել, նրանց նշանակումների վերաբերյալ հրամաններ կան։ 82-ից մոտավորապես երեքից մեկի ազգանունը հայկական չէ։ Բացառությամբ մի քանիսի, մեծ մասի ճակատագիրն անհայտ է՝ ծննդյան թվականի, վայրի, մահվան վերաբերյալ տեղեկություններ չկան։ Չեկիստների անձնական գործերը բացված չեն։ Երբ բացվել է նախկին միության փակ արխիվների մի մասը «Մեմորիալ»-ը, մասնավորապես, Անդրեյ Ժուկովը և մի խումբ իրավապաշտպաններ, պատմաբաններ երկար տարիներ ուսումնասիրել են այդ նյութերը։ 15 տարվա աշխատանքից հետո, նրանք օրերս հրապարակեցին НКВД-ի աշխատակիցների ցանկը՝ 41 հազար, որից ութ տասնյակից ավելին աշխատել է Հայաստանում։

Վրաստանում НКВД-ի կառույցներում մոտավորապես 350 մարդ է աշխատել, Ադրբեջանում՝ շուրջ 300 մարդ։ Նախկին միության այս հանրապետությունների պետական անվտանգության համակարգում տասնյակ հայկական անուններ և ազգանուններ կան։

Մինչև 1936 թվականը գոյություն է ունեցել Անդրկովկասյան Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետությունը, որի կազմում մտել են Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը։ Մինչև 1936 թվականը հարյուրավոր տվյալներ բերված են որպես մեկ մարմնի՝ Անդրկովկասյան Ֆեդերացիայի պետական անվտանգության մեկ համակարգի տվյալներ։ Երբեմն անհատապես տվյալ անձին վերաբերող, հրամաններից է երևում, թե որ հատվածում են նրանք ծառայել։

«Մեմորիալ»-ի հրապարակմանը վերջին օրերին լայնորեն արձագանքում են ռուսական լրատվամիջոցները։ «Նովայա գազետա»-ն գրել է. - «Մեմորիալ»-ը ներկայացրեց դահիճների «Վիքիպեդիա»-ն։ Մեծ տեռորի ժամանակ НКВД-ի 40 հազար աշխատակիցներին վերաբերող հրամանները՝ այդ չակերտավոր պարգևները տրվել են ժողովրդի թշնամիներ հայտնաբերելու, հետապնդելու, բռնաճնշումներ կազմակերպելու և իրականացնելու համար»։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն օրերս պատասխանելով հարցին, թե արդյո՞ք անհրաժեշտ էր հրապարակել այդ ցանկը, ասել է, թե դա զգայական թեմա է։ «Ակնհայտ է, որ շատերի կարծիքները տրամագծորեն հակառակ են, ընդ որում յուրաքանչյուր կողմը հանդես է գալիս բավականին հիմնավորմամբ», - ասել է Պեսկովը։

«Մեմորիալ»-ը գրել է, որ տեղեկագիրը նշանակալից քայլ է՝ ավելի խորը և ճիշտ ընկալելու համար 20-րդ դարի 30-ական թվականների ԽՍՀՄ պատմության ողբերգական էջերը։

XS
SM
MD
LG