Մատչելիության հղումներ

Արմեն Աշոտյան․ Այսօր շատ վաղ է դատել 2018-ի տարեկեսի իրադարձությունների մասին


Իշխող Հանրապետականի ղեկավարի պաշտոնում Սերժ Սարգսյանի վերընտրվելուց հետո կուսակցության ներկայացուցիչները չեն հստակեցնում, թե արդյոք նախագահ Սարգսյանը շարունակելու է գլխավոր իշխանությունը երկրում 2018-ից հետո, երբ կավարտվի նրա նախագահության ժամկետը:

Շաբաթ օրը ՀՀԿ 16-րդ համագումարում նախագահ Սարգսյանը հայտարարեց, որ 2017-ի խորհրդարանական ընտրություններում Հանրապետականի հաղթանակի դեպքում, վարչապետ Կարեն Կարապետյանը կշարունակի գլխավորել կառավարությունը: «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ անդրադառնալով հարցին, թե արդյոք Կարապետյանը կմնա վարչապետի պաշտոնում նաև 2018-ից հետո, երբ կավարտվի նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարումը, և երկրում կսկսի գործել խորհրդարանական համակարգը՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պատասխանեց․ - «Նա ժամանակավոր անձ չէ, նա Հայաստանից կարճաժամկետ առումով և տեսանելի առումով գնացող անձ չէ: Ինչ վերաբերում է Ձեր ասած առաջին ակնարկին, իհարկե, ամեն ինչ ժամանակավոր է, և այս տեսակետից չկա քաղաքական պաշտոն, որը որ չունենա վերջնաժամկետ: Ինչպիսի՞ն կլինի այդ վերջանաժամկետը․ այսօր դատել 2018 թվականի տարեկեսի իրադարձությունների մասին, կարծում եմ, շատ վաղ է: Բայց ակնհայտ է, որ Կարեն Կարապետյանի մուտքով Հանրապետականը ուժեղացավ»:

Դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանի Al Jazeera հեռուստաընկերության հետ զրույցում չի բացառել, որ ի վերջո կարող է դառնալ երկրի վարչապետ, Աշոտյանն արձագանքեց․ - «Որպեսզի մենք խոսենք նման հեռահար կանխատեսումների մասին, պետք է հաշվի առնենք մի կարևորագույն փաստ․ մենք ունենք գալիք 2017 թվականին խորհրդարանական ընտրություններ: Այդ ընտրությունների արդյունքում է ձևավորվելու խորհրդարանը, և խորհրդարանը ձևավորելու է կառավարություն: Իհարկե կարևոր է՝ Մեսսին կխաղա «Բարսելոնա»-ի մոտակա խաղում, թե՝ չէ, բայց կարևոր է, որ «Բարսելոնա»-ն Չեմպիոնների լիգայի եզրափակչում լինի»:

Հարցին, թե տվյալ դեպքում Մեսսին ով է՝ Կարեն Կարապետյա՞նը, թե՞ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀԿ փոխնախագահը պատասխանեց․ - «Համեմատության մեջ, կարծում եմ, այս պարագայում գլխավոր մարզչի հետ կարելի է համեմատել նախագահին»:

Սահմանադրական հանրաքվեից առաջ մտահոգություն էր հնչում, որ իշխանությոնները փոխում են երկրի մայր օրենքը՝ Հայաստանը դարձնելով խորհրդարանական, որովհետև գործող Սահմանադրությունը արգելում էր նույն անձին ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Հանրապետության նախագահ, ինչը նշանակում է, որ Սերժ Սարգսյանը 2018-ից հետո իշխանությունը պետք է հանձնի ուրիշին: Մինչդեռ, խորհրդարանական Հայաստանն այլևս հնարավորություն է տալիս Սարգսյանին շարունակաբար իշխել՝ դառնալով վարչապետ:

Թերևս արձագանքելով այս մտահոգոություններին՝ 2014-ի ապրիլին, դեռ սահմանադրական փոփոխություններից առաջ, նախագահ Սարգսյանը հրապարակավ հայտարարեց․ - «Պաշտոնապես հայտարարում եմ, որ ես՝ Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին»:

Այս հայտարարությունից երկուևկես տարի անց՝ անցած ամիս, երբ հանրաքվեի արդյունքներով Հայաստանն այլևս անցում է կատարելու խորհրդարանական հանրապետության, նախագահ Սարգսյանը Al Jazeera հեռուստաընկերության հետ զրույցում չբացառեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո կարող է զբաղեցնել վարչապետի պաշտոնը․ - «Ես շատ վաղ եմ համարում այդ խոսակցությունները վարելը: Ինչո՞ւ: Դա նույնն է, երբ որ դեռևս ձուկը ջրում, մենք սկսենք խոսել նրա օգտագործման մասին․․․ Մենք հաջորդ տարի ունենալու ենք խորհրդարանական ընտրություններ, և որպեսզի ես էդպիսի տարբերակ դիտարկեմ, առնվազն մեր կուսակցությունը պետք է ընտրություններում շատ լավ քվե ստանա»:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Արմեն Աշոտյանը ասաց․ - «Հանրապետական կուսակցությունը այսօր ներկուսակցական ժողովրդավարացման իր աստիճանով ամենաժողովրդավար կուսակցությունն է, ես ձեզ հավաստիացնում եմ»: Անգամ համեմատություն տարվեց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ․ - «Խոսում են կուսակցության ղեկավարի ընտրության մասին: Սերժ Սարգսյանը ղեկավարում է Հանրապետական կուսակցությունը 2007 թվականից: Անգելա Մերկելը ղեկավարում է Գերմանիայի Քրիստոնեադեմոկրատական միությունը 2000 թվականից»:

Հարցրեցինք՝ տարօրինակ չէ՞, որ իրեն ժողովրդավարական հռչակող ՀՀԿ-ի բազմահագարանոց համագումարում բոլորը նույն կերպ քվեարկեցին, կուսակցության ղեկավարությանը քննադատող գեթ մեկ ելույթ չեղավ, իսկ ՀՀԿ նախագահի պաշտոնում առաջադրվեց մեկ թեկնածու՝ Սերժ Սարգսյանը: Աշոտյանը պատասխանեց․ - «Մենք բոլոր հարցերը մշակել, բերել ենք: Նույնը կանոնադրությանն է վերաբերում՝ աշխատած փաստաթուղթ է: Նույնը բանաձևին է վերաբերում: Հիշում եք, նախագահն ասեց, որ բանաձևում դեռ կարող են խմբագրական փոփոխություններ լինել, հուսամ այսօր ես կամփոփեմ․․․ Մենք աշխատող ենք: Եվ այստեղ ոչ էլ ինքնանպատակ կա, ոչ էլ ինտրիգ կա: Ոչ էլ այստեղ ավտորիտարիզմի խնդիր կա, ոչ էլ բազմակարծության ձևական հաստատման խնդիր կա: Շոուի խնդիր չկա բացարձակապես»:

XS
SM
MD
LG