Մատչելիության հղումներ

Աշոտյան․ «Ապացուցվեց, որ հրավիրյալ կառավարիչներ չենք բերել կառավարություն»


«Երկու քայլով՝ Կարեն Կարապետյանի հանրապետական դառնալով և այսօր վարչապետի՝ գործադիր մարմնի անդամ ընտրվելով, ապացուցվեց մեր՝ ամիսներ առաջ արված հայտարարությունը առ այն, որ մենք հրավիրյալ կառավարիչներ չենք բերել կառավարություն», - հայտարարեց Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանը «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ:

«Նա ժամանակավոր անձ չէ, ակնհայտ է, որ Կարեն Կարապետյանի մուտքով Հանրապետականը ուժեղացավ, ուժեղացավ նաև վարչապետը՝ որպես քաղաքական կերպար, և այս սիմբիոզը, այս փոխգործակցությունը, այս համալրումը, իհարկե, գերագույն նպատակ ունի՝ նպաստել երկրում արդյունավետ կառավարման, անվտանգության մակարդակի բարձրացման և արդարության մթնոլորտի կայացման», -ասաց Աշոտյանը՝ շարունակելով․ - «Մենք երեք Ա-երի սկզբունք ունենք այս պարագայում՝ արդարություն, արդյունավետություն, անվտանգություն․ սա է այն գաղափարական հիմքը, որ կառավարության ծրագրի, մեր հրապարակային ելույթների մեջ գնում է, և նախագահի այսօրվա [Հանրապետականի համագումարի ժամանակ] ծրագրային ելույթներում նույնպես հատուկ շեշտադրված է»:

«Նախագահը չբացառեց, որ ինքը կարող է ի վերջո դառնալ երկրի վարչապետ՝ «Ալ-Ջազիրա»-ի հետ հարցազրույցում: Հիմա Դուք նույնպես չեք բացառում, որքան հասկանում եմ», - այս դիտարկմանը Հանրապետականի փոխնախագահը արձագանքեց․ - «Գիտեք, որպեսզի մենք խոսենք նման հեռահար կանխատեսումների մասին, իհարկե՝ չբացառելով քաղաքական տրամաբանության և իրադարձությունների զարգացումը, պետք է հաշվի առնենք մի կարևորագույն փաստ՝ մենք ունենք գալիք 2017 թվականին խորհրդարանական ընտրություններ»:

Կարծիք հայտնելով, որ «Հայաստանի քաղաքական-լրատվական կյանքը երբեմն չափից ավելի է տարվում անհատական անուններով», Աշոտյանը նշեց․ - «Ես այս օրինակը հաճախ բերում եմ, ներեցեք, բայց հիմա էլ պետք է ասեմ, իհարկե կարևոր է՝ Մեսսին կխաղա «Բարսելոնա»-ի մոտակա խաղում, թե՝ չէ, բայց կարևոր է, որ «Բարսելոնա»-ն Չեմպիոնների լիգայի եզրափակչում լինի: Անհատական կազմերը շատ կարևոր են, բայց կարևոր է նախ և առաջ սկզբունքը: Հետևաբար՝ ինտրիգը ես հասկանում եմ՝ և՛ ենթատեքստերը, և՛ հետաքրքրությունները, և ակնհայտ է, որ և՛ Հանրապետականն է քաղաքական դաշտի այսօրվա նորաձևության և ռիթմի թելադրողը և նոր գործիքակազմ առաջարկողը, և՛ նախագահի կերպարը քաղաքական առաջնորդի կերպար է, բայց տարվել անհատական վերլուծություններով, կարծում եմ, պետք չէ, որովհետև մենք, ի տարբերություն շատ ու շատ քաղաքական ուժերի, ունենք կուսակցության ներսում ներկուսակցական ժողովրդավարություն, մենք շատ բաց ենք մինչև որոշումների կայացումը և շատ խիստ ենք որոշումները կայացնելուց հետո»:

«Հիմա, Մեսսին ո՞վ է՝ Կարեն Կարապետյա՞նը, թե՞ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ըստ Ձեր այդ համեմատության», - այս հարցին Հանրապետականի փոխնախագահը պատասխանեց․ - «Համեմատության մեջ, կարծում եմ, այս պարագայում գլխավոր մարզչի հետ կարելի է համեմատել նախագահին»:

«Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդաշարի նոյեմբերի 27-ի թողարկումը ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

XS
SM
MD
LG