Մատչելիության հղումներ

logo-print

Ընդդիմադիր պատգամավորները արձագանքում են նախագահի ելույթին


«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյան, արխիվ

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյան, արխիվ

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նորմալ է գնահատում Հայաստանի նախագահ, Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանի ելույթը իշխող կուսակցության համագումարում։

«Տարբեր ոլորտների հետ կապված խնդիրները, այո, հարցադրումները արվել են, տնտեսության հետ կապված տարբեր մեկնաբանություններ եղավ՝ կապված նվազագույն աշխատավարձի աճի, արտահանման աճի, և այլնի հետ։ Հարցեր կա, որ ճշմարտություններ կա, ասում է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մելքումյանը։

Միաժամանակ, նա ընդգծեց, որ Հանրապետականի համագումարում նախագահի ելույթից հետո քննադատություն չհնչեց. - «Ելույթներն էլ եմ նույնիսկ լսել նախագահի ելույթից հետո, ինքն էլ դժգոհեց, որ բացարձակ քննադատություն չեղավ։ Օրինակ, իմ ցանկությունը էն էր, որ էդ ելույթների ժամանակ քննադատություն հնչեր՝, հենց իրենք իրենց կողմից, թե ինչը չի արվել»։

«Չէ՞ որ իշխող քաղաքական մեծամասնությունը իր ծրագրերը չի կատարել ամբողջապես, շատ-շատ բաներ կա, չէ՞, որ չի կատարվել էս վերջին հինգ տարում, կամ վերջին երկու-երեք տարում։ Դրա մասին քննադատություն, ես ելույթների մասով եմ ասում, նախագահը հնչեցրեց, տարբեր դիտարկումներ արեց՝ էսինչ ոլորտում, այնինչ ոլորտում։ Ես առանձնացրեցի տնտեսական բլոկը, անվտանգության, պաշտպանական բլոկը, օրենքների գերակայության մասին խոսվեց, վերջում յոթ մեսիջներ ասեց», - նշեց Մելքումյանը՝ ամփոփելով. - «Նորմալ է, ես նորմալ եմ գնահատում, ասենք, անցյալի և ներկայի և ապագայի միջև կամրջելու, կոնսենսուս ձևավորելու համազգային խնդիրների շուրջը... Այսինքն՝ նորմալ եմ գնահատում, բայց համագումարի ելույթները՝ իր ելույթից հետո, որևէ քննադատութուն չհնչեց»։

«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյան, արխիվ

«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյան, արխիվ

Ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, մինչդեռ, համաձայն չէ քաղաքացիների բարեկեցության աճի մասին Սերժ Սարգսյանի պնդմանը. - «Պետք է չհամաձայնվեմ այդ կարծիքի հետ, որ մեր քաղաքացիների բարեկեցությունը բարելավվել է, որովհետև այդպես չէ, դա իրականությանը բացարձակապես չի համապատասխանում։ Նա նաև նշում է, մեջբերում է կատարում, թե ինչպես են պակասել մեր հայրենակիցների եկամուտները, երբ նրանք ստանում են այդ գումարները, այդ եկամուտները արտասահմանից՝ միանշանակ նշված է, որ դրանք պակասել են և պակասման միտման մեջ են։ Հետևաբար, եթե տնտեսությունը չի զարգանում, տնտեսությունը ճգնաժամի մեջ է, ապա մեր քաղաքացիների կյանքը չի կարող բարելավվել։ Նա և՛ դա է նշում, և՛ հետագայում նա փորձում է շրջանցել և իբրև թե թվեր էր մեջբերում և ասում, որ իբրև թե բարձրացել են աշխատավարձերը և թոշակները, մինչդեռ մենք հասկանում ենք, որ նույնիսկ այդ չնչին բարձրացումների դեպքում քաղաքացիների կյանքը չի բարելավել»։

«Անբիծ ընտրությունների հետ կապվա՞ծ ինչ կասեք, ու նաև նրա, որ Հանրապետականը փորձելու է քաղաքականության մեջ իր դերակատարությունը ավելացնել», - այս հարցին ընդդիմադիր պատգամավորը արձագանքեց. - «Դեռ մեկ տարին չի լրացել Հանրապետական կուսակցության կողմից նախաձեռնած այսպես կոչված սահմանադրական հանրաքվե անցկացնելու վերաբերյալ այսպես կոչված ընտրությունները։ Հետևաբար, մենք միամիտ չենք և իհարկե չենք հավատում այս խոսքերին, ընդհակառակը, մենք հավատում ենք, որ հակառակը այս խոսքերի պետք է տեղի ունենա, երբ նրանք ունենան այդպիսի հնարավորություններ, եթե հանրությունը դա չդիմադրի՝ այդ իրենց կողմից հարձակումներին, եթե հանրությունը չդիմադրի, չկազմակերպվի, ապա կլինի հակառակը՝ ոչ թե կլինեն անբիծ ընտրությունները, այլ այն «ընտրությունները», որ մենք տեսել ենք այս քանի տարիների ընթացքում»։

«Այստեղ արդեն հստակ նաև այս հրապարակումից հետո կարևորը այն է, թե մենք ընդդիմադիր դաշտում ինչպիսի քաղաքական օրակարգ ենք հրապարակելու և ինչպես ենք պատրաստվում այդ քաղաքական օրակարգը սպասարկել։ Ես կարծում եմ՝ շատ կարևոր է, առաջնային է արդեն իսկ մշակված օրակարգը ընդդիմության կողմից հրապարակել դեկտեմբեր ամսվա ընթացքում, որից հետո արդեն հունվարի 9-ին կամ 10-ին արդեն սկսել գործողությունների ծրագիր», - հայտարարեց Փոստանջյանը։

XS
SM
MD
LG