Մատչելիության հղումներ

logo-print

Կառավարությունը Գյումրիում շահառու է ճանաչում միայն 450 ընտանիքի, մինչդեռ հազարավորները դեռ անօթևան են


Գյումրիի քաղաքապետարանի շենքը, արխիվ

Գյումրիի քաղաքապետարանի շենքը, արխիվ

Կառավարությունն իր 6-ամսյա ծրագրում շատ հակիրճ անդրադարձել էր աղետի գոտուն, մասնավորապես, հայտարարելով, որ նախատեսում է երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին բնակարանով ապահովելու պետական ծրագրի շարունակական իրականացում: Այդ ծրագիրը, սակայն, կավարտվի 2017-ին։

Այս տարի բնակարանների գնման ծրագրով Գյումրիում 101 վկայագիր է տրամադրվել և բոլոր շահառուներն էլ բնակարան են ձեռք բերել: Նման արդյունք ԲԳՎ ծրագիրը երբևէ չէր արձանագրել:

Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության բնակարանային ենթակառուցվածքների գործունեության բաժնի պետ Տիգրան Հարությունյանը անշարժ գույքի շուկայում գնանկմամբ է պայմանավորում 100 տոկոսանոց ցուցանիշի ապահովումը: Բացի այդ, ըստ Հարությունյանի, անօթևանները հասկացան, որ վկայագիրը թերևս վերջին տարբերակն է, որի օգնությամբ մարդիկ կարող են բնակարանատեր դառնալ: Հաջորդ տարի ևս կտրամադրվի վկայագիր․ բյուջեում արդեն իսկ կա նախատեսված համապատասխան գումարը: Վկայագրով, սակայն, նախորդ տարիներին ոչ բոլոր ընտանիքները կարողացան բնակարաններ ձեռք բերել:

Գյումրիում երկրաշարժի պատճառով անօթևան դարձած ընտանիքներին բնակարաններով ապահովման միակ տարբերակն այժմ «Բնակարանների գնման վկայագիր» ծրագիրն է: Կառավարությունը շահառու էր ճանաչել 450 ընտանիքի և նրանց նկատմամբ պարտավորությունները կատարելուց հետո կհայտարարի, որ անօթևանության խնդիրը Գյումրիում լուծված է, թեպետ 1000-ավոր այլ ընտանիքներ կշարունակեն անորոշ կարգավիճակով ու ժամանակով ապրել տնակներում, որովհետև ընդգրկված չեն ծրագրում։ Նշենք, որ հաջորդ տարի ընդամենը 60-70 վկայագիր է տրամադրվելու ու դրանով հերթացուցակում ընդգրկված ընտանիքների նկատմամբ պարտավորությունը համարվելու է կատարված:

Սուսաննա Առաքելյանն իր բազմանդամ ընտանիքով 28 տարի է բնակարանի է սպասում: Վկայագիր ստացել է, սակայն, չի կարողացել գումարին համարժեք բնակարան ձեռք բերել: Տարրական պայմաններից զուրկ տնակում այլևս անհնար է ապրել, ասում է մի շարք հիվանդություններ ձեռք բերած կինը: Պետությունից իր կորցրած բնակարանն է պահանջում: Տիկին Սուսաննայի հարսն էլ՝ Նոնան ասում է՝ 23 տարի առաջ, երբ հարս եկավ, չէր պատկերացնում, որ հիմա էլ ինքն է նույն տնակ հարս բերելու:

Գյումրիից բացի, անօթևաններ կան նաև մարզի գյուղական բնակավայրերում: Նրանց համար պետությունը նախատեսում էր բնակարաններ կառուցել: Սակայն, «Գլենդել Հիլզ» ընկերությունը սնանկացավ ու այդպես էլ խոստացված բնակարանները չկառուցվեցին: Թե երբ ու ինչպես է լուծվելու խնդիրը գյուղական 9 բնակավայրերում, պարզ չէ: Ներկայումս գյուղական 19 բնակավայրում 171 շահառու կա, որոնց վիճակն անորոշ է:

Կառավարությունն իր 6-ամսյա ծրագրում շատ հակիրճ անդրադարձել էր աղետի գոտուն, մասնավորապես, հայտարարելով, որ նախատեսում է երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին բնակարանով ապահովելու պետական ծրագրի շարունակական իրականացում, իսկ ծրագրի ավարտը կազդարարվի 2017-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG