Մատչելիության հղումներ

Հրաչյա Մուրադյան․ Սա անում եմ, որ ոչ մի մոր աչքը ճանապարհին չմնա


Երեկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) վճիռ հրապարակեց ընդդեմ Հայաստանի կառավարության՝ պարտավորեցնելով 50 հազար եվրո վճարել Սուրեն Մուրադյանի ընտանիքին։

Ստրասբուրգի դատարանի վճռին բանակում մահացած զինվոր Սուրեն Մուրադյանի ընտանիքը սպասել է 5 տարի։

Հայրը՝ Հրաչյա Մուրադյանը ինչ-որ տեղ մխիթարանք է համարում որդուն կորցնելուց 14 տարի հետո Հայաստանից դուրս արձանագրած իր հաղթանակը․ - «Ես համարում եմ խայտառակություն: Ինչի՞ պիտի գնա Եվրոդատարան․․․ Ես իմ երկրում իմ հարցերը լուծեի, համապատասխան մարդիկ ստանային իրենց պատիժը: Եթե ժամանակին իրանք բացահայտեին, ժամանակին պատժեին: Նույնիսկ ես իրանց ասում էի՝ ճիշտը ասեք, ես պատրաստ եմ ներելու»:

Երեկ Ստրասբուրգի դատարանը վճիռ հրապարակեց ընդդեմ Հայաստանի կառավարության՝ պարտավորեցնելով 50 հազար եվրո վճարել Սուրեն Մուրադյանի ընտանիքին։ Եվրոպական դատարանը գտել է, որ խախտվել է զինվորի կյանքի իրավունքը, որ Հայաստանի կառավարությունը չի կատարել իր հսկողության ներքո գտնվող անձի կյանքը ապահովելու պարտավորությունը, ինչպես նաև արդյունավետ քննություն չի կատարել նրա մահվան հանգամանքները պարզելու համար։

Զինվորի ծնողների խոսքով, օտար երկրի դատարանը հայտարարեց այն, ինչ իրենք տարիներ շարունակ փորձում էին ապացուցել Հայաստանում։ Հայրն անցած տարիներին առանց փաստաբանի օգնության Հայաստանից մինչև Լեռնային Ղարաբաղ սեփական հետաքննությունն էր անցկացրել և դատարաններին ներկայացրել, որ որդին ոչ թե մահացել է հիվանդության պատճառով, այլ որ հիվանդությանը նախորդել է դաժան ծեծը, որին հետևել է ներքին արյունահոսություն, իսկ բժիշկներն պատշաճ բուժօգնություն չեն ցուցաբերել։

«Ես հոգու մխիթարանք, իհարկե, համարում եմ, բայց իմ նպատակն ա եղել, որ մյուս օջախներում չկրկնվեն նման սպանությունները, և բոլոր հայ աղջիկները կարողանան մայրանան հանգիստ խղճով, այլ ոչ թե իմ կնոջ պես, Սուրենից մոր պես աչքը մնա ճանապարհին․․․ Ոչ մեկի աչքը չմնա ճանապարհին: Ես դրա համար եմ սա անում», - հուզված ասաց Հրաչյա Մուրադյանը:

Նա ցույց տվեց անցած տարիների ընթացքում որդու մահվան գործի համար հավաքած փաստաթղթերը, սեփական հետաքննության արդյունքները, որոնք փաստաբան Մուշեղ Շուշանյանի օգնույամբ ուղարկել էր Եվրոպական դատարան․ - «Ես ստիպված եմ եղել բոլորը փաստաթղթային, ձայնագրություններով անել, որ կարողանամ․․․»:

Պաշտոնական վարկածի համաձայն, 19-ամյա Սուրեն Մուրադյանը մահացել է փայծաղի հիվանդության պատճառով, ինչը սրացել է զորամասի ֆիզկուլտուրայի ղեկավարի հետ ունեցած քաշքշուկի պատճառով։ Նա, ինչպես նաև բուժկետի բժիշկները կարճատև ազատազրկման ենթարկվեցին՝ պաշտոնեական անփութության և լիազորությունները անցնելու համար։

Մինչդեռ ընտանիքը պնդում էր, որ Սուրենին ծեծել են զորամասի ղեկավարներից մեկի թանկարժեք ձեռքի ժամացույցի պատճառով․ մի քանի հոգով, այդ թվում և մեկ փոխգնդապետ, դաժան ծեծի էին ենթարկել նրան։ Սուրենը հայտնվել էր բուժկետում ու անուշադրության հետևանքով մեկ օր անց մահացել:

«Ծեծողները եղել են ֆիզղեկը, գնդի հրամանատարի տեղակալը, հրետանու պետը: Եվ գնդի հրամանատարն է եղել․ նրան դուս են հանել, բոլորովին չկա: Բայց ֆիզղեկին որ ես նեղեցի, մոր ներկայությամբ ահագին բան ասեցի, ֆիզղեկը ինձ ասեց՝ ի՞նչ ես կպել ինձանից, ինչի՞ չես բերում Քոչարյանին: Քոչարյանը գնդի հնարամատարն ա», - փոխանցեց Հրաչյա Մուրադյանը:

Սուրենի մոր՝ Շուշան Մարգարյանի կարծիքով, ՄԻԵԴ-ի այս վճիռը կարող է զսպիչ գործոն դառնալ բանակում զինվորի վրա ձեռք բարձրացնողների համար՝ կանխելու հետագա հանցագործությունները․ - «Սա առաջին դեպքը չէր: Որ հավաքվում էինք ծնողներով, էնտեղ սևազգեստ մայրերի բանակ կար: Հեռուստացույցում հիմա ասվում է, բայց կցկտուր բաներ են ասվում, իսկ առաջ ո՞վ էր մեկնաբանում, ո՞վ էր լուսաբանում, որ էսպիսի դեպքեր ա եղել»:

Փաստաբան Մուշեղ Շուշանյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ առաջիկայում անդրադառնալու է վճռի մանրամասներին, նաև՝ գործի վերաբացման հարցին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG