Մատչելիության հղումներ

Մեղադրյալների հարազատները դիտավորություն են համարում յուրաքանչյուր միջնորդության համար մոտ մեկ ժամով խորհրդակցական սենյակ հեռանալը։

Էրեբունու առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժեց Սարի թաղի գործով անցնող ամբաստանյալ Հրայր Իսախանյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին պաշտպան Գրիշա Բալասանյանի միջնորդությունը։

Սարի թաղում հուլիսի 19-ին ոստիկանության և քաղաքացիների միջև բախումներից հետո իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու համար մեղադրվում է 9 քաղաքացի։ Նրանցիցի 4-ի գործը քննվում է նույն դատավարության շրջանակում։ Դատարանն այսօր քննության առավ միայն մեկ միջնորդություն։ Երկրորդը՝ ամբաստանյալ Անդրանիկ Քյոսեյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը, ներկայացրեց պաշտպան Դավիթ Մնացականյանը։ Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ հարցը կքննի հաջորդ դատական նիստի ընթացքում, քանի որ աշխատանքային ժամն ավարտվում է։

Յուրաքանչյուր միջնորդության համար մոտ մեկ ժամով խորհրդակցական սենյակ հեռանալը մեղադրյալների հարազատները դիտավորություն են համարում։ Հարություն Թորոսյանի եղբայրն ու մայրն ասում են: «Շատ կցանկանայի, որ մեր, այսպես կաչված, արդարադատության նախարարը կալանավորված լիներ կեղծ մեղադրանքով ու ամիսներ շարունակ սպասեր, թե երբ պետք ա դատավորը ազատ արձակի իրեն», «5-րդ ամիսն է՝ նստած են, սա դատական պրոցես չի, սա ֆարս ա»:

Դատավարության ընթացքում ամբաստանյալ Հարություն Թորոսյանը ցանկություն հայտնեց, որպեսզի իր շահերն, Անի Թորոսյանից զատ, ներկայացնի նաև Լիպարիտ Սիմոնյանը։ Սիմոնյանն ամբաստանյալներից որևէ մեկին վտանգավոր չի համարում ու անհիմն է որակում միջնորդությունների շարունակական մերժումը`

«Նրանց նպատակը ոչ թե տվյալ դեպքում եղել է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը, նման մեղադրանքն ապացուցված չէ, այլ ընդամենը եղել է կենցաղային հարց քննարկելը, թե ինչու իրենց ավտոբուսը չի աշխատում, ինչու պետք է անլույս, առանց հոսանք, առանց գազ մնան․․․»: Սարի թաղի գործով դատական հաջորդ նիստը կկայանա դեկտեմբերի 7-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG