Մատչելիության հղումներ

logo-print

Տարիներ շարունակ կանանց իրավունքերը պաշտպանող կազմակերպությունները պնդում են՝ բազմաթիվ խնդիրներ պարզապես չեն լուծվում օրենքի բացակայության հետևանքով

«Անտարբեր մի եղեք բռնության հանդեպ» կարգախոսով այսօր քայլերթ էին կազմակերպել մի խումբ ակտիվիստներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք տարիներ շարունակ փորձում են հասարակության ուշադրությունը հրավիրել ընտանեկան բռնությանն առնչվող խնդիրների վրա:

Այսօրվա բողոքի ակցիան կազմակերպվել էր բուհական հաստատությունների դիմաց, Ճարտարագիտական-մանակավարժական համալսարաններ ուղերթով քայլերթի մասնակիցները պաստառների և թռուցիկների միջոցով փորձում էին երիտասարդներին բացատրել խնդրի լրջությունը: Շատ դեպքերում, նրանց պատասխանում էին անտարբեր հայացքներով, երբեմն՝ նաև հակադարձում:

«Ցավոք, աղջիկներն ավելի անտարբեր են անցնում ու ավելի արհամարանքով, կարծես խուսափեն խնդրից: Կարծում են՝ եթե հեռու մնան, դա իրենց չի սպառնա: Իսկ տղաներն ավելի հետաքրքրությամբ են լսում, գուցե հեգնանքով»,- ասում է երթի մասնակիներից մեկը: Մեկ այլ երիտասարդ էլ՝ հիշեցնելով «Մեր մանկության տանգոն» ֆիլմը, ասաց, որ հայ ընտանիքում միշտ էլ «ապտակելը» եղել է, ու եթե ապտակում են, «դա չպիտի ընտանիքից դուրս գա»:

Հայաստանում միայն այս տարի բռնության հետևանքով 15 կին է մահացել: Այս թիվն է նշում «Ընդդեմ կանանց բռնության» կոալիցիան: Ավելացել են նաև բռնության մասին ահազանգերը: Խնդրով զբաղվող մասնագետենրը, սակայն, վստահ են՝ ոչ թե դեպքերն են շատացել, այլ կանայք են հաղթահարել վախը և բարձրաձայնում են իրենց խնդիրների մասին:

ՄԱԿ-ի բնակչություն հիմնադրամի ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանն «Ազատության» հետ զրույցում համաձայնեց, որ խնդիրը Հայաստանում բավականին լուրջ է: Կառույցի վերլուծությունն էլ վկայում է, որ բռնության հետևանքով աճող սպանությունների թիվը սահմառկեցուցիչ է: «Էն վիճակագրությունը, որ մենք ունենք Հայաստանում վերջին 3 տարիների ընթացքում՝ 30-ից ավելի կին սպանվել է ընտանեկան բռնության պատճառով, սա խոսուն թիվ է, որպեսզի մենք հստակ առանձնացված օրենսդրություն ունենանք»,- ասում է Հայրապետյանը:

Տարիներ շարունակ կանանց իրավունքերը պաշտպանող կազմակերպությունները պնդում են՝ բազմաթիվ խնդիրներ պարզապես չեն լուծվում օրենքի բացակայության հետևանքով: Ե՛վ քաղաքացիական հասարակությունը, և Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունն օրինագծեր են մշակել, սակայն, դրանք այդպես էլ օրենքի չեն վերածվել: Այսօր Արդարադատութան նախարարության ներկայացուցիչ Բագրատ Ղազինյանը մի քննարկման ժամանակ մասնակիցներին ներկայացրեց «Ընտանեկան բռնության դեմ պայքարի և կանխարգելման» մասին նոր նախագիծը, որով, ըստ վերջինիս, շատ հարցեր կարող են լուծվել: Նկատենք՝ բողոքների զգալի մասը վերաբերում էր ոստիկանության թերի աշխատանքին:

«Լինում են դեպքեր, երբ արարքը ակնհայտ հանցագործության հատկանիշներ չի պարունակում, հետևաբար, ոստիկանությունն արդեն համապատասխան իրավասությամբ օժտված չե, որպեսզի կիրառի համապատասխան միջոցներ: Մենք նախագծով կարգավորում ենք այդ խնդիրը»,- ասաց Ղազինյանը:

Այդուհանդերձ, նշված նախագիծն այն փաստաթուղթը չէ, որին սպասում է քաղհասրակությունը: Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի հիմնադիր Զարուհի Հովհաննիսյանը: «Բռնության բոլոր ձևերը չէ, որ ներառված են, մենք չենք ունենում կոնցեպտուալ, խորը մոտեցում ընտանեկան բռնություն հասկացությանը և, միևնույն ժամանակ, հանրային գիտակցության մեջ չենք դնում այն խնդիրը, որ ընտանեկան բռնությունը դա պատժելի է, հանցագործություն է»,- ասում է Զարուհի Հովհաննիսյանը:

Օրեսնդրությունը խնդիր չի կարող լուծել, սակայն, դա այն անհրաժեշտ հիմքն է, որի հիման վրա մնացած գործողություները պետք է կառուցվեն, կարծում է ՄԱԿ-ի փորձագետը: Ըստ Գարիկ Հայրապետյանի, այսօր, գոնե բանավոր խոսքում, տղամարդիկ ավելի զգույշ են, քան ասենք՝ 4 տարի առաջ: Հայրապետյանը մի դեպք հիշեց՝ տարիներ առաջ մարզպետներից մեկն էր անգամ առանց կաշկանդվելու բռնության մասին խոսում: «Վերջում ասեց՝ չհասկացա, դուք ասում եք, որ եթե ես ժամը 6-ին եկա տուն ու կինս ինձ ճաշ չտվեց, ես իրավունք չունեմ՞ նրան ապտակելու: Էդ մոտեցումը կարծում եմ փոխվում է»,- ասաց Գարիկ Հայրապետյանը:

XS
SM
MD
LG