Մատչելիության հղումներ

Էրդողանը Եվրոպային սպառնում է փախստականների ահռելի հոսքով


Ռեջեփ Թայիփ Էրդողան, արխիվ
Ռեջեփ Թայիփ Էրդողան, արխիվ

Եվրոպական խորհրդարանը երեկ քվեների մեծամասնությամբ հաստատել էր Թուրքիայի հետ Եվրամիության անդամակցության շուրջ բանակցությունների ժամանակավոր դադարեցման մասին բանաձևը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է փախստականների համար բացել դեպի Եվրոպա տանող սահմանը, եթե Եվրամիությունը շարունակի Թուրքիայի վրա ճնշում գործադրել: «Երբ Քափըքուլեի անցակետում 50 հազար փախստական էր կուտակվել, աղմուկ էիք բարձրացրել և հարց էիք տալիս, թե ի՞նչ եք անելու, եթե Թուրքիան բացի սահմանը: Ինձ նայեք, եթե ավելի հեռուն գնաք, իմացեք, որ սահմանները կբացենք: Ոչ ես, ոչ էլ իմ ժողովուրդը չենք վախենում դատարկ սպառնալիքներից»,- այսօր հայտարարել է Էրդողանը` արձագանքելով նախօրեին Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձևին:

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները քվեների մեծամասնությամբ երեկ հաստատեցին Թուրքիայի հետ Եվրամիության անդամակցության շուրջ բանակցությունների ժամանակավոր դադարեցման մասին բանաձևը: Այդ բանաձևով եվրոպացի խորհրդարանականները դիմում են Եվրամիության ղեկավար մարմնին` Եվրոպական հանձնաժողովին, ինչպես նաև Եվրամիության անդամ բոլոր պետություններին` կոչ անելով ժամանակավորապես սառեցնել Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցային գործընթացը:

Պաշտոնական Անկարայի կոշտ արձագանքը երկար սպասեցնել չտվեց: Թուրք բարձրաստիճան պաշտոնյաները միաբերան հայտարարեցին, որ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը Թուրքիայի համար ոչ մի նշանակություն չունի: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը այսօր հերթական անգամ Եվրոպային մեղադրել է անկեղծ չլինելու և տված խոստումները չկատարելու մեջ` ընդգծելով, որ իր երկիրը ապաստան է տվել շուրջ 3,5 միլիոն փախստականի: Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն էլ հայտարարել է, թե «Եվրոպան ուրիշներին դաս տալու մակարդակի վրա չի գտնվում»՝ կոչ անելով վերանայել իր քաղաքականությունը:

ԵՄ հարցերով Թուրքիայի նախարար Օմեր Չելիքն է ասել է, թե չի ցանկանում, որ Թուրքիան կապերը խզի Եվրամիության հետ, սակայն, նաև հավելել՝ «աշխարհի վերջը չի լինի, եթե Թուրքիան ԵՄ անդամ չդառնա»: Թուրքիայի և Եվրամիության հարաբերություններում ճգնաժամն առավել խորացավ հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձին հաջորդած իրադարձությունների ֆոնին: Տասնյակ հազարավոր մարդկանց ազատազրկումը, ընդդիմադիր լրատվամիջոցների փակումն ու պատգամավորների, լրագրողների ձերբակալությունները հարցականի տակ դրեցին Թուրքիա-ԵՄ հարաբերությունների ապագան:

Պաշտոնական Բրյուսելը Թուրքիային շարունակ կոչ է անում հարգել մարդու իրավունքներն ու ազատությունները, հավատարիմ մնալ ժողովրդավարական արժեքներին: Անկարան էլ, իր հերթին, ԵՄ-ին մեղադրում է Թուրքիային սպառնացող ահաբեկիչներին ապաստան տալու և աջակցելու, փախստականների հարցով տված խոստումները չկատարելու մեջ: Եվ մինչ Եվրոպական միության բարձր ղեկավարությունը քննարկում է Թուրքիայի հետ բանակցությունները շարունակել-չշարունակելու հարցը, թուրքական իշխանությունները սպառնում են ինքնակամ հրաժարվել բանակցային գործընթացից:

Հիշեցնենք՝ նոյեմբերի սկզբին Թուրքիայի նախագահը հայտարարել էր, թե Եվրամիության որոշմանը կսպասեն մինչև տարեվերջ, այնուհետև հանրաքվեի կդնեն ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցը: Եվրամիության անդամ պետությունների ղեկավարները Թուրքիայի հետ բանակցությունների սառեցման հարցը կքննարկեն երեք շաբաթից` դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովի ընթացքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG