Մատչելիության հղումներ

«Մխիթարյանն արդեն պետք է վճռորոշ դեր ունենա Մոուրինյոյի ծրագրերում»


Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթր Յունայթեդ»-ի մարզաշապիկով, արխիվ

Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթր Յունայթեդ»-ի մարզաշապիկով, արխիվ

«Ավելի քան երկու ամիս պահեստայինների նստարանին անցկացնելուց հետո՝ երեկ, Մխիթարյանը փայլեց «Ֆեյենորդ»-ի հետ խաղում, ցույց տալով՝ ինչ էր պակասում «Մանչեսթր Յունայթեդ»-ին այսքան ժամանակ», - այսօր գրել են բրիտանական պարբերականները: Թեև 4:0 հաշվով ավարտված խաղում Մխիթարյանն ինքը գոլի հեղինակ չդարձավ, երկրպագուները հենց նրան տվեցին հանդիպման լավագույն խաղացողի տիտղոսը՝ «Մանչեսթր Յունայթեդ»-ի թվիթերյան էջում անցկացված քվեարկությամբ:

«Առավել քան երջանիկ եմ հաղթանակի համար», - Թվիթերում գրել է Հենրիխ Մխիթարյանը, խաղից հետո տված հարցազրույցում էլ խոստովանել՝ ջանք չի խնայել հաղթանակի համար և հույս ունի, որ երեկվա խաղը նոր սկիզբ կդառնա իր համար:

«Շատ դժվար էր հետևել թիմի խաղին կողքից, բայց պետք է համբերատար լինել, քրտնաջան աշխատել ու փորձել օգտագործել յուրաքանչյուր հնարավորություն», - ասել է հայ ֆուտբոլիստը:

Ամռանը Դորտմունդի «Բորուսիա»-ից անգլիական հեղինակավոր ակումբ տեղափոխվելուց հետո Մխիթարյանը երեկ ընդամենը երկրորդ անգամ էր հանդես գալիս «Յունայթեդ»-ի մեկնարկային կազմում:

Թիմի մարզիչ Ժոզե Մոուրինյոն շարունակ պնդում էր, թե 27-ամյա Մխիթարյանը դեռ պետք է աշխատի իր վրա՝ անգլիական ֆուտբոլին ու Պրեմիեր լիգայի չափանիշներին ընտելանալու համար: Մոուրինյոյի երեկվա հարցազրույցներից դատելով, սակայն, կարելի է պնդել, որ առաջիկայում Մխիթարյանին առավել հաճախ կտեսնենք խաղադաշտում՝ գրում են մարզական մեկնաբանները:

«Նա արժանի էր այն լավ վերաբերմունքին, որ ստացավ երկրպագուների կողմից, շատ լավ խաղաց: Մխիթարյանը շարունակ կատարելագործվում է: Սակայն, եկավ մի պահ, երբ զգացվեց՝ իսկապես հոգնել է, և ես որոշեցի, որ ճիշտ կլինի հանգիստ տալ նրան և վերադարձնել առավել լավ մարզավիճակում: Սա կարևոր էր հենց իր ինքնավստահության համար, և հիմա Մխիթարյանը պետք է փորձի այսպես խաղալ նաև Պրեմիեր լիգայում», - հայտարարել է մարզիչը՝ պնդելով․ - «Ի տարբերություն եվրոպականի, անգլիական առաջնությունը առավել կոշտ է և ագրեսիվ, ու այս հատկանիշները դեռ մի փոքր պակասում են Մխիթարյանին»: Միաժամանակ, Մոուրինյոն ընդգծել է․ - «Նա, սակայն, հրաշալի տեխնիկա ունի, փայլուն ֆուտբոլիստ է, լավ է պատկերացնում խաղը, և մենք գիտեինք՝ ինչու ենք գնում նրան Դորտմունդի «Բորուսիա»-ից:

Skysports-ը մի ամբողջ հոդված է նվիրել Մխիթարյանին, փաստելով՝ նա այս խաղաշրջանի առեղծվածն էր, մեկը, ում համար վճարել էին 26 միլիոն փաունդ՝ թողնելով պահեստայինների նստարանին: «Սակայն երեկ, երբ խաղից առաջ ընթերցում էին մարզադաշտ դուրս եկող ֆուտբոլիստների անունները, Մխիթարյանն ամենաջերմ ընդունելությանն արժանացավ և ի վերջո կարմիրներին ցույց տվեց՝ ինչ էր պակասում նրանց այսքան ժամանակ», - պնդում է Skysports-ը, հավելելով՝ երկար սպասված այս հանդիպմանը Մխիթարյանը հիշեցրեց իր որակների մասին՝ ակտիվ փոխանցումներով դառնալով «Յունայթեդ»-ի կատալիզատորը:

Goal.com կայքն էլ հավելում է՝ երկրորդ խաղակեսում Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթր Յունայթեդ»-ի հարձակումների շարժիչ ուժն էր և արեց ամեն բան՝ երկրպագուների ու Մոուրինյոյի գնահատականին արժանանալու համար: Այսքան սպասելով խաղադաշտ դուրս գալու իր հնարավորությանը՝ Մխիթարյանն օգտագործեց այն ինչպես հարկն է, գրում է մեկնաբանը, ընդգծելով՝ այսքանից հետո արդեն Մխիթարյանը պետք է վճռորոշ դեր ունենա Մոուրինյոյի ծրագրերում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG