Մատչելիության հղումներ

Նալբանդյան․ Հայաստանը հավատարիմ է մնում ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը


ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան, արխիվ

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան, արխիվ

Ֆրանկոֆոն տարածաշրջանում խաղաղության և կայունության համար պայքարը պետք է շարունակի մնալ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության առանցքային առաջնահերթություններից: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ հինգշաբթի օրը Մադագասկարի մայրաքաղաք Անտանանարիվուում ելույթ ունենալով Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովին:

«Սա նաև այն է, ինչին Հայաստանը ձգտում է Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության կարգավորման գործընթացում», - ընդգծել է Նալբանդյանը:

«2016 թվականի ապրիլի սկզբին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ռազմական հարձակումը հանգեցրեց բազմաթիվ զոհերի և խաթարեց Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Միսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացը», - նշել է Հայաստանի արտգործնախարարը՝ շարունակելով․ - «Մենք շնորհակալ ենք Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարին՝ բոլոր կողմերին ուղղված՝ 1994թ. կնքված զինադադարը հարգելու, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և հարատև լուծման վերաբերյալ կոչերի համար՝ ի հավելումն Կինշասայի և Դաքարի գագաթաժողովներին Ֆրանկոֆոնիայի պետությունների և կառավարությունների ղեկավարների կողմից այս հիմնախնդրի վերաբերյալ ընդունված հայտարարարություններին»:

Նալբանդյանը վստահեցրել է, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ այս հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ «հիմնված Մինսկի խմբի համանախագահների կողմից որպես անբաժանելի միասնություն առաջարկված սկզբունքների վրա, հատկապես նրանց, որոնք առնչվում են ուժի և ուժի սպառնալիքի չկիրառմանը, տարածքային ամբողջականությանը, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքին ՝ որպես այս հակամարտության հավասարակշռված և հարատև հանգուցալուծման հիմք»:

Համաժողովի շրջանակում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև մի շարք հանդիպումներ է ունեցել տարբեր երկրների իր գործընկերների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG